Լրահոս
Օրվա լրահոսը

Ստարտափ հիմնելու առաջին քայլերը՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի աջակցությամբ

Օգոստոս 12,2024 15:13

Ինչպե՞ս հաջողել ստարտափ հիմնելու հարցում, այն դարձնել պահանջված բիզնես և նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ուղիներին տիրապետող Սոֆիկ Կարապետյանը համոզված է, որ տարածքի դիտարժանությունն ամբողջ ծավալով բացահայտված չէ: Ավագ դպրոցի աշակերտուհին ժամանակ առ ժամանակ մտածել է իր նախասիրությունը բիզնես-նախագիծ դարձնելու մասին, բայց անհրաժեշտ փորձի պակասը խանգարել է ավելի համարձակ քայլեր կատարել: Viva-ի գլխավոր գործընկերությամբ իրականացվող «Մեկնարկի՛ր» ծրագիրը սպասված ու անհրաժեշտ հարթակ է դարձել նրա համար: «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և Մեդիամաքսի ընտրությամբ Սոֆիկը համալրել է ծրագրի 12 մասնակիցներից բաղկացած թիմը և սկսել է ուսումնասիրել առաջատար ընկերությունների ստարտափ հիմնելու փորձը, հնարավոր խոչընդոտներն ու առաջ շարժվելու մեխանիզմը:

 

Սոֆիկն ուզում է տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությամբ զբոսաշրջային նոր վայրեր ներկայացնել մեր երկիր այցելող օտարերկրացիներին, նրանց առօրյան դարձնել հետաքրքիր և առավել հարմար: Համոզված է՝ կարելի է բջջային այնպիսի հավելված ստեղծել, որն արդյունավետ կլինի օգտվողի համար և նոր թափ կհաղորդի զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը: Իր համար կարևոր ձեռքբերում է համարում «Մեկնարկի՛ր» ծրագրին մասնակցելու հնարավորությունը և փորձում է առավելագույնը ստանալ հաջողված փորձի ուսումնասիրությունից: Շատ կարևոր է համարում տարիքային իր խմբի համար նման ծրագրի առկայությունը:


«Երբ առաջին անգամ ծանոթացա «Մեկնարկի՛ր» ծրագրի բովանդակությանը, կարդացի, թե ինչ հնարավորություններ է տալիս այն, միանգամից հասկացա, որ ծրագիրը լավագույն լուծումն է իմ գաղափարի համար: Մշտապես մտածում էի, թե ինչու զբոսաշրջիկը չի կարող ուղղակի գալ մեր գյուղ՝ Արենի, և ինքնուրույն, ինչ-որ հավելվածի միջոցով, որոշել իր ուղին: Տեխնոլոգիաներն այնպիսի զարգացում են ապրել, որ կյանքն առանց բջջայինի պատկերացնելն ուղղակի անհնար է: Հավելվածի հիմնական առավելությունն այն է, որ երբ զբոսաշրջիկը գա Վայոց ձոր, չի գնա միայն շատ ծանոթ վայրեր: Օրինակ՝ կարող է տեսնել ոչ միայն Նորավանքը, այլև Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի ճարտարապետը Մոմիկն է: Աշխատում եմ երազանքս իրականություն դարձնել: Կարելի է ասել՝ էսպիսի ծրագրերը բացառիկ են. դժվար է հեշտությամբ գտնել ծրագիր, որտեղ երիտասարդը կարող է ինքնադրսևորվել և ճանաչել ինքն իրեն»,- ասում է Սոֆիկ Կարապետյանը:

Ծրագրի երկրորդ փուլում մենթորների ղեկավարությամբ աշխատարաններին մասնակցությունը ևս կարևոր է Սոֆիկի համար: Փոքրիկ խմբերում ներգրավված մասնակիցներն իրենց մտքերն ու առաջարկությունները քննարկելու և դրանցում հաջողելու հավանականությունը գնահատելու հնարավորություն կունենան:

Կրթական ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մրցույթ: Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031