Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամրջից այս կողմ կյանք կար: Դժոխքին հաջորդեց հույսն ու հավատը, որ ամեն ինչ դեռ կորած չէ»․ արցախցի կին զինվորական. «Ա1+»

Օգոստոս 13,2024 17:52

«Ա1+». Նունե Առաքելյանն արդեն երկու տասնամյակ է, ինչ ծառայում է Հայոց բանակի շարքերում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի պատերազմի ժամանակ Ջրականի զորամասում էր անցկացնում ծառայությունը։ Պատերազմական ծանր օրերին Դ1 հրետանային դիվիզիոն անձնակազմի հետ դիրքերում է եղել։ «Անհնար է մոռանալ այն ամենն, ինչ կապված է պատերազմական անտանելի ծանր ու սահմռկեցուցիչ օրերի հետ։ Ամեն անգամ, երբ հիշում եմ այդ դաժան ու չարաբաստիկ օրը՝ 27.09.2020թ., նորից ապրում եմ պատերազմը։ Ուղղակի՝ ափսոս մեր լավագույն տղաները։ Տեսել, զգացել և ունեցել եմ ամենաանտանելի, մարդկային լեզվով անբացատրելի պահեր, երբ կորցնում էինք մեր լավագույններին։ Վրեժով լցված մեր տղաների աչքերը ո՞նց կարելի է մոռանալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է տիկին Առաքելյանը։ Անձնական իրերից ոչինչ չի հասցրել վերցնել, անձնականի ու առավել ևս նյութականի մասին մտածելու ժամանակ չկար։

«Պայքարեցինք՝ հուսալով և սպասելով, որ մեզ կհասկանան, օգնության ձեռք կմեկնեն, մեր հարցը մի կերպ կլուծվի։ Բայց չէ, նորից չարաբաստիկ սեպտեմբեր, նորից նոր զոհեր, անդառնալի կորուստներ և որ ամենասարսափելին է բոլորիս համար՝ հայրենազրկում»։ Կեսգիշերին են հատել ծննդավայրից, նախնիների հողից, անցյալն ու ներկա բաժանող կամուրջը։

Կամրջից այս կողմ կյանք կար։ «Թվում էր կյանքը կանգ էր առել։ Դժոխքին հաջորդեց հույսն ու հավատը, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Ոգեշնչող էր մեր հայրենակիցների ջերմ ու գրկաբաց ընդունելությունը։ Դա ինձ համար առաջ նայելու ազդակ եղավ»։ Կրկնակի տեղահանված Նունե Առաքելյանի ընտանիքը Երևանում է ապաստանել։ Կրկին ծառայության է անցել զինված ուժերում։ «Կյանքս առանց զինծառայության չեմ պատկերացնում։ Ծառայության ընթացքում խոհարարից մինչև հրետանու ապահովման ջոկի հրամանատարի պաշտոնի եմ հասել, ունեմ ենթասպայի կոչում, սակայն ամենամեծ կոչումն ինձ համար եղել և մնում է հայրենիքիս ծառայելը»,- ասում է զրուցակիցս։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031