Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ՝ սպորտը, Հայաստանում  համակարգային կոլափսի մեջ է». Հովհաննես Գալստյան

Օգոստոս 12,2024 16:42

«Ֆեյսբուքյան իմ էջի դեմ, որտեղով հիմնականում տարածում եմ իմ «Վերա»  ֆիլմի մասին տեղեկությունները, աննախադեպ արշավ է սկսվել: Ընդ որում, երբ ասացի, որ ֆիլմի համար դրամահավաք ենք սկսում, օգոստոսի 1-ից սկսվեց գործողությունների շարք, որի հետ երբեւէ չեմ առնչվել»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը: Նա ասաց, որ առաջին դեպքն է, որ ֆեյսբուքի պատժամիջոցների տակ է ընկնում դրամարշավի առաջին իսկ հոլովակի տարածումից հետո:

Ռեժիսորի խոսքով՝ 4 անգամ հանվել են ֆիլմի մասին իր գրառումները, ընդ որում, իր վերջին հոլովակը 115 մարդ կիսել էր, իսկ դիտումների թիվն անցել էր 15 հազարը: «Եթե այդ 15 հազար մարդուց յուրաքանչյուրը որոշեր 4000 դրամ փոխանցեր մեզ, ֆիլմը նկարահանած-վերջացրած կլինեինք, իսկ մեզ փոխանցում կատարածների միջինացված թիվը 36 հազարն էր… Չեմ ուզում ընկնել դավադրապաշտական ինչ-որ բաների հետեւից, չեմ կարծում, որ սա ուղղորդված գործողություն է մեր դեմ: Ի դեպ, 4-րդ արգելափակումից հետո ես դիմեցի ֆեյսբուքին, իրենց հարցրեցի՝ ի՞նչն է պատճառը:

Իրենք 3 պատճառ էին նշել, 3-ն էլ հերքեցինք, որովհետեւ մենք որեւէ կերպ չէինք խախտել ֆեյսբուքի կանոնակարգը: Եթե ֆեյսբուքը վերականգնի մեր գրառումը, կհամարենք, որ հաղթել ենք, հաղթել են նաեւ տեղեկատվությունը կիսած 115 հոգին:  Իսկ ովքեր փորձում են «Վերա» ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը սահմանափակել, մենք ունենալու ենք կրկնակի էֆեկտ, իսկ իրենք ունենալու են կրկնակի դեֆեկտ, որովհետեւ ֆիլմը շատ ավելի արագ է տարածվելու»,-ասաց Հովհաննես Գալստյանը:

Նաեւ հավելեց, որ «Վերա» ֆիլմի դրամահավաքը շուտով կիրականացվի «ռեԱրմենիա» հարթակում:

Ասուլիսում ռեժիսորը Փարիզի օլիմպիադային էլ անդրադարձավ: «Փարիզի օլիմպիական խաղերը, ինչքանով հետեւեցի հայ մարզիկների ելույթներին, ապացուցեցին, որ Հայաստանում ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ՝ սպորտը, համակարգային կոլափսի մեջ է: Անհնար է ունենալ համակարգային կոլափս ու փայլուն հաջողություններ…

Օրինակ, 2016թ Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանն ուներ ոսկե մեդալ, ընդհանուր թիմային հաշվարկով գրավել էր 42-րդ հորիզոնականը: Հայաստանից երեք տեղով առաջ էր Ադրբեջանը, եւ Ադրբեջանից մեկ տեղով առաջ էր Վրաստանը: Վրաստանը թիմային հաշվարկով 38-րդ տեղում էր, Ադրբեջանը՝ 39, Հայաստանը՝ 42:

Փաստորեն, ստացվում է, որ  «ծաղկող», «կոռուպցիայից զերծ» Հայաստանում, որտեղ վարչապետի մակարդակով զարկ են տալիս առողջ ապրելակեպին, հեծանիվներ են քշում, այս 8 տարվա ընթացքում գրանցել ենք 24 աստիճանով հետընթաց: Հայաստանը թիմային հաշվարկով Փարիզում հայտնվել է 66-րդ հորիզոնականում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031