Factor. Կոտայքի մարզում 6 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռ է կայացել։ Ընկերոջը սպանելու մեջ մեղավոր է ճանաչվել «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Գառնիի տեղամասի տնօրեն Մելիք Մովսիսյանի որդին՝ Ռոման Մովսիսյանը։ Նա դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման, դատավոր Գեղամ Մարգարյանը որոշել է նրա խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, և ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական կայքում առկա տվյալների՝ բողոքի քննությունը շարունակվում է։
Նշենք, որ, ըստ Ռոման Մովսիսյանի մեղադրանքի՝ նա սպանել է մանկության ընկերոջը՝ Ռազմիկ Ներսիսյանին։
Մասնավորապես՝ «Դատալեքսում» առկա մեղադրական եզրակացության համաձայն՝ Մելիքյանը 2018 թվականի նոյեմբերին Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո, Ռազմիկ Ներսիսյանի կողմից գումար պահանջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ավտոկայանատեղիում առնվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել է Ռազմիկ Ներսիսյանի քթին և աջ աչքին, որից հետո վերջինիս և Սամվել Նազարյանի հետ միասին իր վարած ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է:
Նշենք, որ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հիմնադիրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանն է։
Կարդացեք նաև
Գործի դատաքննության ընթացքում Գուրգեն Մելքոնյանն ու ՔՊ երկու այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը, դատարանին անձնական երաշխավորություն էին տվել Մովսիսյանի համար, որպեսզի նա ազատ արձակվի, սակայն դատարանը միջնորդությունը մերժել էր։
Արաքս Մամուլյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: