Regionmonitor. Փարիզում կայացած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամղիչ ատրճանակով խառը թիմային պայքարում Թուրքիային արծաթե մեդալ բերած թուրք հրաձիգ Յուսուֆ Դիքեչի շուրջ քննարկումները շարունակվում են։
Նշենք, որ Դիքեչը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ հրաժարվել էր համապատասխան հանդերձանքից՝ պաշտպանիչ ականջակալից ու մրցումային ակնոցից՝ դրանով իսկ շահելով երկրպագուների և օգտատերերի համակրանքն ու սերը: Մարզիկի այդ քայլից հետո, սոցիալական ցանցերում նրա լուսանկարով տարածվել են բազմաթիվ զավեշտալի մեմեր՝ Դիքեչին համեմատելով տարբեր ֆիլմերի սուպերհերոսների հետ։
Ուշագրավ է, որ հայտնվել են Դիքեչի լուսանկարով մեմեր, որոնք ոչ միայն զավեշտալի էին, այլև պարունակում էին ազգայնամոլական, հայատյաց միտումներ։
Մասնավորապես ոմն «Memezah» կեղծանվամբ X-ի օգտատերը հրապարակել է լուսանկար, որի վրա պատկերված է եղել Յուսուֆ Դիքեչը և նույն Օլիմպիական խաղերում Հարավային Կորեային արծաթ բերած Կիմ Է Ջիի լուսանկարը։
Կարդացեք նաև
Հրապարակման մեջ օգտատերը համեմատական է անցկացրել երկու մարզիկների միջև՝ նշելով, որ այն դեպքում, երբ կորեացի մարզիկը ներկայացել է հատուկ հանդերձանքով և պատրաստվածությամբ, թուրք մարզիկն այնպես է կրակում կարծես «թիրախը հայ է»։
Թուրք մի շարք օգտատերեր զարմանք են հայտնել, որ այս լուսանկարը X-ում ավելի քան 60 հզ հավանում է ունեցել։