Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ին չի հաջողվի Ադրբեջանին ստիպել, որ գնա այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»․ Արմեն Վարդանյան

Օգոստոս 13,2024 18:55

«Երբ իրենք փաստացիորեն այդ կետից հրաժարվում են, սա ցույց է տալիս, որ ռիսկերը ավելի են նվազում բռնի ուժով միջանցք կորզելու հարցում»,- Aravot.am-ի հարցին՝ վտանգներ չեք տեսնո՞ւմ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից փոխադարձ համաձայնությամբ հանվել է և թողնվել ավելի ուշ քննարկման, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին,  որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և հարցի քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։

Արմեն Վարդանյանն ասաց՝ այս հարցում շատ վտանգներ չի տեսնում, քանի որ, եթե անկեղծ, միշտ էլ կարծել է, որ ոչ խաղաղության պայմանագիրն է ստորագրվելու, ոչ էլ միջանցքն է կյանքի կոչվելու։ Արմեն Վարդանյանը միևնույն ժամանակ նշեց․ «Այս դեպքում մեզ համար առավելություն եմ տեսնում այն առումով, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ՝ ճանապարհների ապաշրջափակման մասին կետը, հաճախ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիայի հիմք սարքել՝ նշելով, որ դուք եք այպիսի պարտավորություններ ստանձնել, եթե չկատարեք, ուժով ենք մտնելու ու բացելու Զանգեզուրի միջանցքը։ Նման հայտարարություններ Ալիևի շուրթերից եղել են»։

Արմեն Վարդանյանը նշեց՝ ընդհանուր առմամբ կողմ է, որ ՀՀ-ի տարածքով անցնեն ճանապարհներ, կապուղիներ, բայց դա պետք է լինի միայն մեր շահերի հիման վրա, մեր շահերից բխող որոշում, այլ ոչ թե ուժի կամ ուժի գործադրման արդյունքում արված զիջում։

Հարցին՝ այդ դեպքում Ադրբեջանն ինչո՞ւ է գնացել այսպիսի զիջման՝ հօգուտ ՀՀ-ի, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ երբ ԱՄՆ-ից անընդհատ ասվում էր՝  կողմերը պետք է գնան ցավոտ զիջումների և խաղաղության պայմանագիր ստորագրեն, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի վրա ճնշումներ են եղել ԱՄՆ-ի կողմից, որպեսզի այդպիսի մեծ, բարդ պայմաններ չդնեն ՀՀ-ի առաջ, և այդ քայլը ԱՄՆ-ի կարծիքով՝ ավելի կդյուրացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ 9-րդ կետը լրացուցիչ խնդիրներ էր ստեղծում։ ՀՀ-ն հայտարարել էր, որ իր տարածքով անցնող ճանապարհների վերահսկողությունը իրենը պիտի լինի, իսկ Ադրբեջանն ասում էր, որ ՌԴ-ն պետք է վերահսկի այդ ճանապարհը։ Եվ դա լրացուցիչ խնդիրներ էր ստեղծում նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ ԱՄՆ-ի կողմից ճնշման արդյունքում Ադրբեջանն այդ պայմանը հանել է, բայց վերջնարդյունքում, այնուամենայնիվ, չի ստորագրվի խաղաղության պայմանագիր, քանի որ դեռևս նախանշան չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պայմանից»։

Մեր մյուս հարցին՝ ԱՄՆ-ն ինչո՞ւ է ճնշում գործադրում Ադրբեջանի վրա նման զիջումներ նրանից ստանալու համար, քաղաքագետը ատասխանեց․ «Քանի որ ինչքան շատ պայմաններ են դրվում ՀՀ-ի առաջ, որոնք բարդ են, այնքան հավանականությունը փոքրանում է, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի»։

Հետաքրքրվեցինք՝ սա նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստո՞ւմ կարելի է դիտարկել, որ ցանկանում են գալ համաձայնության այդ փաստաթղթի շուրջ, որ դա լինի ոչ թե ՌԴ-ի հովանու ներքո, այլ հենց ԱՄՆ-ի, դրա համար էլ ԱՄՆ-ն շահագրգռված է, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիր, ՌԴ-ն՝ հակառակը՝ շահագրգռված չէ, որ այդ պայմանագիրը ստորագրվի։ Այստեղ է ողջ հակասությունը։ Ես, նաև ադրբեջանցի որոշ ընդդիմադիր գործիչներ են ասում այդ մասին, որ Ալիևը Պուտինին խոստացել է, որ որևէ դեպքում արևմտյան հարթակում արևմուտքի հովանու ներքո չի ստորագրելու խաղաղության պայմանագիր։ Ես կարծում եմ՝ այստեղ էլ ԱՄՆ-ին չի հաջողվի Ադրբեջանին ստիպել, որ գնա այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Կարծում եմ՝ Սահմանադրության փոփոխման մասին թեզը, պահանջը, որ ՀՀ-ի առաջ դրվել է, դիտավորյալ է դրվում, քանի որ այն անիրագործելի է, որ խափանվի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանում  անհամբեր սպասում են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփը կհաղթի, և Բայդենի վարչակարգի կողմից ճնշումները, որ կային խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում, այլևս չեն լինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031