Էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ Հայաստանում վարելահողերի 49,79 տոկոսը մշակվում է։ Չմշակվող վարելահողերի ծավալը 50,21 տոկոս է։
Մեր հարցին, թե ինչ աշխատանք է տարվում չմշակվող հողատարածքների ծավալը նվազեցնելու ուղղությամբ, փոխնախարարը պատասխանեց. «Այդ ուղղությամբ իրականացվում են պետական աջակցության ծրագրեր՝ չմշակվող հողերը մշակովի դարձնելու համար։ Վերջին տարիներին ավելանում են մշակվող հողատարածքների թվերը, եւ գարնանացանի մեր աջակցության ծրագիրը եւս դա է վկայում, որ մոտ 14 հազար հեկտար ավելի մշակված հողատարածքներ ունենք»։
«Առավոտը» փոխնախարարից նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանք է տարվում Հայաստանում մշակվող գյուղմթերքի արտահանումը խթանելու ուղղությամբ։ Ռուսաստանը պարբերաբար արգելում է հայաստանյան գյուղմթերքի արտահանումը ՌԴ շուկա՝ պատճառաբանելով որակը։ Այս տարվա հուլիսին հայկական 16 ընկերության դարձյալ արգելել էին միրգ-բանջարեղեն արտահանել ռուսական շուկա։ Հարցին, եթե ԵԱՏՄ շուկա արտահանման դեպքում են նման խնդիրներ ծագում, ԵՄ շուկա արտահանելու ի՞նչ հնարավորություններ կան, Տաթեւիկ Սարգսյանը կարճ պատասխանեց. «Արտահանումը խթանելու համար պետությունն իրականացնում է աջակցության ծրագրեր»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ