Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իրանում նախագահի ինստիտուտը ամենակարևորը չէ»

Օգոստոս 13,2024 12:56

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Իրանի ներքաղաքական իրավիճակի մասին

Իրանի ներքին գործընթացները արտաքինի հետ կապելուց առաջ պետք է ընդունել, որ Իրանում կա ներքին քաղաքական կյանք և շատ բուռն ու անակնկալներով լի։

Սկսենք Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց:

Փեզեշքիանը նախագահ դարձավ բարեփոխականների աջակցության շնորհիվ: Թեկնածուների գրանցման շրջանում և նաև հաստատումից հետո նրա հաղթանակը որևէ կերպ չէր դիտարկվում: Բայց Փեզեշքիանը հաղթեց, որովհետև բարեփոխական ճամբարը շատ կուռ համախմբվածություն դրսևորեց նրա շուրջ. քարոզարշավը դետալ առ դետալ մտածված էր։ Նրանից կերտեցին «փոփոխություն բերողի» կերպարը ու խաղարկեցին ժողովրդին հուզող բոլոր նուրբ թեմաները։ Պայքարի առաջնագծում էր անձամբ Զարիֆը։ Մյուս կողմից էլ, իհարկե, անմիաբան պահպանողանականներն էին:

Հիմա, երբ հերթը հասել է կառավարության ձևավորմանը Փեզեշքիանը նաև պահպանողական գործիչների է ներգրավել հնարավոր կազմում: Ընդ որում, առաջարկված նախարարներից 4-ը Էբրահիմ Ռայիսիի կառավարությունից են, այդ թվում՝ հետախուզության նախարարը:

Բարեփոխական ճամբարն արդեն դժգոհել է, որ Փեզեշքիանը պետք է բերի խոստացված փոփոխությունն ու բարեփոխումները, այլ ոչ թե շարունակի եղածը: Եվ Զարիֆի հրաժարականի խորքային պատճառներից մեկն, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա փորձում է «մաքուր մնալ» ու չի ցանկանում մտնել նոր կառավարության հնարավոր ձախողումների, դրժված խոստումների ու ժողովրդին նորից հուսախափ անելու բեռի տակ՝ իր բոլոր հետևանքներով։

Իսկ Փեզեշքիանը չի կարող լիովին բարեփոխական կառավարություն ձևավորել, որովհետև այդ դեպքում, չի բացառվում, որ կարժանանա Հասան Ռոհանիի կառավարության վերջին տարիների ճակատագրին:

Ռոհանիի կառավարությունը 2020-2021-ին գործ ուներ արդեն պահպանողական խորհրդարանի ու դատական իշխանության հետ (նույնը հիմա է), և առհասարակ ամբողջ համակարգի հետ էր հարաբերությունները լարված: Կոնկրետ խորհրդարանի ձեռքում «օր ու արև չուներ». խորհրդարանը չէր ընդունում կառավարության առաջարկած օրենքները կամ ընդհակառակը՝ ընդունում էր օրենքներ ու կառավարությանը ստիպում կատարել: Օրինակ, այն ժամանակ, երբ կառավարությունը բանակցում էր միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, խորհրդարանը օրենք ընդունեց ուրանի 20 տոկոս հարստացման մասին, որը կառավարությունը ստիպված էր իրագործել:

Հիմա Փեզեշքիանն իր կառավարության անխոչընդոտ գործունեությունն ապահովելու համար ցանկանում է ապացուցել, որ «Ռոհանիի 3-րդ կառավարությունը» չէ, այլ Ռայիսիի գործի շարունակողը, ինչը հորդորել է նաև Ալի Խամենեին։ Դրա համար կառավարության կազմը ձևավորելիս նա խորհրդակցել է նաև խորհրդարանի հետ։ Իսկ Փեզեշքիանի առաջարկած արտգործնախարար Արաղչին իր ծրագիրը ներկայացնելիս փորձում է ցույց տալ, որ հավատարիմ է համակարգի դրվածքին և հայտարարում է, որ արևմտամետներից չէ, ընդգծում, որ ռազմադաշտի ու դիվանագիտության միջև տարբերություն չկա, դրանք մեկ միասնություն են, կամ որ միջուկային բանակցությունների հիմքում լինելու է խորհրդարանի վերը հիշատակված օրենքը: Սրանք այն հարցերից էին, որոնք, որպես խնդիր, բարձրաձայնվել են և՛ Ռոհանիի (նաև Փեզեշքիանի քարոզարշավի ժամանակ), և՛ Զարիֆի կողմից (արտահոսած հարցազրույցը):

Մյուս կողմից, Ռոհանիի կառավարության սիմվոլի՝ Զարիֆի ներկայությամբ Փեզեշքիանի կառավարությանն անընդհատ թիրախում էր լինելու, քանի որ Զարիֆի գրեթե ցանկացած հայտարարություն, արարք ու առհասարակ ներկայությունը սուր քննարկումների պատճառ է դառնում (Զարիֆը նաև սա է որպես հրաժարականի պատճառը նշել): Զարիֆի հրաժարականով Փեզեշքիանի կառավարությունը որոշ չափով ազատվում է քննադատությունների կիզակետում լինելուց։

Տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իրանում նախագահի ինստիտուտը ամենակարևորը չէ։ Այդ ինստիտուտը շարժվում է այն կանոններով, որը թելադրում է համակարգը (որն ամեն ինչ արել էր Ռայիսիին նախագահ դարձնելու համար ու պատրաստվում էր նրա վերընտրմանը): Ինչքանով Փեզեշքիանին կստացվի գոհացնել համակարգին և պահպանողականների հետ կոնսոլիդացիա ապահովել, կտեսնենք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031