Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ, որ հայկական պատմությունները լսվեն աշխարհում. Կարլո Կոպպոլա

Օգոստոս 13,2024 17:35

Այս օրերին Հայաստանում է գտնվում հայագետ, իտալական Բարի քաղաքի «Արմենի Ապուլիա» ասոցիացիայի քարտուղար, «Հրանդ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար, պրոֆեսոր Կարլո Կոպպոլան:

Aravot.am-ի հետ զրույցում նա նախ ուրախությամբ խոսեց Իտալիայի Պուլիայի շրջանի Բարի քաղաքում Հայաստանի Հանրապետության նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին. «Կարծում եմ, որ հարավային Իտալիայում ներկայացուցչություն ունենալը շատ կարեւոր է: Պատվո հյուպատոսությունների առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունն ապահովելն է, նաեւ ներդրումների ներգրավումը, այսինքն տվյալ դեպքում հայերի եւ Հայաստանի շահերով զբաղվելը:

2018-ից մենք սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ: Պատվո հյուպատոսություն բացելու մեխանիզմը հեշտ չէր: Որոշ դժվարություններ կային ճիշտ ուղին գտնելու  համար: Իտալիայում Հայաստանի ներկա դեսպանը՝ Ծովինար Համբարձումյանը, մեծ աջակցություն ցուցաբերեց: Նրա հետ թե ինստիտուցիոնալ մակարդակի, թե  բարեկամական լավ կապեր ենք հաստատել: Նա միշտ սիրալիր է եղել եւ  արձագանքել է մեր  բոլոր առաջարկներին: Ուրախ ենք, որ իր աջակցությամբ ու միջամտությամբ սկսեցինք եւ ավարտեցինք այս գործընթացը»,-ասաց Կարլո Կոպպոլան:

«Դուք գիտեք, թե որքան մեծ եւ ակտիվ է Պուլիայի հայ համայնքը: Ակտիվ են նաեւ Պուլիայի գործարար շրջանակները: Հունիսի 21-ին կլոր սեղան էինք կազմակերպել, որին մասնակցեց 16 մասնավոր ընկերություն, ներկա էր նաեւ դեսպանը, իր օգնական Նաիրա Ղազարյանը, ինչպես նաեւ Դարիո Ռուպեն Թիմուրյանը, որը դրանից 20 օր հետո դարձավ Պուլիայում Հայաստանի պատվո հյուպատոս: Բարիի պոլիտեխնիկ համալսարանը նույնպես մասնակցում էր այդ  կլոր սեղանին: Ի դեպ, Բարիի պոլիտեխնիկն ու Հայաստանի ճարտարագիտական համալսարանը կնքեցին պայմանագիր: Հուսով եմ, որ մոտ ապագայում կունենանք ուսանողների եւ դասախոսների առաջին փոխանակումները»,-հավելեց հայագետը:

Մեր հարցին՝ Դարիո Ռուպեն Թիմուրյանի նշանակվելն ինչքանո՞վ էր խորհրդանշական՝ հաշվի առնելով իր արմատները, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Շատ կարեւորում եմ, որ հենց Դարիո Ռուպեն Թիմուրյանը դարձավ ՀՀ պատվո հյուպատոս, որովհետեւ ինքը ցեղասպանությունից փրկված, Բարիի՝ Նոր Արաքս բնակավայրի հայ վերաբնակների ժառանգներից է»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ այլ թեմաների: «Այս պահին իմ ընկեր Վահե Գեւորգյանի հետ աշխատում եմ Հայաստան-Իտալիա փոխանակումների ուղղությամբ, այժմ զբաղված ենք վավերագրական ֆիլմի ստեղծմամբ, որը նվիրված է Սոս Սարգսյանին: Որոշ նյութեր նկարահանել ենք անձամբ: Մեզ աջակցել են Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Սոս Սարգսյանի տիկին Նելլի Սարգսյանը, թատրոնի խաղացանկից կան որոշ նյութեր, Սոս Սարգսյանի դասերը, իր մասնակցությամբ ներկայացումներ կան»,-հայտնեց Կարլո Կոպպոլան:

Վահե Գեւորգյանն էլ նշեց, որ կարողացել են հաջողել այդ աշխատանքում, քանի որ համագործակցում է  Համազգային թատրոնի հետ, որոշ իտալական պիեսներ է թարգմանում թատրոնի համար, հատկապես ժամանակակից հեղինակների գործեր. «Վերջերս Համազգային թատրոնում բեմադրվեց իմ թարգմանած պիեսը՝ հանրահայտ դրամատուրգ, գրող, սցենարիստ, դերասան և ռեժիսոր Վինչենցո Սալեմմեի  «Իսկ դրսում ձյուն է գալիս…» գործը»:

Կարլո Կոպպոլան ասաց նաեւ, որ Համազգային թատրոնը պատրաստվում է մասնակցել Նեապոլի թատերական փառատոնին՝  ըստ Օ՛Հենրիի բեմադրված  «Եվ նորից գարուն» ներկայացմամբ: «Մի քանի օր առաջ հիացած էի՝ դիտելով Նարինե Գրիգորյանի բեմադրած ներկայացման նախաառաջնախաղային տարբերակը, որը Սոս Սարգսյանի հեղինակած  «Լակոտ» գործն է: Շատ հուզիչ պատմություն էր, ոչ միայն վշտի, սիրո պատմություն էր,  նաեւ բացի  այդ ամենից՝  հայկական պատմություն էր: Ես ուզում եմ, որ հայկական պատմությունները լսվեն աշխարհում, քանի որ ցանկացած հայկական պատմություն՝ սիրո, վշտի, ամուսնության, երջանկության, ապացուցում է , որ այս ժողովուրդը հավերժ է»:

Կարլո Կոպպոլան խոսեց նաեւ  իր նոր գրքի մասին, որտեղ անդրադարձ կա հայերի վերաբերյալ 1895-96թթ փաստերին, ասաց, որ գրքի վրա աշխատել են Նոր Արաքսի առաջին վերաբնակների ժառանգներից  Սիրանուշ Քուարանտայի հետ: Նշեց, որ նաեւ համագործակցում է Հայոց Ցեղասպանության թանգարանի հետ, փորձում են լրացնել ինչ-ինչ փաստեր: Նրա ձեւակերպմամբ՝ հայերն ու իտալացիները քրիստոնյա ազգեր են, որոնք ունեն ընդհանուր մարտիրոսներ:

Իտալացի հայագետը  անդրադարձավ նաեւ Վատիկանի L’Osservatore Romano պաշտոնաթերթում վերջերս հրատարակված մի հոդվածին, որտեղ հայկական ժառանգության կարևորագույն ճարտարապետական ու մշակութային հուշարձանները ներկայացվել էին  որպես աղվանական ժառանգություն. «Ես հոդված գրեցի՝ լրագրողի այդ արարքն անվանելով «թունավոր կոտլետ»: Հոդվածի հեղինակը ըստ երեույթին անտեղյակ մարդ էր, իր սեղանին գուցե վճարի դիմաց հայտնվել էին ինչ-ինչ հակահայ նյութեր: Հոդվածին պատասխանել էր նաեւ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հոդվածի հեղինակը տիկին էր՝ Ռոսելլա Ֆաբիանին: Տեղեկացանք, որ հանդիպում է տեղի է ունեցել L’Osservatore Romano-ի  տնօրենի եւ Հայաստանում Վատիկանի դեսպանի միջեւ: Առաջին անգամ եմ  նման հոդվածի հանդիպում, այդ փաստից հետո միջազգային շատ լավ ցանց ենք ստեղծվել, որին ես էլ եմ միացել իմ պատմաբան ընկերների հետ՝ թե Իտալիայից, թե Հայաստանից: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է հնարավոր բոլոր հարթակներում իր հորինած ապատեղեկատվությունը տարածել, ինչին պետք է դիմակայել»:

Կարլո Կոպպոլան նշեց, որ Բարի քաղաքում բացված հյուպատոսությունը աշխատելու է միավորել բոլոր հայերին, որոնք Պուլիայում են կամ պատրաստվում են  գալ ու ներդրումներ կատարել այդտեղ, ինչպես նաեւ իտալացիներին, որոնք հետաքրքրված են ոչ միայն Պուլիայով, այլեւ հայկական շուկայով: «Կուզենամ, որ  Հայաստանն ու Իտալիան միմյանց կապող կամուրջ հանդիսանանք ու  դա սկսենք հարավից, քանի որ հենց Հարավային Իտալիայից են հայերը մուտք գործել Եվրոպա… Նաեւ հայկական իշխանություններին առաջարկում եմ Բարի-Երեւան չվերթ բացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Փաստեց, որ միջին վիճակագրական հայաստանցին չգիտի, թե Հռոմից ներքեւ ինչ կա, եւ որտեղ են Պուլիան ու Բարին, քանի որ հիմնականում մեկնում են Միլան, Վենետիկ,  Ֆլորենցիա, Հռոմ եւ Նեապոլ, ապա՝ Սիցիլիա, իսկ Պուլիայի հատվածը բացակայում է: «Մենք պետք է կարողանանք ստեղծել այդ աշխարհագրությունը մարդկանց գլխում, որովհետեւ նախ Պուլիան, Հարավային Իտալիան շատ հետաքրքիր են եւ գրավիչ, հետո պատմականորեն բավականին առնչություններ ունեն Հայաստանի հետ: Ի դեպ, հանդիպում ենք ունեցել Պուլիայի օդանավակայանի ղեկավարության հետ, իրենք եւս կողմ են, որ չվերթը կայանա»,-ասաց իտալացի հայագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Կարլո Կոպպոլան (ձախից) Եւ Վահե Գեւորգյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031