Բարձր աշխատավարձեր, բարձր ծախսեր. Հայաստանի տնտեսական մրցունակության վերլուծություն
Այս շաբաթվա տնտեսական վերլուծությունն առնչվում է Հայաստանի տնտեսության տարբեր ասպեկտներին՝ համեմատություններ անցկացնելով հարևան երկրների և գլոբալ տնտեսական հսկաների հետ: Մեր վերլուծությունը հիմնված է Numbeo-ի տվյալների վրա, որը սպառողական գների և կյանքի որակի այլ ցուցանիշների գլոբալ շտեմարան է:
Նախորդ ուսումնասիրություններում մենք բացահայտել ենք Հայաստանի տնտեսության առջև ծառացած մի շարք էական մարտահրավերներ: 2023 թվականին Երևանը դարձել է ամենաթանկ քաղաքը տարածաշրջանում՝ գերազանցելով նույնիսկ Մոսկվային: Ըստ Numbeo-ի տվյալների 2023 թվականի վերջին, Երևանում նույն կենսամակարդակը պահպանելու համար անհրաժեշտ էր ամսական 3,246.3 դոլար, մինչդեռ Մոսկվայում՝ 2,909.4 դոլար: Սպառողական գները Երևանում 15.1%-ով բարձր էին, քան Մոսկվայում, իսկ վարձակալության գները՝ 4.8%-ով: Այժմ այս ցուցանիշները որոշակի փոփոխություն են գրանցել։ Երևանում անհրաժեշտ է 3,735.0 դոլար, իսկ Մոսկվայում` 3,573.5 դոլար։ Սպառողական գները արդեն 11.1%-ով բարձր են, քան Մոսկվայում, իսկ վարձակալության գները՝ 4.5%-ով։ Դեռևս Երևանը Մոսկվայից թանկ է։
Գծապատկեր 1.
Կարդացեք նաև
2024 թվականի հուլիսի դրությամբ վերջին տվյալների համաձայն, Հայաստանը տարածաշրջանում առաջատար է միջին ամսական աշխատավարձերի առումով (հարկերից հետո)՝ գերազանցելով նույնիսկ Ռուսաստանին 8.1%-ով: Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 637 դոլար՝ Ռուսաստանի 589 դոլարի համեմատ: Այնուամենայնիվ, այս համեմատությունը չպետք է դիտարկել կոնտեքստից դուրս: Հայաստանի բնակչության 47%-ը բնակվում է Երևանի մետրոպոլիայի տարածքում, մինչդեռ Ռուսաստանի բնակչության միայն 18%-ն է ապրում Մոսկվայի մետրոպոլիայի տարածքում: Ավելին, մեր վերջին վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մասնավոր հատվածի աշխատատեղերի 76%-ը կենտրոնացված է Երևանում, ինչը ընդգծում է քաղաքային և գյուղական տարածքների միջև զգալի անհավասարությունը:
Երևանում աշխատատեղերի կենտրոնացումը շարունակում է ուժեղանալ: 2022 թվականին ոչ պետական աշխատատեղերի 76.3%-ը գտնվում էր մայրաքաղաքում՝ նշանակալի աճ գրանցելով նախորդ տարիների համեմատ: Երևանի մասնավոր հատվածը արձանագրել է 19.5% աճ՝ մարզերի համեստ 4.7%-ի համեմատ: Ընթացիկ գնահատականները ենթադրում են, որ այս կենտրոնացումը կարող է բերել նրան, որ Երևանի մասնաբաժինը մասնավոր հատվածի աշխատատեղերի քանակում հասնի 80%-ի:
Գծապատկեր 2.
Կարևոր է նշել, որ թեև հայկական աշխատավարձերը բարձր են թվում տարածաշրջանի երկրների համեմատությամբ, հայկական դրամը 2022 թվականի սկզբից ամենաարժևորված արժույթն է փոխարկելի արժույթների շարքում: Դրամն արժևորվել է 20%-ով այս ժամանակահատվածում՝ փոխարժեքը 2022 թվականի սկզբին 485 դրամ էր մեկ դոլարի դիմաց, այժմ` 386 դրամ: Այս արժևորումը դրական չի անդրադառնում արտահանման վրա և բացասական է ազդում զբոսաշրջության և ՏՏ ոլորտներից ստացվող եկամուտների վրա: Այնուամենայնիվ, այս արժեզրկումը հանգեցրել է նաև դոլարով արտահայտված ներքին աշխատավարձերի աճի՝ նպաստելով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և աշխատավարձերի աճին:
Ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել ծախսերը: Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մեկ անձի միջին ամսական ծախսերը (բացառությամբ վարձակալության) ամենաբարձրն են նշված երկրների շարքում՝ կազմելով 732 դոլար: Աշխատավարձերի համեմատ կյանքի բարձր արժեքը մարտահրավեր է միջին հայ սպառողի համար:
Գծապատկեր 3.
Երորդ գծապատկերում պատկերված աշխատավարձերի և ծախսերի հարաբերակցությունը պատկերացում է տալիս գնողունակության և կենսամակարդակի մասին: Հայաստանում այս հարաբերակցությունը կազմում է 87%, ինչը նշանակում է, որ միջին աշխատավարձերը ծածկում են միջին ծախսերի միայն 87%-ը: Թեև սա ավելի բարձր է, քան Ադրբեջանում և Վրաստանում, այն զիջում է Ղազախստանին, Ռուսաստանին և Թուրքիային, որտեղ միջին աշխատավարձերը գերազանցում են միջին ծախսերը: Օրինակ, Ռուսաստանում աշխատավարձերը ծածկում են ծախսերի 111%-ը՝ թողնելով միջինում 11% այլ ծախսերի կամ խնայողությունների վրա:
Դիտարկենք նաև գծապատկերում ներկայացված այլ պետությունները: Ստորին մակարդակում Սիրիայի հարաբերակցությունը ընդամենը 10.7% է՝ արտացոլելով լուրջ տնտեսական մարտահրավերները: Իրանը և Ադրբեջանը նույնպես դժվարանում են՝ ունենալով 80%-ից ցածր հարաբերակցություններ: Այլ կողմում՝ զարգացած տնտեսություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սինգապուրը, ցույց են տալիս 300%-ից բարձր հարաբերակցություն՝ վկայելով զգալիորեն ավելի բարձր գնողունակության և խնայողությունների պոտենցիալի մասին:
Գծապատկեր 4.
Ուսումնասիրենք նաև հիփոթեքային տոկոսադրույքները։ Հայաստանում առկա է ամենաբարձր հիփոթեքային վարկի տոկոսադրույքներից մեկը՝ 15% (20-ամյա ֆիքսված տոկոսադրույքով հիփոթեքի համար): Այս բարձր դրույքաչափը զգալի խոչընդոտներ է ստեղծում սեփական գույք ունենալու համար առանց հիփոթեքային վարկից եկամտահարկի վերադարձի: Համեմատության համար, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան (1.65%), Գերմանիան (3.51%) և Իսպանիան (3.47%), առաջարկում են շատ ավելի բարենպաստ պայմաններ տուն գնողների համար: Տարածաշրջանի հարևանները, ինչպիսիք են Ադրբեջանը (9.09%) և Վրաստանը (11.7%), առաջարկում են ավելի մատչելի հիփոթեքային տարբերակներ:
Կյանքի արժեքի ուսումնասիրություն։ Numbeo-ի Կյանքի արժեքի ինդեքսը տրամադրում է սպառողական ապրանքների գների համեմատական չափում, ներառյալ մթերքը, ռեստորանները, տրանսպորտը և կոմունալ ծառայությունները, բայց բացառելով վարձակալությունը:
Այս վերլուծության մեջ մենք նորմալացրել ենք ինդեքսը Հայաստանի նկատմամբ (սահմանված 100%) այլ պետությունների համեմատ: Արդյունքները մտահոգիչ են Հայաստանի տնտեսական մրցունակության տեսանկյունից: Առաջին գծապատկերում նշված բոլոր հարևան երկրներն ունեն ավելի ցածր կյանքի արժեք Հայաստանի համեմատ: Բացի այդ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Չինաստանը, Լեհաստանը և նույնիսկ Ճապոնիան, ցույց են տալիս կյանքի արժեքի ավելի բարենպաստ ինդեքսներ:
Մասնավորապես՝
Իրանում կյանքի արժեքը կազմում է Հայաստանի 60.4%-ը Ռուսաստանում՝ 71.6% Ղազախստանում՝ 71.8% Ադրբեջանում՝ 74.2% Վրաստանում՝ 79.8%
Գծապատկեր 5.
Այս տվյալների լույսի ներքո ծագում են մի շարք հարցեր Հայաստանի տնտեսական մրցունակության վերաբերյալ: Առաջին հերթին, որքանո՞վ է հայ աշխատողն իրապես մրցունակ տարածաշրջանի այլ երկրների աշխատուժի համեմատ, հաշվի առնելով բարձր աշխատավարձերը և կյանքի արժեքը: Երկրորդ, ինչպե՞ս է այս իրավիճակն ազդում Հայաստանի՝ որպես ներդրումային հարթակի գրավչության վրա: Արդյոք օտարերկրյա ներդրողները կնախընտրե՞ն ներդնել Հայաստանում՝ հաշվի առնելով աշխատուժի համեմատաբար բարձր արժեքը, թե՞ կգերադասեն ավելի ցածր աշխատավարձեր ունեցող հարևան երկրները:
Հայաստանում կյանքի այս բարձր արժեքը, զուգակցված աշխատավարձի և ծախսերի հարաբերականորեն ցածր հարաբերակցության հետ, զգալի մարտահրավերներ է ներկայացնում տնտեսական աճի և կյանքի որակի բարելավման համար: Այս իրավիճակը հատկապես ազդում է միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա, ովքեր ստիպված են ավելի մեծ մասնաբաժին հատկացնել իրենց եկամուտներից հիմնական կարիքները բավարարելու համար:
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար