Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական տաղավարի հայախոս աղջիկը

Օգոստոս 13,2024 11:00

Գորիսում իրանական տաղավարների գույնզգույնը հետաքրքրեց հայերին։ Հյուրասիրությունը չափավոր էր, իրանական անուշեղեն նորից ցանկացողները՝ շատ։ Տաղավարների առջև առաջացած խառնաշփոթը լայն ժպիտով էին «հաղթահարում» ազգային հագուստով ու հիջաբով ծածկված, լավ արտահայտված դիմագծերով կանայք, տղամարդիկ ու երեխաները։


 

Ապրանքների օգտակարության ու ամենալավ «արժանիքների» մասին, իհարկե, հայերենով գրել էին մեր հարևանները, բայց դե դրանից ո’չ հարցերն էին քչանում, ո’չ էլ հարց տվողները։ Հարցնում էին հայերեն, ռուսերեն, անգլերեն, բարբառով, ով ինչպես կարողանար։ Հայ-իրանական մշակութային առաջին փառատոնը, որը կայացավ նախորդ կիրակի՝ օգոստոսի 11-ին, Գորիսում, բազմամարդ էր, բազմագույն եւ բազմալեզու:

Տաղավարներից մեկն առավել մարդաշատ էր, լրագրողական հետաքրքրասիրությունս կնեղանար, եթե չմոտենայի։ Մոտեցա։ Հա՜, ընդեղեններից ու մեղրից պատրաստված շատ սիրուն քաղցրավենիքն էր երևի գերել մարդկանց։ Երևի։ Ես էլ փորձեցի, լավն էր։ Որոշեցի դիմել «գուգլ»-ի օգնությանը։ Մինչ իմ արհեստական ընկերն ինձ կօգներ թարգմանել հարցերս ու ցանկություններս, դիմացի աջ կողմից մեկը քաղցր ձայնով, մի քիչ էլ ակցենտով հարցրեց. «Ի՞նչ է պետք, ինչո՞վ կարող եմ օգնել»։ Խոսողը Զոհրե Չամյանին էր։

Ամբողջությամբ սև հագնված, հիջաբով ծածկված, թխադեմ, սիրունատես իրանուհին է հայերեն խոսում։ Բոլորի հարցերին համբերատար պատասխանում է, հայրենակիցներին օգնում վաճառել անուշեղենը։ Զոհրեն Հայաստանում է ապրել, հիմա Գորիսում Իրանի հյուպատոսությունում է աշխատում։ Իրանական բոլոր տաղավարներից տեղյակ է, գիտի՝ որտեղ ինչ են վաճառում. «Այս մեկը մեր ընկերոջ տաղավարն է, եկել եմ օգնեմ, որպեսզի ինքն էլ կարողանա ապրանքները վաճառել»։

Զոհրեն առանձնակի ոգևորվածությամբ է մասնակցում փառատոնին, ասում է. «Այս փառատոնը երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները կամրացնի։ Հայաստանը և Իրանը մշտապես մշակութային կապի մեջ են եղել, այս փառատոնը կօգնի, որ ավելի լավ ծանոթանանք միմյանց մշակույթին»։

Պարզվեց՝ իրանական այդ տաղավարի շուրջ առաջացած աշխուժությունը ոչ այնքան ընդեղենից պատրաստված սիրուն «մյաջուն»-ի «շնորհքն» է, ինչքան Զոհրեինը։ Հայախոսին էլ ի՞նչ էր պետք, մի հայերեն խոսող մարդ։ Գորիսում այդ մարդը Զոհրեն էր։

Ասպրամ Ավանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031