Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոյվո Կլաարն ու մյուսները շատ լավ գիտեն՝ Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումները, բայց դա ապահովելու համար Արեւմուտքը ոչ մի միջոց չի ձեռնարկել». «Հրապարակ»

Օգոստոս 13,2024 11:56

Ադրբեջանի կառավարությունն արդեն 17,7 մլրդ մանաթ կամ 10,4, մլրդ դոլար է հատկացրել «Լեռնային Ղարաբաղի վերակառուցման և վերականգնման ծրագրերին»։ Արդեն իսկ հայտարարվել է հայկական Շուշիում 105, իսկ Արցախի այլ շրջաններում  1727 ընտանիքի բնակեցման մասին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը, կարծիք է հայտնում՝ Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնի, որ արցախցիների վերադարձի մասին որեւէ բառ անգամ նշված լինի ստորագրվելիք հնարավոր փաստաթղթում, քանի որ նրա նպատակը հարցը փակելն ու վերջակետ դնելն է, իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստեփանակերտում, դրա վկայությունն է։

Մասնագետն անհեթեթություն է համարում պրոարեւմտյան շրջանակների կողմից օրակարգ նետված նարատիվը։ «Փաստն այն է, որ մեր իշխանությունները հարցը չեն դնում: Արեւմուտքը, որի համար սեփականությունը սրբություն է, ձայն չի հանում։ Եթե Արեւմուտքը հիմա է լուռ, պետք է 2025 թվականի՞ն ինչ-որ բան խոսի։ Դա ուղղակի քարոզչական թեզ է, որը առաջ են տանում՝ մարդկանց մտքերը շեղելու համար, ասելու, թե ամեն ինչ լավ է լինելու, դեպի հարցի լուծում ենք գնում։ Սա նույն ձեռագիրն է, ինչ Հադրութ վերադարձի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն էին՝ 2021 թվականի ընտրություններից առաջ, եւ այն հայտարարությունները, թե մեր գերիները մի երկու ամիս կհամբերեն։ Սա  նույն ցինիկ, մանիպուլյատիվ մոտեցումն է»-«Հրապարակ»-ին ասում է Մարտիրոսյանը ու հիշում Մագնիտսկու դեպքը, որին արեւմտյան արձագանքը չուշացավ;

«Տոյվո Կլաարը հասկանում է, որ ոչ մի բանակցություն չի լինելու, ոչ թե նրա համար, որ հայկական կողմը չի ուզում, այլ նրա համար, որ որպես միջնորդ, ԵՄ-ն ոչինչ չի արել, որ լինի այդպիսի բանակցություն, ոչինչ չի արել՝ ստիպելու Ադրբեջանին։ Դա ընդամենը ցինիկ հայտարարություն է, որովհետեւ իրավունքները դրանց մասին խոսելով չեն պաշտպանում, այլ դրանց պաշտպանությանն ուղղված քայլերով: Եթե Տոյվո Կլաարի հայտարարությունը լուրջ լիներ, նա կասեր, թե ինչ է լինելու, եթե ադրբեջանական կողմը ապահով պայմաններ չստեղծի, իսկ թե ինչ է այդ մասին մտածում եւ ասում Ադրբեջանը, մենք լավ գիտենք` Կլաարին տրված Բաքվի պատասխանից»-շեշտում է «Հրապարակ»-ի զրուցակիցը։

Արթուր Մարտիրոսյանը բացատրում է՝ եթե Արեւմուտքն  ասի, որ արցախցիները փախստական են, ապա պետք է նշի, թե ինչու են փախստական, իսկ դա կնշանակի արձանագրել, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, հետեւաբար, հարց կառաջանա՝ այդ դեպքում, ինչո՞ւ չկա պատասխանատվություն եւ պատժամիջոց։

Նմանատիպ հայտարարություններով, ըստ Մարտիրոսյանի, մարդկանց զբաղեցնում են։ Գլխավոր խնդիրն այն է, որ Տոյվո Կլաարն ու մյուսները շատ լավ գիտեն՝ Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումները, բայց դա ապահովելու համար  Արեւմուտքը ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Եվ ամենակարեւորը՝ որպես գաղափար, սեփականությունն Արեւմուտքի համար արժեք է, ուստի նա հենց այսօր պետք է արձագանքեր՝ շեշտելով,  որ Ադրբեջանն իրավունք չունի ձեռք տալ մարդկանց սեփականությանը, որովհետեւ նրանք վերադառնալու են։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031