ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում 2024 թ. ընթացքում նախատեսվում է 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակը առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է, իսկ խնայված գումարով համակարգը կբարելավվի:
«Ստորաբաժանումները պետք է պարտադիր համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Ձերբակալվածներին պահելու այն վայրերը, որտեղ առավել քիչ անձինք են պահվել, մյուս կողմից՝ այն ստորաբաժանումները, որոնք չունեն բարվոք կահավորանք կամ պայմաններ, որոշում է կայացվել դրանք կրճատել»,-ներկայացնում է ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը:
2022-2023 թթ. տվյալների ուսումնասիրության արդյունքում օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա են եղել անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը, կենսապայմանները, մոտակա վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից ութի գործունեությունն արդեն դադարեցվել է, իսկ առաջիկայում կդադարեցվի ևս մեկի գործունեությունը։
«Ուսումնասիրության արդյունքներով պարզել ենք, որ ոստիկանությունում գործող ոչ բոլոր ձերբակալվածների պահման վայրերն են աշխատում ամբողջ ծավալով, օրինակ՝ ձերբակալվածների պահման վայրեր ունենք, որտեղ տարեկան մեկ կամ երկու ձերբակալված է պահվում»,-նշում է Արմեն Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվելու են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու լրացուցիչ օպտիմալացման կարիքներն ու ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն