Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ, որը հիմնադրվել է 2021 թվականին։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանի, Վահագն Բադալյանի և Ռոման Բադալյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է Արագածավան գյուղին կից 270 հեկտար ծավալով ինտենսիվ այգիներում, ծանոթացել աշխատանքներին և ձեռքբերումներին։
«Ֆանֆրութ» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիների 170 հեկտարը տանձենիներ են, իսկ 100 հեկտարը՝ տափակ դեղձի այգի։ Տարածքում տնկվել է շուրջ 650 000 ծառ: Ակնկալվում է, որ այգու լրիվ բերքատվության շրջան մտնելու ժամանակ մրգերի ամբողջ ծավալը կկազմի 11 500 տոննա։ Հարկ է նշել, որ այս պահի դրությամբ ընկերության կողմից իրականացված ընդհանուր ներդրումների ծավալը շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ է։
Նախատեսվում է կառուցել գերժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած շուրջ 8000 տոննա տարողությամբ սառնարանային պահպանության վակուումային խցիկներ` հագեցած մթնոլորտային կարգավորումներով: Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա կարգավորել ածխաթթու գազի և թթվածնի հարաբերակցությունը, ինչն էլ մեծ առավելություն է առկա ավանդական մեթոդների համեմատ։ Սառնարանային տնտեսության կառուցման և սպասարկման գործընթացում ներգրավված են հայտնի ընկերությունների մասնագետներ Նիդերլանդներից և Իտալիայից։
Կարդացեք նաև
Արդիական տեխնոլոգիաների և այգեգործության լավագույն փորձի համակցությամբ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի գործունեությունը նոր հորիզոններ կբացի Հայաստանի գյուղատնտեսական արդյունաբերության համար։