«Մեկուկես տարի է, ինչ Իրանի գլխավոր հյուպատոսությունը հիմնադրվել է Կապանում, թեեւ դա կարճ ժամանակահատված է գործունեություն ծավալելու համար, բայց հիմք ընդունելով մեր պատմական հազարամյա անցյալը՝ աշխատում ենք տարբեր ոլորտների շուրջ… Սա մեր առաջին համագործակցությունն է գեղեցիկ Գորիս քաղաքում, մշակութային միջոցառում է, առաջին քայլն է, սակայն այն շարունակություն կունենա»,-նշեց Գորիսում հայ-իրականան մշակութային փառատոնին ներկա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:
Նրա ձեւակերպմամբ, իրանական կողմն առեւտրային եւ տնտեսական ոլորտում համագործակցության լուրջ ծրագրեր ունի, արդեն որոշ նախագծեր իրականացվել են: Ի թիվս այլնի, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը վկայակոչեց Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործումը, Ագարակի ճանապարհաշինությունը, փաստեց, որ այս պահի դրությամբ օրական 400-500 բեռնատար է անցնում, ինչը շահավետ է երկու երկրների համար՝ բեռնափոխադրումների առումով:
Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերվում էր բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված Ադրբեջանի նկրտումներին եւ այդ համատեքստում Իրանի այն դիրքորոշմանը, որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ սահմանների չփոփոխվելը կարմիր գիծ են Իրանի համար, Մորթեզա Աբեդին Վարամինը շեշտեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է եւ երբեք չի փոխվում: «Վերջին 2-3 ամիսներին պարոն Փաշինյանը Իրան է այցելել, հանդիպել է Իրանի հոգեւոր առաջնորդին, նորից քննարկվել է այդ թեման, ու նորից Իրանը շեշտել է իր դիրքորոշումը: Այն չի փոխվում, ու միշտ նույն պատասխանն է տրվում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ