Լրահոս
Օրվա լրահոսը

Զելենսկի. Ուկրաինական զինուժն այլևս վերահսկում է ռուսաստանյան 74 բնակավայր

Օգոստոս 14,2024 12:44

«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամեր առաջ X սոցհարթակում արված գրառմամբ տեղեկացրել է՝ ուկրաինական զինուժն այլևս վերահսկում է ռուսաստանյան 74 բնակավայր:

Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահը, հիմնավորելով իր երկրի բանակի գրոհը Ռուսաստանի դեմ, նշել էր․ «Արդարացի է ոչնչացնել ռուսաստանցի ահաբեկիչներին այնտեղ, որտեղ նրանք գտնվում են, որտեղից նրանք հարվածներ են հասցնում: Մենք տեսնում ենք, թե որքան օգտակար կարող է լինել դա՝ խաղաղության հասնելու համար: Ռուսաստանին պետք է պարտադրել խաղաղություն»:

Հայտնի է, որ Ռուսաստանի Կուրսկի մարզի դեմ ուկրաինական ռազմուժի ձեռնարկած հարձակման հետևանքով մոտ 100 հազար ռուսաստանցիներ հարկադրաբար թողել են իրենց տները։

Իրավիճակին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Թվում է, որ հակառակորդը նպատակ ունի բարելավել իր բանակցային դիրքերը։ Լավ, ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին և փորձում են սպառնալիքներ ստեղծել ատոմային էներգետիկայի օբյեկտների համար։ Ինչի՞ մասին կարող ես խոսել նրանց հետ»:

Այս ամենի ֆոնին՝ Սպիտակ տունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել են Կրեմլին՝ զերծ մնալ ուկրաինական ռազմաճակատներում իրանական բալիստիկ հրթիռների կիրառումից:

Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, մասնավորապես, ասել է. «Պատրաստ ենք արագ և կոշտ պատասխան տալ, եթե Իրանը առաջ շարժվի [Կրեմլին] բալիստիկ հրթիռների մատակարարման հարցում, ինչը, մեր կարծիքով, նշանակում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմին Իրանի աջակցության ընդլայնում: [Հիշեցնեմ նաև, որ] իրանցի պաշտոնյաները [տակավին] շարունակում են հերքել Ռուսաստանին անօդաչուների տրամադրումը»:

Դիտորդների խոսքով՝ Կուրսկի մարզը գրոհելու Ուկրաինայի քայլը լիովին անակնկալ էր, որի գլխավոր նպատակն է թուլացնել Մոսկվայի դիրքերը առաջիկայում սպասվող բանակցություններում:

Արտաքին քաղաքականության գծով փորձագետ Չարլզ Կուպչանը նշում է․ «Ուկրաինացիները ցանկանում էին պատերազմը տեղափոխել ռուսների տարածք, ռուս ժողովրդին ասել՝ ո՛չ, դուք ապահովագրված չեք այս պատերազմից։ Դուք այն զգալու եք ամեն օր»։

Դիտորդների մի մասն էլ չի բացառում, որ Պուտինը կարող է օգտագործել ուկրաինական ներխուժումը որպես պատրվակ՝ Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակվելու համար:

«Նա այժմ ապացույցներ ունի, որ Արևմուտքի կողմից զինված ուկրաինացիները հարձակվել են հենց Ռուսաստանի վրա, և կարող է բացատրել ռուսներին, որ մեղավոր չէ։ Կարծում եմ՝ բավականին վտանգավոր օրեր են սպասվում»,- ասում է վերլուծաբան Լեոն Արոնը:

Իսկ մինչ այդ՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում են խաղաղ բնակիչների տարհանումները։

Անիտա Փաուել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031