Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը չազատվի քրեական պատասխանատվությունից, վնասը վերականգնելու մոտիվացիա չի ունենա»․ մասնագետը՝ մաքսանենգությունը քրեականացնելու ՊԵԿ-ի առաջարկի մասին

Օգոստոս 12,2024 14:28

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի, մաքսանենգությունը սահմանվում է որպես քրեորեն պատժելի արարք՝ 3-6 տարի ազատազրկման ժամկետով։ Մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքում լրացնել նոր՝ 290․1-ին հոդված՝ հետեւյալ շարադրմամբ․ «Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխելը առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով՝ որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

3) շանտաժով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»։ Ըստ նախագծի՝ ապրանքների խոշոր չափ է համարվում 5 միլիոն դրամը գերազանցող արժեքը։

Գործող օրենսգրքով՝ այս արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը եւ հաշվարկված տույժերը: Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմերը, և նախատեսվող կարգավորումների արդյունքում կբարձրանա հարկային ու մաքսային  կարգապահությունը, կկանխարգելվեն հարկային և մաքսային հանցագործությունների կատարման դեպքերը։

Ըստ ՊԵԿ հիմնավորման՝ «խրախուսական նորմերի առկայությունը նպաստում է հարկային հանցագործությունների կատարման խթանմանը, և հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցմամբ քրեական պատասխանատվությունից ազատվելու գիտակցման իրավական հիմքերը խանգարում են և հնարավորություն չեն տալիս կանխել նոր հարկային հանցագործությունների կատարումը։

«Քննչական կոմիտեի կողմից ներկայացվել են վիճակագրական տվյալներ խրախուսական նորմերի կիրառմամբ 2023 թվականի ընթացքում գործերի քննության, ընթացքի և դրանց արդյունքում վերականգնվող գումարների վերաբերյալ։ Մասնավորապես՝ 2023թ․ քննվել է 932 քրեական վարույթ (հարկայինի մասով), ավարտվել է 464 վարույթ, կարճվել է 439 վարույթ՝ 60-ը խրախուսական հիմքով, 379 այլ հիմքերով և վերականգնվել է 27 միլիարդ ՀՀ դրամ։ Նշված կարգավորման նախատեսումը հնարավորություն կտա կանխել և բացահայտել մաքսանենգության այն դեպքերը որոնց մասով գործող ՀՀ քրեական օրենսգրքով առկա չեն կարգավորումներ, սակայն արձանագրվում է նշված հակաիրավական արարքների դեպքերի աճ»,- նշվում է ՊԵԿ հիմնավորման մեջ։

«Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Այս նախագծով ոչ միայն առաջարկվում է քրեականացնել մաքսանենգությունը, որը ժամանակին ապաքրեականացվել է եւ գնահատվել որպես առաջընթաց քայլ, այլ նաեւ առաջարկվում է վերացնել այն նորմը, համաձայն որի՝ եթե մարդը վնասը վերականգնում էր, ազատվում էր քրեական պատասխանատվությունից»։

Փաստորեն, ըստ Բադալյանի, ստացվում է, որ ՊԵԿ-ը ոչ միայն հարկային քաղաքականությանը վերաբերող հարցերի վերաբերյալ է նախագծեր առաջարկում, այլ նաեւ Քրեական օրենսգրքին վերաբերող փոփոխություններ է առաջարկում։ «Սա տարակուսանք է առաջացնում, ես կհասկանայի, եթե ՊԵԿ-ն այլ մարմինների հետ համագործակցեր, եւ այդ կառույցներն առաջարկեին նման փոփոխություններ։ Բայց փաստորեն ՊԵԿ-ը ցանկանում է անողոք լինել եւ վերացնել այն դրույթը, ըստ որի՝ վնասը վերականգնելուց հետո մարդիկ ազատվում են քրեական պատասխանատվությունից»։

Հարցին, թե ի՞նչ արդյունք կապահովի այս փոփոխությունը, Էդուարդ Բադալյանը պատասխանեց, որ նախագծում հիմնավորումները շատ կցկտուր են, այսինքն՝ չկա վիճակագրություն ու հաշվարկ։ «Ընդամենն ասվում է, որ մաքսանենգության դեպքերը շատացել են, եւ ասվում է, որ վնասը վերականգնելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու նորմը չի օգնում կանխարգելմանը կամ դրա վերացումը կնպաստի, որ ավելի լավ կանխարգելվի։ Մինչդեռ, այս նորմը գործել է դեռեւս 2006 թվականից, եւ կարիք կա հասկանալու, թե ինչպիսին է եղել վիճակագրությունը դրանից հետո։ Երբ մենք այս հարցը քննարկում ենք մեր գործընկեր իրավաբանների հետ, նրանք ասում են, որ այդ նորմի վերացումը ընդհակառակը կբերի նրան, որ մարդիկ չեն վերականգնի պատճառած վնասը։ Հատկապես, եթե վնասը մեծ լինի, մարդիկ կգերադասեն ենթարկվել քրեական պատասխանատվության, բայց չվերականգնել, որովհետեւ վնասը վերականգնի, թե չվերականգնի, դրանից մարդիկ չեն ազատվում քրեական պատասխանատվությունից։ Եվ եթե մարդը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, ինքը վնասը վերականգնելու մոտիվացիա չի ունենում։ Այս իմաստով եւս տարակուսանք է առաջանում, որովհետեւ ՊԵԿ խնդիրն այն է, որ վերականգնվի գումարը, եւ պետությանը պատճառված վնասը՝ չվճարված հարկի տեսքով, մուտքագրվի պետբյուջե։ Եթե հիմա շատերը գոնե քրեական պատասխանատվությունից խուսափելու համար գտնում են հնարավորություններ եւ այդ վնասը վերականգնում են, մտավախություն կա, որ ապագայում այլեւս չեն վերականգնի»,- ասաց Էդուարդ Բադալյանը։

Մասնագետը նշում է, որ ըստ ՊԵԿ հաղոդրագրությունների՝ մաքսանենգության դեպքերն աճել են, բայց պետք է հասկանալ դրա պատճառը։ «Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են շատացել մաքսանենգության դեպքերը՝ որովհետեւ մաքսանենգությունը ապաքրեականացվե՞լ է, թե՞ միգուցե համապատասխան մարմիններն են վատ աշխատում, գուցե ներմուծումների ու արտահանումների ծավալնե՞րն են աճել, որոնք ինքնըստինքյան հանգեցրել են մաքսանենգության դեպքերի աճին։ Կամ միգուցե այլ պատճառնե՞ր կան»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031