Լրահոս
Օրվա լրահոսը

Իրացվել են արդյոք հողից հանված հավերը. ովքեր են «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի սեփականատերերը. «Հետք» 

Օգոստոս 12,2024 13:31

«Հետք».  «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը թռչնամիս է ներմուծել Հայաստան, որը, ըստ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) եզրակացության, եղել է օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա։

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների (ՊԵԿ) մասնակցությամբ օրերս թռչնամսի այդ խմբաքանակը՝ 13 հազար 500 կգ, ոչնչացվել է՝ թաղել են Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում։

Նույն օրը ՊԵԿ-ը պարզել է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով հողի տակից հանել են թաղված թռչնամիսն ու տեղափոխել իրենց ընկերության տարածք։

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։

Այս տեղեկությունները օգոստոսի 9-ին հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։ Հաղորդագրությունից, սակայն, պարզ չէ՝ արդյոք այդ թռչնամսից որևէ խմբաքանակ հասե՞լ է խանութներ, ի՞նչ նպատակով են «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի աշխատակիցները հողի տակից հանել թաղված թռչնամիսը, որտեղի՞ց է այն ներկրվել և այլն։

ՍԱՏՄ. «Նշված ապրանքախմբից խանութներ չի հասել»

Թռչնամսի նշված խմբաքանակի ծագման երկիրը Բրազիլիան է։ Այն ներկրվել է նախ Վրաստան, ապա՝ Հայաստան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ նշված խմբաքանակը ենթակա չէ օգտագործման, պետք է կա՛մ ոչնչացվի, կա՛մ հետ ուղարկվի։

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը որոշել է ոչնչացնել։ Տեղի և ոչնչացման եղանակի մասին եզրակացությունը ՍԱՏՄ-ն փոխանցել է ՊԵԿ-ին։

ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ նշված ապրանքախմբից խանութներ չեն հասել, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ ՊԵԿ-ի հաղորդագրությունում բացակայում է տեղեկությունը, թե երբ են հողի տակից հանված ապրանքները հայտնաբերվել արդեն պահեստներում։

«Պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե որքա՞ն ապրանք է հայտնաբերվել պահեստում, և արդյո՞ք առկա է խմբաքանակ, որը շուկայահանվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Պիպոյանը։

Ըստ նրա՝ պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե ի՞նչ ընթացակարգով է ոչնչացվել ապրանքն, ու ոչնչացման ի՞նչ եղանակ է սահմանվել և ինչու՞։

Սուրճի արտադրությունից մինչև ինտերնետի մատակարարում . «ԱրմենՀամիկ եղբայրներ ՀՁ»-ի սեփականատերերի բազմապրոֆիլ բիզնեսները

Ըստ ընկերությունների պետական ռեգիստրի՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն գրանցվել է 1995 թվականին։ Սկզբում կոչվել է «Աստղիկ-95», 2000 թվականից՝ անվանափոխվել։ Գրանցված է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում։

Հարկային մարմնում այն գրանցված է որպես մասնագիտացված խանութներում թռչնամսի և թռչնամսի մթերքի մանրածախ առևտուր անող ընկերություն։

Իրականում զբաղվում է ոչ միայն թռչնամսի ներմուծմամբ և առևտրով, այլև՝ ձեթի, ձավարեղենի, խտացրած կաթի, մսի, շոկոլադի, խաղալիքների, հիգիենիկ տակդիրների ներմուծմամբ։

Ընկերությունն առավել հայտնի է «Օրիգինալ» (Օriginal Coffee) և «Քինգ» (King) սուրճերի արտադրությամբ։ Գործարանը գտնվում է Գեղաշենում։

Դեռևս 2012 թվականին «Հետք»-ը գրել է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ն զբաղվում է գոմեշի մսի ներկրմամբ, և անունը կապվել է բանակում հայտնաբերված գոմեշի մսի աղմկահարույց պատմության հետ։

«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի հիմնադիրը՝ Մարտիկ (Արթուր) Անդրասյանը, հայտնի է «Կոֆեի» Արթուր, «Օրիգինալի» Արթուր անուններով։ Գեղաշենից մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Անդրասյանի անձնագրային անունը Մարտիկ է, սակայն նրան ճանաչում են Արթուր անունով։

Սեդա Հերգնյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031