Մեծ սպորտի նկատմամբ իմ վերաբերմունքը կտրուկ փոխվել է այն պահից, երբ խաղադրույքները դարձան զանգվածային: Դա փչացնում է հաճույքը, զրկում է մրցամարտը կամ խաղը գեղագիտական բաղադրիչից: Նույնն է, որ մարդիկ գրազ գան՝ կկարողանա՞ արդյոք սոպրանոն համերգի ժամանակ վերցնել երկրորդ օկտավայի «ռե»-ն, եւ իրար ասեն՝ արի՛ մի 5 հազար դնենք, որ համերգը հետաքրքիր դառնա: Այս պարագայում ակնհայտ է, որ մարդիկ երաժշտություն չեն լսի, որովհետեւ երաժշտությունն այս կամ այն նոտան վերցնելու մասին չէ:
Օլիմպիական խաղերի նկատմամբ իմ հետաքրքրությունը նվազել է ավելի շուտ՝ այն պահից հետո, երբ այնտեղ ակտիվորեն ներխուժեց քաղաքականությունը, այսինքն՝ 1980 թվականի Օլիմպիադայից հետո, երբ Արեւմուտքը բոյկոտեց Սովետին, իսկ հաջորդ անգամ, որպես պատասխան քայլ՝ Սովետն ու նրա դաշնակիցները բոյկոտեցին Լոս Անջելեսի Խաղերը: Այդպե՞ս են գերտերությունները միավորում ազգերը: Նույն սերիայից է ռուսներին տարբեր մրցումներին եւ Օլիմպիադային չթողները:
Այդ տհաճ քաղաքական երանգին ավելացել է, այսպես ասած, սեռական անհստակությունը: Եթե տղամարդը փոխում է իր սեռը, դա, իհարկե, նրա գործն է: Բայց, եթե նա սեռափոխությունից հետո, պահպանելով տղամարդու որոշ ֆիզիկական հատկանիշներ, կանանց մրցամարտում հաղթում է կնոջը, դա ակնհայտորեն անարդար է եւ խախտում է պարտվածի իրավունքները: Այսպես՝ մարդու իրավունքներին չափից դուրս խանդավառ հետեւելը բերում է դրանց կոպիտ ոտնահարմանը:
…Ինձ, բնականաբար, ամենաշատը հետաքրքրում են հայ մարզիկների ելույթները: Ճիշտն ասած, չեմ հասկանում նրանց, ովքեր քննադատում են մեր հավաքականի անդամներին: Կարծում եմ, մենք պետք է բոլորից շնորհակալ լինենք՝ թե՛ նրանցից, ովքեր մեդալներ բերեցին եւ թե՛ բոլոր մնացածներից: Այն պայմանների եւ բյուջի սահմաններում, որոնք ստեղծել է մեր պետությունը, նրանց ելույթները պարզապես հոյակապ էին: Իսկ թե ինչո՞ւ են պայմաններն ու բյուջեն անբավարար, այդ հարցով պետք է դիմել պետությանը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ