Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է «բուսնել» 29 743 կիլոմետրը

Օգոստոս 13,2024 12:00

Հնարավո՞ր է արդյոք պետություն՝ առանց «պատմամշակութային խորության»

Ենթադրենք, պետությունը փող է տպում եւ այդ թղթի կտորի վրա գրում է «10 հազար» կամ «100 հազար դրամ»: Բայց գրելը մի բան է, իսկ իրական արժեքը՝ մեկ այլ բան: Գործոնները նյութական են եւ ոչ նյութական՝ սկսած կառավարության հանդեպ վստահությունից: Ենթադրենք, ԱՄՆ դոլարի արժեքն ապահովվում է այդ երկրի տնտեսության չափով, նրանով, որ այլ երկրների ԿԲ-ները միլիարդավոր դոլարներ են պահում՝ որպես պահուստային միջոց, առեւտրային միությունների ցանցով, որոնց սատարում է ԱՄՆ-ը եւ այլն: Եթե չկան նման գործոններ, ինչ ուզում ես հայտարարիր՝ թուղթը կմնա թուղթ, դրա վրա նկարած թվերը՝ պարզապես թվեր:

Հիմա երբ մենք՝ հայաստանցիներս, ասում ենք՝ «մենք պետության ենք», ինչո՞վ է դա ապահովված, երաշխավորված: Սեփական սահմանների եւ սահմանամերձ տարածքների անվտանգությա՞մբ: Մեր գործերին այլ պետությունների չմիջամտելո՞վ: Էներգետիկ անկախությա՞մբ: Այդ գործոնները, կարծես թե, բացակայում են:

Բայց կան, կարծում եմ, ավելի նուրբ գործոններ, երբ, ինչպես եւ տնտեսության դեպքում, նյութականը պայմանավորվում է նաեւ ոչ նյութականով: Այդ գործոնները պայմանականորեն անվանենք «պատմամշակութային խորություն»: Դա կարեւոր է բոլոր ազգերի համար: Նույն ամերիկացիները չունեն մեզ նման հազարամյակների պատմություն, բայց նրանք դրա բացակայությունը փոխհատուցում են սիրով, ակնածանքով, կասեի նաեւ՝ «պաթոսով»՝ այն դրվագների նկատմամբ, որոնք հաստատ «իրենցն» են՝ սկսած պիլիգրիմների առաջին գաղութներից: Եթե չկա երկարաժամկետ պատմություն, ապա պետք է լինի դրա ինտենսիվ վերապրումը: Արդյոք դա օգնո՞ւմ է ամերիկյան պետականությանը: Վստահ եմ, որ՝ այո. մի բան է պարզապես պետություն հռչակվելը՝ անհայտ ծագումով եւ անցած անհասկանալի ճանապարհով, մեկ այլ բան՝ ցույց տալ սեփական ժողովրդին եւ աշխարհին քո պետության արժեքային հիմքերը:

Հասուն հասարակությունը ոչ միայն տվյալ պահին երկրում ապրող մարդիկ են, այլեւ նրանց նախնիները՝ այն սերունդները, որոնք ապրել են մեզանից առաջ եւ որոնց առջեւ մենք պատասխանատվություն ենք կրում: Ավելին՝ մեր նախնիները, իրենց հերթին, մեզ համար են պատասխան տալիս՝ այն իմաստով, որ եթե անցյալում հայտնաբերվում է ինչ-որ սխալ, ինչ-որ շեղում՝ նախընտրելի ուղուց, ապա դա անմիջականորեն ազդում է ժամանակակից կյանքի վրա: Ամերիկացի տնտեսագետ Դուգլաս Նորթը դա անվանում է «path depends problem» (կախվածություն անցած ճանապարհից): Պետությունը, եթե երբեւէ բախտ է վիճակվում այն ունենալ, այդ անվերջանալի՝ դեպի առաջ՝ ապագա, եւ դեպի հետ՝ անցյալ, գնացող գործընթացի դրվագներից մեկն է:

Եթե մենք ենթադրենք, որ Հայաստանը ինչ-որ մի տեղից բուսնած (կամ, որ նույնն է, Ալմա-Աթայում հռչակած) 29,743 կիլոմետր տարածքն է, ապա խիստ կասկածելի է, որ թղթի վրա գրված այդ թվերը դրսում եւ ներսում որեւէ մեկի համար համոզիչ կհնչեն: Որտեղի՞ց է ծագել այդ 29,743 կիլոմետրը՝ գուցե 1828 թվականի «բռնազավթումի՞ց»: Ադրբեջանցիները, վստահ եմ, նման պնդումից շատ գոհ կլինեն: Իսկ ի՞նչ է եղել դրանից առաջ եւ դրանից հետո: Ի՞նչ են արել հայերի տասնյակ սերունդներ, որպեսզի պետություն ունենան: Միայն թալանե՞լ են:

Որո՞նք են հայերի պետության արժեքային հիմքերը: Արդյո՞ք միայն ժողովրդավարությունն ու շուկայական հարաբերությունները: Ինչո՞վ ենք այդ դեպքում տարբերվում այլ պետություններից: Հնարավո՞ր է արդյոք պետության «նյութական» երեւույթն՝ առանց հայրենիքի հոգեւոր երեւույթի: Եթե մենք «հայրենիքը» քշում ենք լուսանցք՝ որպես ինչ-որ ցնորված խելագարների կամ կաշառակեր խաբեբաների հորինվածք, ապա արդյոք չե՞նք արժեզրկում պետությունը:

Այդ հարցերին մի քանի նախադասությամբ պատասխան չես տա: Բայց ինձ թվում է, որ առանց Տերյանի նկարագրած «Հոգեւոր Հայաստանի» մենք չենք կարողանա պետություն կառուցել:

«Եթե իրավ է մեր ասածը, թե հոգեւոր կյանքով ապրող ազգերը սովորական երկրավոր հայրենիքից զատ, ունեն մի ուրիշ վերացական հայրենիք՝ նրա անցած քաղաքակրթության ընդարձակ մտքով, ապա ուրեմն հայ ժողովրդի հայրենիքը Հայաստանյանց եկեղեցին է», – գրում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր աստվածաբան Գարեգին Ա Հովսեփյանը:

Նա, ի դեպ, ծնվել էր պատմական  Հայաստանի Չարդախլու գյուղում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ազգանուշ Ստեփանյան says:

    Ամենավերջին նախադասությանը ի պատասխան’ Չարդախլուն որևէ կապ չի ունեցել և չունի պատմական Արցախի հետ։ Սա այս ի՜նչ համատարած կոպտագույն սխալ է, որ բոլորը անում են առանց աչք թարթելու, առանց մի փոքր ջանք թափելու ու փաստերը ստուգելու։ Ահա հղումը’ https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D5%AB%D5%BD%D5%A1%D6%80։ Չարդխախլուն, Շամխորը եղել են Ուտիք նահանգ, Գարդման նահանգ, բայց ոչ Արցախ։

  2. Հ.Շ. says:

    Եթէ -1830ական թուականներից սկսեալ – չլինէր՝ Մեծն ու Միացեալ Հայաստանի վերականգնումին Հայոց ազգային գաղափարը, ձգտումն ու երազանքը, ապա երբեք չէր գոյանար այժմու ՀՀ-ն:

    Եւ առանց այդ նոյն Գաղափարին, չի կրնար գոյատեւել այժմու ՀՀ-ն:

    Անհնար եղաւ ասիկա բացատրելը, հասկացնելը, վերանկախացած ՀՀի վարչակարգերուն: Առաջինէն մինչեւ ներկան:

    Այս էական նիւթին մէջ, որեւէ տարբերութիւն չկայ՝ Առաջին նախագահին եւ այժմու վարչապետին միջեւ: Իսկ նրանց մէջտեղ, միւս երկու նախագահներուն տարբեր երեւնալը, միմիայն այդ էր՝ երեւոյթ: Կեղծաւորութիւն: Սուտ:

    Իսկ ամենայն եւ անկեղծ յարգանքով, վերեւի յօդուածին հեղինակն ալ, սկսաւ ընդունիլ այս ամէնը, միայն՝ վերջին մի քանի տարիներին: Մինչ, վստահաբար իր նմանների կարիքը կար, որպէսզի թերեւս խուսափելի դառնար այժմու ՀՀ վարչակարգի գոյացումն ու հաստատումը:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031