Գյումրու մուտքի մոտ, ապա Վարդանանց հրապարակում դափնեպսակներով, աղուհացով, կենդանի երաժշտությամբ, պարային բեմադրությամբ դիմավորեցին Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի 5 մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին, Վարազդատ Լալայանին, Գարիկ Կարապետյանին, Դավիթ Չալոյանին, Երվանդ Մկրտչյանին։
Գյումրի ոտք դնելուն պես, պարային համույթի անդամներից մեկը հանեց շապխեն (սա գյումրեցի տղամարդուն հատուկ գլխարկ է) ու ի նշան մեծարանքի, հարգանքի` խոնարհվելով բացականչեց․ «Եկա՜ն, եկա՜ն, չեմպիոններն եկան» ու հնչեց դհոլ-զուռնան։
Այնուհետեւ չեմպիոններին ֆայտոնով տեղափոխեցին Վարդանանց հրապարակ, որը կեսգիշերին չափազանց մարդաշատ էր։ Մեծարանքը շարունակվեց այստեղ՝ պարերով, հրավառությամբ, նրանց պատվին պատրաստված տորթը կտրեցին, շամպայնի բաժակներ բարձրացրեցին, կարմիր գորգով բեմ ուղեկցեցին։
Կարդացեք նաև
Բացառիկ օրերից էր, երբ Գյումրին վերածվեց գիշերային քաղաքի, բոլորն արթուն էին՝ տոնական տրամադրությամբ։
Կարևոր է մեկ շեշտադրում անել․ գյումրեցի հինգ չեմպիոններին երկրպագողների գերակշիռ մասը փոքրահասակ տղաներ են, որոնք այս օրերին Գյումրու Վարդանանց հրապարակում լայն էկրանների վրա հետևելով մարզիկներին, ապրում ու շնչում էին նրանց հաղթանակներով, տխրում, արտասվում պարտությամբ։
Ակնհայտ է, որ նրանք մարզիկների գործը շարունակողն են լինելու, Գյումրին հավերժ չեմպիոնների քաղաք է դառնալու։
Այս առումով անչափ գնահատելի է Գյումրու քաղաքային իշխանության՝ մարդկանց տներից կենտրոնական հրապարակ բերելն ու օրեր շարունակ մրցելույթները միասին դիտելը։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ևս վստահ է, որ փոքրիկ տղաների համար չեմպիոնների կերպաները, հաղթանակները դաստիարակիչ են լինելու, և որ իրենք հենց հրապարակում սկիզբ են դնում նոր չեմպիոնների ի հայտ գալուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ