Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը մեր երկրի անվտանգային համակարգի կարեւոր բաղադրատարրերից մեկն է. Վլադիմիր Վարդանյան

Օգոստոս 13,2024 22:00

Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: Ցեղասպանության եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների առումով մենք այն երկրների շարքին ենք դասվել, որոնք մշտապես պայքարել են, պայքարում են եւ շարունակելու են պայքարել այս կարգի հանցագործությունները կանխարգելելու եւ դրանք դատապարտելու ուղղությամբ: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ օգոստոսի 13-ին հանդիպելով Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորներին, որը Հայաստան է ժամանել մասնակցելու օգոստոսի 14-15-ը Ծաղկաձորում կայանալիք «Միջազգային քրեական դատարանի նյութական եւ դատավարական իրավունքների ներկայացում ՀՀ-ի պետական մարմինների հիմնական դերակատարների համար» խորագրով աշխատաժողովին:

Հանդիպմանը մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը, Արփինե Դավոյանը եւ Անուշ Քլոյանը, Ֆրիդրիխ-Ալեքսանդեր Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը: Հանձնաժողովի նախագահի խոսքով հենց «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթն առաջին անգամ միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվել է 1915 թվականի մայիսի 24-ին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը բնորոշելու համար:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությունը: «Դա հեշտ ճանապարհ չէր, բայց մենք մշտապես գիտակցել ենք, որ միջազգային արդարադատություն հնարավոր չէ իրականացնել առանց միջազգային քրեական արդարադատության համապատասխան կառույցների կայացման»,- մասնավորապես ասել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ կառույցին անդամակցությունը մեր երկրի  անվտանգային համակարգի կարեւոր բաղադրատարրերից մեկն է:

«Մենք դեռ ճանապարհին ենք՝ ներդաշնակեցնելու մեր ներպետական օրենսդրությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների հետ»,- նշել է պատգամավորը: Նա  համոզմունք է հայտնել, որ գալիք նստաշրջանի ընթացքում հնարավոր կլինի ընդունել բոլոր անհրաժեշտ օրենսդրական ակտերը՝ ՀՀ պարտավորությունները Միջազգային քրեական դատարանի առջեւ հավուր պատշաճի կատարելու համար: Հանձնաժողովի նախագահի խոսքով դեռեւս 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները համապատասխանեցված են Միջազգային քրեական դատարանի բովանդակային հոդվածների չափորոշիչներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031