Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում հրապարակվեց դատարանի որոշումը՝ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին: Քննիչը երեկ կայացած դատական նիստում միջնորդել էր կալանքը երկարացնել եւս երկու ամսով: Սակայն դատարանը որոշեց Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնել մեկ ամսով: Դատարանի որոշմամբ վերացվեց նաեւ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը:
Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում դատարանի նման որոշումը որոշակի իմաստով դրական գնահատեց, սակայն տեղեկացրեց նաեւ, որ ամենայն հավանականությամբ դատարանի որոշումը կբողոքարկեն՝ դրան ամբողջական ծանոթանալուց հետո:
Փաստաբանի պնդմամբ՝ երեկ միջնորդության քննության ընթացքում ակնհայտ դարձավ, որ քննիչի բերած հիմնավորումները բացարձակ հիմնազուրկ էին, եւ ինքն ակնկալում էր, որ դատարանն ամբողջությամբ պետք է մերժի միջնորդությունը:
Հիշեցնենք, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը ՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, բայց Գերասիմ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ որեւէ փաստական ապացույց չկա այդ մասին։
Կարդացեք նաև
Գերասիմ Վարդանյանը մեկ այլ վարույթով էլ է անցնում՝ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նա այս գործով շուրջ 7 ամիս գտնվել է կալանքի տակ, այնուհետեւ գրավով ազատ էր արձակվել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ