Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պարի դեսպանը Ճապոնիայում. Ազատ Ղարիբյան կրտսեր

Օգոստոս 11,2024 15:56

Հայկական պարարվեստի երախտավոր, անվանի պարուսույց եւ բալետի արտիստ Ազատ Ղարաբյանի թոռը՝ կրտսեր Ազատ Ղարիբյանը գնացել է պապիկի ճանապարհով: Նա պարուսույց է, բեմադրիչ է, ներկայումս ապրում եւ ստեղծագործում է Ճապոնիայում:

«Իմ ճակատագիրն արդեն որոշված էր իմ ծնունդից հետո, ծնողներս որոշել էին, որ պետք է պարեմ ու ինձ տվեցին պապիկի անունը՝ Ազատ: Ես ավագ եղբայր էլ ունեմ, բայց չգիտես ինչու, որոշվեց, որ այդ «խաչը» հենց  ես պիտի կրեմ: Ես սկսել եմ 4 տարեկանից՝ «Կռունկ» պարային համույթում եմ առաջին քայլերս արել, այնուհետեւ ընդունվել եմ  պարարվեստի ուսումնարան, ավարտել եմ Ա. Վագանովայի բալետի ակադեմիան, իսկ Երեւանում ուսումնառությանը զուգահեռ աշխատել եմ մեր օպերային թատրոնում: 2001-ից մեկնել եմ Եվրոպա՝ Չեխիայում եմ աշխատել,Սլովենիայում, Իտալիայում, Գերմանիայում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց կրտսեր Ազատ Ղարիբյանը:

Նա տեղեկացրեց, որ 2011թ. տեղափոխվել է Ճապոնիա, որտեղ հիմնադրել է Gharibyan Ballet Academy -ին: Հավելեց, որ ունեն նաեւ «Ղարիբյան-Կռունկ» պարի համույթ, վերջերս էլ ստեղծվել է Fukuoka Junior Ballet-ը: Ազատ Ղարիբյանը տեղեկացրեց, որ տարբեր դպրոցների սաների մասնակցությամբ բեմադրել է «Ժիզելը», որտեղ մենակատարները՝ առաջատար պարողներ,  հրավիրված են եղել Տոկիոյից: Ազատ Ղարիբյանը հայտնեց նաեւ, որ ծրագրել են դեկտեմբերին էլ «Շելկունչիկը» բեմ բարձրացնել՝ կրկին տարբեր դպրոցների սաների մասնակցությամբ:

Մեզ հետ զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Ճապոնիայից Հայաստան ուսանելու եկած պարողներին: Կրտսեր Ղարիբյանն ասաց, որ հուլիսին արդեն Ճապոնիա են վերադարձել Երեւանի պարարվեստի քոլեջում մեկ տարի ուսանած պարողները, իսկ սեպտեմբերի 1-ին եւս մեկ ուսանող կմիանա մեր պարարվեստի քոլեջի սաներին: «Փորձում եմ ամեն տարի նոր սաներ ուղարկել Ճապոնիայից՝ Հայաստանում սովորելու, տարբեր մրցույթներից շնորհալի երեխաներ եմ ընտրում, որոնք հնարավորություն են ստանում իրենց ուսումը շարունակել մեր պարավեստի քոլեջում»,-հավելեց նա:

Տեղեկացրեց, որ մտմտում է «Գայանե» բալետը բեմադրել նորաստեղծ Fukuoka Junior Ballet-ի անդամների հետ, հատկապես որ Ճապոնիայում շատ են սիրում Արամ Խաչատրյանի երաժշտությունը, մասնավորապես «Գայանե» բալետը. « Ճիշտն ասած, մի քիչ դժվար է Վիլեն Շմավոնիչից (Վիլեն Գալստյանից-Գ.Հ.) հետո  այդ քայլին դիմելը, բայց ես կփորձեմ դպրոցի սաների հետ բեմադրել: Իսկ հայկական ժողովրդական պարերից պապիկի բեմադրած պարերն ենք ճապոնացի պարուհիների հետ բեմ բարձրացրել: Ընդհանրապես ակտիվորեն փորձում եմ մեր հայկական մշակույթը, պարարվեստը ներկայացնել Ճապոնիայի հանդիսատեսին»:

Կրտսեր Ազատ Ղարիբյանն ընդգծեց, որ պարտավորեցնող է անվանի պապի՝ Ազատ Ղարիբյանի անուն-ազգանունը կրելը. «Ինչքան էլ հաց ու պանիր ուտեմ, չեմ կարողանա մոտենալ  պապիկիս ստեղծած ժառանգությանը, այն ծավալուն աշխատանքին, որ արել է նա, բայց ուժերիս ներածին չափով փորձում եմ պահպանել ու շարունակել նրա գործը»:

Ավագ Ազատ Ղարիբյանն ու Թերեզա Գրիգորյանը

Հարցրինք՝ արդյո՞ք Հայաստանում ըստ արժանվույնս արժեւորված է Ազատ Ղարիբյանը՝ լինելով նման տրամաչափի արվեստի նվիրյալ: «Այսօր շատերը փորձում են չհիշել պապիկի անունը եւ իրենց եսը բարձրացնել: Օրինակ, Կարեն Գեւորգյանը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում ու փորձում է այնպես ներկայացնել, որ հենց ինքն է հայկական պարը հավաքել, բերել, մեծացրել ու հասցրել այն մակարդակին, ինչ տեսնում ենք բեմերում: Բայց երբ պապիկը հավաքագրում էր այդ նմուշները, շատերը դեռ չկային ասպարեզում: Ոմանք փորձում են քիչ հոլովել Ազատ Ղարիբյանի անունը, բայց կան նաեւ մարդիկ, որոնք շարունակում են պապիկի գործը, օրինակ «Կռունկ» պարային համույթ դեռեւս գործում է Հայաստանում, որտեղ Գագիկ Ավդալյանն ու  նրա կինը՝ Նունեն շատ լավ աշխատում են, կամ Նելլին Կարապետյանը, որը հիմա գտնվում է Կանադայում, վերջերս պապիկի 100-ամյակին նվիրված մեծ միջոցառում էր կազմակերպել, նրա բեմադրություններն էր բեմ բարձրացրել: Նույնն էլ անում է Ավստրալիայում գործող «Ազատ Ղարիբյան» պարի համույթը՝ Հերմինե Կույումջյանի ջանքերով: Նրանք բոլորը շատ բարձր են պահում պապիկի անունը, շարունակում են նրա գործը՝ առանց որեւէ բան աղավաղելու, բայց կան նաեւ դեպքեր, երբ պապիկի պարը բեմ է բարձրանում ուրիշ մարդու անվան տակ: Ուրախ եմ, որ պապիկի բեմադրությունները թե Պարի պետական անսամբլում, թե երգի-պարի անսամբլում դեռ բեմ են բարձրանում, ինչի համար անչափ շնորհակալ եմ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նաեւ չբացառեց, որ ճապոնացի պարուհիներին կարող է բեմ բարձրանալ Հայաստանում ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի երաժշտությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ազատ Ղարիբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031