Բագրատ սրբազանն օգոստոսի 11-ին այցելեց Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղ: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները հանդիպեցին գյուղացիների հետ, ապա շարժվեցին դեպի Խոր Վիրապ: Փոքր Վեդիում սրբազանը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին, այնուհետեւ զրուցեց համայնքի բնակիչների հետ:
Սրբազանի հաջորդ կանգառը Վարդաշեն գյուղն էր: «Հիմա մարդկանց մտքերի եւ հոգիների մեջ է կռիվը, այս մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսել, մոտ 50 միլիոնի հասնող, որպեսզի մեկ ամսվա ընթացքում սևացնեն ու փորձեն պախարակել թե՛ ինձ անձնապես, թե՛ ամբողջ շարժումը: Մեկ ամսում 50 մլն դոլար են ծախսել տեղեկատվական դաշտում, ոստիկանների փողը չեմ ասում, մնացած բաները չեմ ասում… Դա նշանակում է, որ սրանք միջոցների միջեւ խտրություն չեն դնելու»,-ասաց սրբազանն իշխանությունների մասին:
«Երկիրը գտնվում է նման վիճակում, եւ դու անխնա կերպով փողեր ես վատնում՝ ցույց չտալով, թե որտեղից են այդ գումարները գալիս, բյուջեո՞վ են հաստատված, կառավարությա՞մբ են, թե՞ այլ աղբյուրներից են գալիս: Նրանք այդ բոլորն անում են, որ մեր մտածումները լրիվ աղավաղվեն»,- ընդգծեց «Սրբազան շարժման» առաջնորդը: Նաեւ հավելեց, որ չնայած սեւ քարոզչության վրա ծախսված միլիոններին՝ իշխանությունները չեն հաջողում:
Կարդացեք նաև
«Չկա մի տեղ, որ խաբեություն չլինի, անընդհատ խաբել ու ստել են, կեսօրին մի բան են ասում, երեկոյան՝ մեկ ուրիշ բան, պատկերով ստում են, տեսանյութով ստում են, հագուկապով ստում են, ներկայանում են այն մարդը, որը չեն… Բոլոր առումներով են այդպես, հատկապես մեր երկրին վերաբերող խնդիրների առումով, անվտանգության խնդիրների, որ իրենք են սարքել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ