Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ՝ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 22․00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 40-ամյա բնակիչ Ս․Բ․ն սկանդալ է սարքել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, նա ձեռքերով հարածել է դատախազության շենքի դռներին, պահանջել բացել, որ ներս մտնի, հայհոյանքներ է հնչեցրել։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Նրանց տեսնելով՝ 40-ամյա տղամարդն ավելի է ոգևորվել, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության ծառայողների հասցեին։
Ոստիկանության ծառայողները, արձանագրել են, որ նա ակնհայտ ոգելից խմիչք օգտագործած վիճակում է։ Րոպեներ անց խուլիգանություն կատարելու կասկածանքով նրան ձերբակալել են, տեղափոխել են ոստիկանության «Կումայրի» բաժին, որտեղ կասկածյալն էլ ավելի վատ է պահել իրեն։
Ըստ ոստիկանության արձանագրության, նա, ոստիկանության ծառայողների հասցեին սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, ոտքով հարվածել և կոտրել է բաժնի մուտքի դռան ապակին, որից հետո տեղափոխվել է աշխատասենյակ, որտեղ կոտրել է աշխատասենյակի 2 աթոռները և ինքնավնասում կատարելու նպատակով գլխով հարվածել է պատերին:
Ս.Բ․-ն կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նշենք, որ Ս․Բ․-ն նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ խուլիգանություն կատարելու ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով։
2023թ. նոյեմբերի 2-ին ՀՀ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատվել է և 2024թ. ապրիլի 30-ին նրա նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել էր վարչական հսկողությամբ։