Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առայժմ ամեն ինչ մարսում են

Օգոստոս 14,2024 10:00

Իշխանության ներկայացուցիչների եւ քարոզիչների ելույթներից ու գրառումներից կարելի  է հստակորեն եզրակացնել, թե ո՛ր իրադարձություններն են նրանք վտանգավոր համարում, իսկ որոնք նրանց առանձնապես չեն հուզում:

Երբ անցած տարվա սեպտեմբերին Արցախի վերջնական հայաթափման պատճառով մարդիկ փողոցում իրենց տագնապն ու ցասումն էին արտահայտում, մի քանի տասնյակ քարոզիչներ «արձանագրում էին», որ փողոց է դուրս եկել «ռուսական ագենտուրան», եւ Կրեմլը նպատակ ունի այստեղ հեղաշրջում իրականացնել:

Հիմա դրա մասին էլի ժամանակ առ ժամանակ խոսում են տեղեկատվական ճակատի առանձին մարտիկներ, բայց այն իրողությունը, երբ ամեն օր 100 տեղ նույն տեքստն էր հայտնվում (ինչպես առաջ էին ասում՝ «под копирку»), նման բան հիմա չկա: Հետեւաբար, Ռուսաստանից սպասվող առասպելական «հեղաշրջման» վտանգը, պետք է ենթադրել, այս պահին չկա: Ինչը նշանակում է, որ Փաշինյանն ամբողջությամբ մարսել է Արցախի կորուստը:

Երբ այս տարվա մայիսի կեսերին Բագրատ սրբազանը բազմահազարանոց հանրահավաքներ էր անում, Փաշինյանը սպառնում էր նրան գցել բեռնախցիկը եւ բերման ենթարկել: Իսկ քարոզչական բրիգադները սկսեցին պատմել հանրությանը, թե ինչ բացասական դեր է խաղացել Հայ առաքելական եկեղեցին հայոց ողջ պատմության ընթացքում: Այսօր «կղերաֆեոդալական հետամնացությունը» դատապարտող հայտարարությունները շատ ավելի նոսր են դարձել: Հետեւաբար, մեր երկրում «թեոկրատիա» հաստատելու երեւակայական սպառնալիքը վերացել է: Իսկ իրականում խնդիրն այն է, որ իշխանությունը մարսել է նաեւ Տավուշի սահմանամերձ շրջանների ինքնանպատակ հանձնումը:

Հիմա «հերթի մեջ են» Տիգրանաշենը եւ մի շարք այլ բնակավայրեր ու տարածքներ: Դրա դեմ էլի կլինեն բողոքներ. կարծում եմ, դրանք չեն լինի զանգվածային, որովհետեւ երկիրի անվտանգային խնդիրները եւ ընդհանրապես՝ ազգային հարցերը գնալով ավելի քիչ մարդկանց են հետաքրքրում: Բացառված չէ, որ քարոզիչները կպնդեն, որ բողոքում են իրանական լրտեսները կամ մարդիկ, որոնք ղեկավարվում են կոլումբիական նարկոկարտելի կողմից: Հետո, երբ Փաշինյանի թիմն այդ կորուստն էլ մարսի, թեման ինքնին դուրս կգա արանքից:

Ինչո՞ւ են անհեթեթ ստերը պարբերաբար ասպարեզ նետվում: Շատ պարզ: Որովհետեւ քաղաքացիների մեծամասնությունը դրանք անհեթեթ չի համարում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031