Կալանքը երկարաձգելու համար քննիչի կողմից բերված բոլոր փաստարկներն անհիմն էին․ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությանը։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր քննվեց Գերասիմ վարդանյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ 14․00-ին։
«Կալանքը երկարացնելու որեւէ հիմք ի սկզբանե համոզիչ չէր։ Մեր կողմից, կարծում եմ, շատ հիմնավոր հակադարձումներ եղան, փաստերով արձանագրվեց, որ չի եղել եւ այլեւս ոչ մի հիմք չկա կալանքի երկարաձգման»,- մանրամասնեց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ չնայած ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ իրականացվող բիրտ ճնշումներին, մի փոքր հույս ունի, որ արդարադատությունը կհաղթի։
Գերասիմ Վարդանյանը, ըստ փաստաբանի, մարտական տրամադրության մեջ էր, տրամադրված էր «ազգանվեր պայքարի», հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ է անազատության մեջ մնալ՝ հանուն այդ պայքարի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը ՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, բայց Գերասիմ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ որեւէ փաստական ապացույց չկա այդ մասին։
Գերասիմ Վարդանյանը մեկ այլ վարույթով էլ է անցնում՝ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նա այս գործով շուրջ 7 ամիս գտնվել է կալանքի տակ, այնուհետեւ գրավով ազատ էր արձակվել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ