Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը։
Դատարանը քննեց մեղադրյալների խափանման միջոցների հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց շարունակել խափանման միջոցների կիրառումը մեղադրյալների նկատմամբ, ինչպես նախաքննության փուլում է առաջարկվել։ Մեղադրյալները, հիշեցնենք, 16-ն են։ Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։ Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին, Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի,Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին, Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի ` զանգվածային անկարգությունների մասով։
Մեղադրյալների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն, արցախյան ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմների, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի մասնակիցներ են, 2-3 անչափահաս երեխաների խնամակալներ են։ Կա նաեւ Արցախից բռնի տեղահանված անձ, արցախյան երեք պատերազմների մասնակից, ում ընտանիքն ապրում է վարձով, իսկ ընտանիքի կարիքները հոգում է ինքը՝ տաքսի վարելով։ Մեղադրյալներից Կառլեն Մնացականյանն էլ այս գործի այլ դրվագով տուժողի կարգավիճակ ունի, քանի որ ոստիկանության օգտագործած հատուկ միջոցների արդյունքում վնասվածքներ է ստացել, բայց , հարցն այն է, որ հունիսի 12-ի դեպքերով ոչ մի ոստիկան պատասխանատվության չի կանչվել։
Դատավորը նկատեց՝ գործի հիմքում դրված են հիմնականում օբյեկտիվ ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով․ վարույթով ներգրավված է 22 վկա եւ 11 տուժող, որոնք բոլորն էլ ոստիկանության ծառայողներ են ու հանրային մեղադրողից հետաքրքրվեց, արդյո՞ք, սա հիմք է տալիս կարծելու, որ մեղադրյալները կմիջամտեն գործի քննությանը, կազդեն վկաների ու տուժողների վրա։ Նաեւ, մեղադրյալներից նախկինում դատապարտված եղել է միայն Նարեկ Պետրոսյանը, մյուսների մասով, նման տեղեկություններ չկա, դատավորը հարցրեց՝ արդյո՞ք դա մեղմացուցիչ հանգամանք չի հանդիսանում, խափանման միջոցների փոփոխման համար։
Կարդացեք նաև
Դատախազը առարկեց՝ պնդելով միջնորդությունը, ասելով, որ խափանման միջոցների պահպանումը պետք է, որպեսզի մեղադրյալները պատշաճ ներկայանան դատական նիստերին։ Իսկ թե նրանք կարո՞ղ են ազդել ոստիկանության աշխատող վկաների եւ տուժողների վրա, տեսականորեն չբացառեց, թեեւ գործնականում դրա հավանականության մասին խոսելուց ձեռնպահ մնաց։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ