«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ մի քանի օր առաջ Ստեփանակերտում ադրբեջանցիների նկարահանած եւ համացանց նետած տեսանյութերին, թե ինչպես են նրանք Ստեփանակերտի շենքերի պատուհաններից նետում իրենց տներից տեղահանված մեր հայրենակիցների գույքն ու ինչքը:
«Ես այս կադրերը տեղադրել էի իմ թե՛ ֆեյսբուքյան, թե՛ տիկտոկյան էջում, եւ բազմաթիվ արցախցիներ ճանաչել էին իրենց շենքը: Ես ցավում եմ, որ հիմա այդ դժոխքի միջով կրկին պիտի անցնեք: Եվ չեմ ընդունում այն երեսպաշտությունը, որ ինչ-որ մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս չտեղադրել այդ կադրերը: Ինչո՞ւ: Էլի ուզում եք շարունակել ջայլամի նման ապրե՞լ, թե՞ ուզում եք, որ վաղն ադրբեջանցին ձե՛ր տան պատուհանից ձեր իրերը նետի: Այդ ժամանակ էլի նո՞ւյնն եք ասելու:
Ես ուզեցի այս կադրերը մենք տեսնենք նրա համար, որ ընդամենը երեք օր առաջ Ալիեւը հայտարարում էր, թե որեւէ խնդիր չկա, արցախցիները կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր: Այն բնակավայրերը, որ այսպես պղծվում են ադրբեջանցիների կողմից: Բայց վերադառնալ պայմանով, որ ադրբեջանցիներն էլ վերադառնան, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջան»: Իսկ «արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ իրենք նկատի ունեն մեր Սյունիքը, Գեղարքունիքի մի հատվածը: Նաեւ Մասիսի մասին էին խոսում, Տիգրանաշենի, որ առաջիկայում հանձնվելու է Ադրբեջանին:
Վերջերս արցախցիներից մեկն իր դրամապանակի միջից հանել էր Ստեփանակերտի իր տան բանալին եւ ասել, որ պահել է, որ մի օր վերադառնա իր տուն: Իսկ երեկ, երբ ես տեղադրել էի այդ կադրերը, այդ կինը գրեց. «Ես ճանաչեցի իմ բնակարանը, եւ ադրբեջանցիները իմ իրերն էին նետում պատուհանից»:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ է ասում Ալիեւը, ի՞նչ են ասում նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները: Ասում են՝ խնդիր չկա, մենք Եվրոպական Միության, արեւմուտքի մանդատի տակ քննարրկում ենք արցախահայության վերադարձը Արցախ: Ի դեպ, ներկայացնեմ թիվ: Չնայած նիկոլական պաշտոնական վիճակագրությունն ասում է, թե չորս հազարից մի փոքր ավելի արցախցի է ընդմիշտ լքել Հայաստանը, մեր ունեցած տեղեկատվությամբ, մոտ 20 հազար արցախցի արդեն լքել է Հայաստանը, որովհետեւ հասկանալի է, որ Երեւանը եւ Հայաստանը ապրելու համար ամենաթանկ վայրերն են: Ըստ վիճակագրության՝ աշխարհի 21 թանկ քաղաքներում Երեւանը զարմանալիորեն իր տեղն ունի: Ես սա ասում եմ որպես մարդ, որը շատ հաճախ է լինում Եվրոպայում: Սննդամթերքի թանկությամբ Երեւանը, հավատացեք ինձ, անցել է եւ Մոսկվային եւ Փարիզին ու մոտենում է Լոնդոնին: Թարմ սխտորը թանկացել, դարձել էր 700 դրամ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սխտորը գրկել, եկել էր Ազգային ժողով: Այսօր լավորակ լոլիկը, որը թունավորված չի գենետիկ մոդիֆիկացված նյութերով, մինչեւ 1200 դրամ է, բայց որեւէ մեկը չի բողոքում:
Իմ գիտական թեզը, որը ես դեռ երկար եմ գրելու, վերաբերում է նիկոլիզմին՝ որպես կործանարար աղանդ: Ես հասկացել եմ նիկոլականների բանաձեւը: Երբ իրենց ասում են՝ այս մարդը, քաղաքական ուժը, ընդդիմության այս հատվածը կարող է գալ եւ ազատել այս ավերից, թրքացումից, պետականության կորստից, իրենք մտածում են, որ եթե, օրինակ, Սրբազան շարժումը կամ նախկին շարժումները Նիկոլին հեռացնեին իշխանությունից, այսինքն, Հայաստանը դնեին արժանապատիվ ռելսերի վրա, դա նշանակում է, որ նորից ավելի բարեկեցիկ պետք է ապրեր մի մեծ խավ: Իսկ սրանք ասում են՝ քանի որ ես անգրագետ եմ, պորտաբույծ եմ, աշխատել չեմ սիրում, ու եթե մենք ունենանք արժանապատիվ երկիր, ես էլի վատ եմ ապրելու, ինչպես ապրել եմ 30 տարի: Իսկ եթե այն մարդիկ, որոնք աշխատելով ապրել են նորմալ, էլի պետք է նորմալ ապրեն, ուրեմն թող երկիրը կործանվի: Սա է նիկոլականների բանաձեւը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ