Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքով միջանցք ունենալու գաղափարի հեղինակն ու իրական շահառուն ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Թուրքիան. Ստեփան Հասան-Ջալալյան             

Օգոստոս 13,2024 12:24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՄԻՋԱՆՑՔԻ 300-ԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

Ինչպես հայտնի է, Հայաստանի ու օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված անվերջ պահանջներից մեկը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելն է, որով վերջինիս տարածքի հիմնական մասը ցամաքային կապով կկապվի անիրավացիորեն Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող, սակայն պատմականորեն և իրավունքի ուժով Հայաստանին պատկանող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:

Նկատի առնելով այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով Օսմանյան Թուրքիայի իշխանության կողմից 1918թ. մայիսի 28-ին ստեղծված, հարևան Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ադրբեջան անունով նահանգի անվանումը որպես սեփական պետության անվանում դարձրած և միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով միջանցք ունենալու գաղափարը պատկանում է ոչ թե արհեստական, կեղծ կազմավորում Ադրբեջանին, այլ՝ օկուպանտ և ցեղասպան Թուրքիային:

Ըստ որում, միջանցքը կարելի է համարել Թուրքիայի գլխավոր նպատակին հասնելու, այն է՝ Կասպից ծովի առափնյա շրջաններին տիրելու, առաջին քայլերից մեկը, որին ժամանակի ընթացքում հաջորդելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ամբողջական օկուպացիան և տեղի հայության ցեղասպանությունը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի հիշյալ գլխավոր նպատակն ունի մի քանի հարյուրամյակի պատմություն: Այս մասին անառարկելիորեն վկայում է Արցախում կազմված գրեթե 300-ամյա մի փաստաթուղթ:

Այսպես, 1725թ. մարտի 1-ին թուրքական առաջին զորամասը, շուրջ 4700 ասկյար` Շահին, Սալահ և Ալի փաշաների հրամանատարությամբ, ներխուժում է Արցախի Վարանդա գավառ:

Արցախի կաթողիկոս, արցախյան մելիքական զորքերի գերագույն հրամանատար, ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ Եսայի Հասան-Ջալալյանը, դրսևորելով ճկուն քաղաքականություն, հրամայում է ընծաներով ընդառաջ գնալ թուրք զորապետերին և արցախցուն վայել հյուրասիրություն կազմակերպել: Այնուհետև Եսայի հայրապետը թուրք զորապետերին առաջարկում է հյուրընկալվել Արցախի գյուղերում` իր վրա վերցնելով սննդի և կեցության հոգսերը:

Թուրք հրամանատարությունը, որն արդեն քանիցս տեսել էր Արցախի մելիքական ռազմուժի հզորությունը և իր հերթին խուսափում էր նրանց հետ բախումից, շատ գոհ լինելով նման ելքից, սիրով ընդունեց Եսայի հայրապետի առաջարկը:

Թուրք զինվորներին 100-ական, 200-ական և 300-ական խմբերով բաժանեցին հայկական 33 գյուղերում և երկու օր կուշտ կերակրեցին: Սակայն սա, պարզապես, լավ նախապատրաստված ծուղակ էր: Գիշերը Արցախի մելիքական զորքերը հանկարծակի հարձակմամբ գրեթե բոլորին, այդ թվում նաև երկու փաշաներին, կոտորեցին` գերի վերցնելով Սալահ փաշային: Միայն 150 հոգու հաջողվեց փրկվել: Հաջող ծրագրված և իրականացված ռազմական օպերացիայի արդյունքում հնարավոր է լինում ազատել նաև ավելի քան 200 քրիստոնյա գերյալների:

Այս դեպքի մանրամասներին տեղեկանում ենք Արցախի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի և մելիքների` 1725թ. մարտի 10-ին ռուսաց կայսր Պետրոս I-ին հղած նամակից. «Այժմս, որ մեր թուականս ՌՃՀԴ (1725) է մարտի ամսոյ մէկումն ԴՌԷՃ (4700) հեծեալ սայ ղօշուն (զորքՍ. Հ.-Ջ.) եկին մեզ վերայ, Գ(3) փաշայ էր` Շահին, Սալահ և Ալի անուն: Մեք էլ տեսանք որ շատ են, կռուելով չէ լինիլ, յառաջ գնացինք ղօնաղ արինք, մեր գեղարանց վերայ բաժանեցինք, որն ԲՃ (200)-ով, ԳՃ (300)-ով, ԴՃ (400)-ով, ԵՃ (500)-ով տեղուտեղ կոտորեցինք, Բ (2) փաշան ևս սպանեցինք. Սալահ փաշան ողջ պահած ունիմք, ապա մէկ ՃԾ (150) մարդ փախան բրծան. ԲՃ (200) աւելի քրիստոնեա եսիր կայր, ազատեցինք»:

Եսայի կաթողիկոսն ու մելիքները հարցաքննել են գերյալ Սալահ փաշային: Չափազանց ուշագրավ և այժմեական են թուրք փաշայի՝ հարցաքննության ժամանակ ասած խոսքերը: Պատմելով Օսմանյան Թուրքիայի և Կասպից ծովի միջև եղած հայկական սեպը վերացնելու իրենց վաղեմի մտադրության մասին` Սալահ փաշան, մասնավորապես, ասել է. «Մեր թագավորը հրաման է տվել մեզ վերացնել հայերին: Մինչև ռուսաց թագավորի զորքերը կգան այստեղ, մենք պիտի հարձակվենք նրանց (հայերի Ս. Հ.-Ջ.) վրա: Հայը չպետք է գոյություն ունենա և այս երկրները պետք է ավերվեն, որպեսզի մեր ճանապարհը բացվի, դուք (հայերդՍ. Հ.-Ջ.) չլինեիք մեր մեջտեղում, մենք հիմա հասել էինք Դերբենդ և Բաքու, որ հնուց ի վեր մերն է»:

Այս խոսքերը, որ պատկանում են թուրքական պետության գեներալին, ասվել են XVIII դարի սկզբին` մեզանից մոտավորապես 300 տարի առաջ: Հատկանշական է, սակայն, որ դրանք այսօր էլ խիստ այժմեական են: XXI դար մուտք գործած Թուրքիան աշխարհի տարբեր պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերվելիս, դեռևս շարժվում է XVIII դարին բնորոշ կանոններով: Փաստորեն, ժամանակը որևէ սրբագրում չի մտցրել Թուրքիայի ծրագրերում: Ինչպես տեսնում ենք, հայերին ցեղասպանելու և Կասպից ծովի առափնյա շրջաններին տիրելու Թուրքիայի ծրագիրը դարերի պատմություն ունի:

Այսպիսով, հենվելով գրեթե 300-ամյա անհերքելի փաստի վրա՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով միջանցք ունենալու գաղափարի հեղինակն ու իրական շահառուն ոչ թե օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն է, այլ՝ օկուպանտ և ցեղասպան Թուրքիան:

Ստեփան Հասանալալյան
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031