«Համոզված եմ, որ այս կադրերը չափազանց մեծ արժեք ունեն: Մեկ շաբաթից ավելի սպասում եմ, որ մեր հակակոռուպցիոն կոմիտեն եւ իրավապահ մարմիններն ընդհանրապես, իրենց ուշադրությունը բեւեռեին այնպիսի բարձրաստիճան պաշտոնյայի պահվածքի վրա, ինչպիսին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է», -«Հայելի» ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը՝ խոսելով Վահե Ղազարյանի մասնակցությամբ հարսանեկան սկանդալային դրվագի մասին: Խոսքը դաշույնի վրա նախարարի շարած քսան հազարանոցների մասին է, եւ այդ տեսանյութը մեծ աղմուկ էր առաջացրել համացանցում:
«Ցավոք սրտի, նկատեցի, որ կատարվածին ոչ մի արձագանք չկա, բացի բարոյական, էթիկական, զգայական գնահատականներից: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հետամուտ եմ լինելու, որպեսզի իրավապահ մարմիններն իմ ասածն ընկալեն որպես հաղորդում, առերեւույթ հիմնավոր կասկածներ՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Այո՛, հայկական ավանդույթ է, երբ հարսանիքի քավորը պետք է գումար դնի դռան առջեւ պահված դաշույնի, թրի վրա: Ինքներս բազմաթիվ հարսանիքների ենք մասնակցել, մարդիկ կարող են դնել 100 հազար կամ մի փոքր ավելի գումար, բայց զարմանալի է, երբ Ներքին գործերի նախարարն է այդպիսի տրցակներ տեղադրում 20 հազարանոցների, եւ ամենազարմանալին նրա դեմքի արտահայտությունն է:
Սովորաբար հնագույն ավանդույթներին եւ հայկականությանը ՔՊ-ում շատ բացասական են վերաբերվում: Բոլորը նկատել են նրանց հարձակումները մեր հիմնային սիմվոլների վրա, որ Արարատը Թուրքիայի տարածքում է, հետեւաբար Արարատի մասին չպետք է խոսել, խաչքարներն են նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, հետո եկեղեցին սկսեց նյարդայնացնել իշխող կուսակցությանը եւ այսպես շարունակ… Հայկական ավանդական արժեքները ՔՊ-ի քաղաքականության մեջ ոչ մի կերպ հարգի չեն եղել, բայց այդ ինչո՞ւ հանկարծ մի այդպիսի կորած-մոլորած ավանդույթ հասնում է այսպիսի գրոտեսկային աստիճանի: Իրեն հարգող որեւէ ժողովրդավարական, իրավական երկրում, եթե նման բարձրաստիճան պաշտոնյան այդպիսի փողերի տրցակներ շարեր սրի վրա, նրանով կսկսեին զբաղվել համապատասխան իրավապահ մարմինները»,-ասում է Նարինե Դիլբարյանը:
Նաեւ հավելում է. «Որպես իրավապահ եւ օրինահարգ քաղաքացի՝ ես իմ ուշադրությունը բեւեռում եմ կատարվածի վրա, ուզում եմ, որպեսզի մեր քաղաքացիները եւս հետեւեն օրենքի տառին: Որքա՞ն են Վահե Ղազարյանի եկամուտները, եւ որքա՞ն գումար է նա դրել սրի վրա… Ժողովրդավարության բաստիոնում, ինչպիսին ժամանակին իբր հռչակված էր Հայաստանը (իրականում մենք հայտնվել ենք ժողովրդավարութան հետնամուտքում), այնտեղ գտնվող ցանկացած պետական պաշտոնյա, այդ թվում՝ Վահե Ղազարյանը, երդվել է անմնացորդ նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին, արդյոք նա նաեւ երդվե՞լ է, որ այդպիսի գումարներ դնի: Հետաքրքիր է, որ դա նկարահանել են, եւ Վահե Ղազարյանն իր արածի մեջ ոչ մի վատ բան չի տեսել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ