Այսօր առավոտից Հայաստանում բնակվող եզդիները հավաքվել են ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց՝ ՄԱԿ-ի եւ միջազգային հանրության ուշադրությունը Իրաքում եզդիների շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վրա հրավիրելու համար։
«Ցանկանում ենք նամակ հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Վերջին մի քանի օրերին Իրաքում եզդիների նկատմամբ գեներացվում է ատելության մեծ խոսք: Եզդիական փախստականների ճամբարում խուճապային տրամադրություններ են, մտավախություն ունեն, որ իսլամիստները նորից հարձակում կգործադրեն իրենց վրա: Պատճառն այն է, որ եզդիների ցեղասպանության 10-ամյակի կապակցությամբ եզդիական ջոկատի հրամանատարներից մեկն ասել էր՝ քանի Մուհամեդը կա, ապա մեր ազգի գլխին կոտորածներն անպակաս են լինելու։ Նա նկատի է ունեցել այն, որ մինչ այժմ ահաբեկիչները, երբ կոտորում են եզդիներին, ցեղասպանություն են գործում եզդիների նկատմամբ, անում են Ալլահի և Մուհամեդի անվան ներքո։ Սակայն, դեպքերն այնպես զարգացան, որ շիա և սունի հոգևորականներն իրենց քարոզչության ընթացքում կոչ արեցին, որ պետք է ոչնչացնել եզդի ժողովրդին, եզդի կրոնը, քանի որ եզդիականությունը դեմ է իսլամին։ Այդ ամենը մեծ ալիք ստացավ, սոցիալական ցանցերում տարբեր հեղինակավոր մարդիկ կոչ էին անում ոչնչացնել եզդիներին»,- ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունից Համլետ Սմոյանը։
Նրա խոսքով՝ Իրաքի իշխանությունները ցանկանում են փակել եզդի փախստականների ճամբարը, եւ նույնիսկ հուլիսի վերջին փակելու որոշում կար, բայց մինչեւ այժմ գործողություններ այդ ուղղությամբ չեն արվել: Ըստ նրա՝ Սինջար վերադառնալու ցանկություն ունեցող եզդիներն էլ չեն կարողանում վերադառնալ, որովհետեւ չկան ենթակառուցվածքներ. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ ենք ուզում հանձնել, որպեսզի ստեղծեն մեխանիզմեր, որ ատելութան խոսքը գործողությունների չվերածվի: Միջազգային հանրությունը անտարբեր չմնա ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Չիտեմ՝ ինչ արձագանք կլինի։ Տեսել ենք, որ միջազգային հանրությունը չարձագանքեց նաև Արցախի՝ 9 ամիս շրջափակմանը։ Մեծ հույսեր չկան, բայց պետք է պահանջել, ինչքան էլ մեծ հույսեր չլինեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ