«Մենք անընդհատ ասում ենք, որ մենք կոչված ենք ոչ թե ապագա պատրաստելու նոր սերնդի համար, այլ մեր սերնդին պատրաստելու ապագայի համար»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանն ասաց՝ ուրախ է արձանագրելու, որ այսօրվա մեր այս պայքարի մեջ գտնվող երիտասարդները բոլորն էլ իրար գտել են այս պայքարի մեջ․ «Մենք էլ բոլորով իրար գտել ենք այս պայքարի մեջ, այս պայքարը նյութական ակնկալիք չունի, այլ մեկ բան՝ հայրենիք ու պատիվ»։
Բագրատ սրբազանը նաև տեղեկացրեց՝ մեր պայքարի մասնակից տղաներն ազատ են արձակվել։ Հիշեցնենք՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Արամայիս Ասատրյանի, «հունիսի 12-ի» գործով դատավարությանը մասնակից 12 կալանավորի՝ 4 մեղադրյալ գտնվում էր կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի՝ (ընդհանուր 16 մեղադրյալ) ազատեց դատական նիստերի դահլիճից»։
Բագրատ սրբազանն ասաց․ «Տղաներն այսօր բոլորն ազատվել են։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում դեռևս կան դատարաններ, որոնք չեն ենթարկվում քաղաքական ճնշումներին։ Այս գործերը բոլորը քաղաքական են․ իրավական որևէ հիմք, արտահայտություն չունեն, որովհետև մյուս կողմից որևէ մեկ ոստիկան անգամ չի կանչվել հարցաքննության՝ կիրառելով անթույլատրելի, օրենքով արգելված ժամկետանց լուսաձայնային նռնակներ, ինչը վայրագ հարձակում էր մեր ժողովրդի նկատմամբ։ Քաղաքական ուղղություն ունեցող հետապնդումներ էին»։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը նաև տեղեկացրեց՝ չորեքշաբթի՝ ժամը 19։30-ին բակային հանդիպումը տեղի է ունենալու Երազ թաղամասում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ