Կարմեն Մնացականյանի, Արմենակ Խաչատրյանի, Լեւոն Սաֆարյանի, Ավետիք Ջիլավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել, խափանման միջոց սահմանել հանրապետությունից չբացակայելու արգելքը եւ վարչական հսկողությունը՝ առանց դատարանի որոշման բնակության վայր փոխելու եւ շաբաթը մեկ անգամ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում գրանցվելու պարտավորությամբ, նրանց ազատ արձակել դատարանի դահլիճից. դատավոր Արամայիս Ասատրյանն այսօր նման որոշում կայացրեց «Հունիսի 12»-ի գործով չորս կալանավորված անձանց մասով:
Դատարանը որոշեց նաեւ՝ Հարություն Մելիքբեկյանի խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ, Նաիրա Մինասյանի խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ, Սեւակ Սիմոնյանի խափանման միջոցը՝ վարչական հսկողությունը, ներառյալ դրա շրջանակներում սահմանված վարչական հսկողությունը եւ կիրառված պարտականությունը՝ առանց պրոբացիայի ծառայության թույլտվության, չփոխել գտնվելու վայրը, թողնել անփոփոխ:
Մյուս արգելանքը՝ վերացնել, որպես խափանման միջոց ընտրել նաեւ երկրից բացակայելու արգելքը: Վաչիկ Խաչատրյանի խափանման միջոցները՝ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, դատարանը թողեց անփոփոխ: Վերջինս առանց դատարանի որոշման իրավունք չի ունենա փոխելու մշտական բնակության վայրը եւ պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում: Վարչական հսկողության մյուս արգելքները դատարանը հանեց:
Էդգար Յուխանաևի, Տիգրան Սարիբեկյանի, Սամվել Բաղդասարյանի, Արմեն Հովսեփյանի, Կոնստանտին Տեր-Մովսիսյանի, Տիգրան Կլեկչյանի, Երվանդ Աղաբալյանի, Նարեկ Պետրոսյանի խափանման միջոց՝ տնային կալանքը փոխվեց հանրապետությունից չբացակայելու արգելքով եւ վարչական հսկողությամբ՝ առանց դատարանի որոշման բնակության վայր փոխելու եւ շաբաթը մեկ անգամ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում գրանցվելու պարտավորությամբ: Նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Կարդացեք նաև
«Հունիսի 12»-ի գործով, ոստիկանների անհամաչափ գործողությունների մասով կան հարուցված քրեական վարույթներ եւ յուրաքանչյուր վարույթով իրականացվող քննության արդյունքում, սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն այն ոստիկաններ, ովքեր գերազանցել են իրենց լիազորությունները. այսօր դատարանում, նման հայտարարություն արեց «Հունիսի 12»-ի գործով հանրային մեղադրողը՝ պատասխանելով պաշտպանների այն դիտարկումներին, որ այս գործով որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել:
Հանրային մեղադրողը նաեւ հայտարարեց, որ մեղադրյալներից որեւէ մեկն իր կարծիքը բարձրաձայնելու եւ հավաքներին մասնակցելու իրավունքի համար չի մեղադրվում: Դատարանը քննում էր 16 մեղադրյալների խափանման միջոցի հարցը եւ պաշտպանական կողմն այսպես էր փորձում հակադարձել մեղադրողների՝ խափանման միջոցները երկարաձգելու միջնորդությանը:
Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը։
Մեղադրյալները, հիշեցնենք, 16-ն են։ Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։ Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին, Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի, Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին, Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքբեկյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի ` զանգվածային անկարգությունների մասով։
Կողմերը հայտարարեցին, որ գույքային պահանջներ չունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ