Այսօր Գյումրու մուտքի մոտ աղուհացով, Գյումրվա տարազներ կրող պարային համույթներից մեկի կատարումներով, դափնեպսակներով կդիմավորեն ՓԱՐԻԶ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի մարզիկներին։
Այնուհետ Գյումրվա ֆայտոններով նրանց կուղեկցեն կենտրոնական Վարդանանց հրապարակ, որտեղ մարզիկների պատվին կարմիր գորգ են փռել։ Նրանք կարմիր գորգի վրայով կբարձրանան բեմ, որտեղից կհնչեն քաղաքային իշխանության ելույթ- շնորհավորանքները, շամպայնով ու տորթով կնշեն մարզիկների հաղթանակը։
Այս ամենը տեղի կունենա գիշերը։
Ինչպես տեղեկացանք Գյումրու քաղաքապետարանից, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, սպորտ բաժնի պետ Մեխակ Ղազարյանը և մեծ թվով սպորտսմեններ մեկնել են Երևան՝ նրանց «Զվարթոնց» օդանավակայանում դիմավորելու։
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքային իշխանությունը «Ֆեյսբուք» պաշտոնական էջի միջոցով բնակիչներին հորդորում է միանալ մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողությանը։
«Սիրելի գյումրեցինե՛ր,
Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 12 լույս 13-ի գիշերը 00:00-01:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա ՓԱՐԻԶ-2024 Օլիմպիական խաղերի գյումրեցի մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Եկե՛ք միասին դիմավորենք մեր չեմպիոններին»,- գրված է քաղաքապետարանի էջում։
Մի քանի օր է, այս քաղաքի բնակչությունը ՓԱՐԻԶ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների ելույթները հետևում է կենտրոնական Վարդանանց հրապարակում․ քաղաքային իշխանությունն այնտեղ աթոռներ ու լայն էկրաններ է տեղադրել։ Այսօր ևս տեղադրված լայն էկրաններին կհայտնվեն մարզիկների գոտեմարտերից հատվածներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ