Լրահոս
Օրվա լրահոսը

Բացօթյա համերգ, «գրկախառնության, չըխկալու» կանգառներ․ Գյումրու սրտում կնշվի երիտասարդների միջազգային տոնը

Օգոստոս 11,2024 00:50

Վաղը Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, կնշվի երիտասարդների միջազգային օրը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» շնորհիվ Հայաստանում այս տոնն առաջին անգամ նշվել է 2015 թվականից, ընդ որում Գյումրիում։ Այն մինչև օրս էլ անդադար նշվում է այս քաղաքում, ավելին՝ ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ վարակելով նաև Հայաստանի այլ քաղաքների։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի որոշմամբ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին օգոստոսի 12-ը հռչակվել է որպես երիտասարդների միջազգային օր։

Տոնի մեկնարկը կտրվի Գյումրիում, հաջորդ օրը այն կնշվի այս տարի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գավառում ու կշարունակվի Վաղարշապատում։

Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի որոշմամբ տոնն ունենում է խորագիր։ Այս տարի նվիրված է թվային աշխարհում երիտասարդության հնարավորություններին, խնդիրներին, կոչվում է․ «Փոքր քայլերից դեպի առաջընթաց․ երիտասարդները ստեղծում են թվային ուղիներ՝ հանուն կայուն զարգացման»։

Գյումրիում մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու գործում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին»  այս տարի բացի Գյումրու համայնքապետարանից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, միացել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը։

Այսօր Գյումրու քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները մանրամասնեցին տոնի խորհուրդը, խոսեցին նախատեսվող  միջոցառումներից ու երիտասարդների խնդիրներից։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց սպասվելիք միջոցառումները։

Նա ասաց․ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» ամեն տարի ապրիլ ամսին անցկացնում է առնցանց հարցումներ Շիրակի մարզի երիտասարդների շրջանակում՝ պարզելու նրանց ցանկություններն ու առհասարակ կարիքները․ ինչպիսի միջոցառումներ են նրանք ուզում տեսնել այդ տարվա երիտասարդության օրվա տոնակատարության շրջանակներում։ Այս տարի  հետաքրքիր պատկեր ունենք, համերգը մշտապես առաջին տեղում է եղել, բայց դրանից զատ, ամեն տարի կոնֆերանսներին, ժամանցային միջոցառումներին փոխարինում են ավելի ինտերակտիվ միջոցառումներ՝ աշխատարանների տեսքով։ Դրանով է պայմանավորված, որ նախաձեռել ենք «Երիտասարդների քաղաք» միջոցառումը»։

Նա տեղեկացրեց, որ միջոցառումները կմեկնարկեն փառատոների համար հանգրվան դարձած Աբովյան ճեմափողոցում, որտեղ կտեղադրվեն «Երիտասարդների կանգառ» խորագրով թեմատիկ կանգառներ։  Կլինի «Թվային գործիքների» կանգառ, որտեղ տեղադրված կլինեն VR ակնոցներ, մասնակիցները հնարավորություն կունենան ճամփորդել տիեզերքով, հայտնվել միջազգային տիզերակայանում, դիտել մոլորակները։

Կա «Միջմշակութային կանգառ»․ ինչպես նշեց բանախոսն, այս տարվա տոնը տարբերվում է նաև նրանով, որ տեղի շուրջ 40 կամավորներին միացել են 20  միջազգային կամավորներ աշխարհի 5 տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Վրաստանից, որոնք  40 օր է՝ ինչ Գյումրիում են։ Նրանք կներկայացնեն իրենց երկրի մշակույթը, կպատրաստեն թխավածքաբլիթներ ու հյուրասիրություն կկազմակերպեն։

Աշխատարաններից մեկը կոչվում է «ՀեԾՕների կանգառ», այստեղ հեծանիվով վարել կսովորեցնեն, առողջ ապրելակերպը կպրոպագանդեն։ Կա նաև «ԱնԾԻսթրես» անունը կրող կանգառ։ Այստեղ մտնելով՝ անցորդները կազատվեն սթրեսից․ ասենք՝ փուչիկներ կպայթեցնեն։ «ՉԽկլաու կանգառում» մասնակիցները օրվա խորհուրդը պարունակող  ատրիբուտներով լուսանկարվելու հնարավորություն կունենան։

Կա նաև «Գրկախառնության կանգառ», որտեղ դրական լիցքեր, ջերմություն, սեր կփոխանցեն միմյանց։

Արթուր Նաջարյանը նշեց, որ կա նաև բացառիկ մի աշխատարան, որը կոչվում է «Ինքնախնամքի կանգառ», այստեղ հրավիրված ոլորտի լավագույն մասնագետներից մեկը մոտ 1-2 ժամ՝ որորշակի դադարներով, կխոսի հոգեկան առողջության ու ինքնախնամքի մեթոդների մասին։

«Թատերական կանգառում» էլ Գյումրու երիտասարդական թատերախումբը կարճ թատերական դրվագներ կներկայացնի՝ մասնակից դարձնելով տոնին ներկա երիտասարդներին։ Միջոցառումները կամփոփվեն բացօթյա համերգով։

Լինելու է նաև կրթական աշխատարան՝ « Էրազմուս պլյուս երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի կանգառը», որը հնարավորություն է տալու անցորդներին հստակ պատերացում կազմելու Եվրամիության կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերի մասին։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն էլ իր խոսքում  նշեց, որ երիտասարդների միջազգային օրը 25 տարեկան է, դեռ երիտասարդ է, և ինչպես երիտասարադներն, այն ևս ուշադրության ու հոգատարության, կարևորվելու կարիք ունի։ Ըստ բանախոսի, այն միջոց է, որպեսզի պետության ուշադրությունը սևեռեն երիտասարդների հիմնահարցերի վրա։

Բանախոսն անդրադաձավ նաև երիտասարդների հիմնախնդիրներին։

«Այսօր ամբողջ աշխարհում բնակվում են 1,9 միլիարդ երիտասարդ, ըստ ՄԱԿ-ի սահմանման՝ 15-24 տարեկան։ Իրենց թիվը վերջին տարիներին գնալով աճել է և շարունակում է աճել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, այսօր մենք ունենք 16-30 տարեկան 540 հազար մարդ, որոնցից 265 հազարն աղջիկներ են, 275 հազարը՝ տղաներ են։ Ի տարբերություն գլոբալ միտումների, որ ասացի՝ երիտասարդների թիվը գնալով շատանում է, այն ժամանակահատվածն է, որ սրանից ավել երիտասարդներ դեռ երկրագնդի վրա չեն ապրել,  երիտասարդները բնակչության ամենամեծ մասնաբաժինն են կազմում,  ցավոք սրտի, Հայաստանում հակառակ միտումն է նկատվում։

Եթե համեմատենք նախորդ 10 տարիների հետ, 10 տարի առաջ մեր երիտասարդները կազմում էին մոտ 750 հազար մարդ, իսկ եթե  նայենք անկախությունից ի վեր՝ մոտ 30 տարի առաջ, մեր երիտասարդների թիվը կազմում էր մոտ 900 հազար։ Սա շատ մտահոգող, անհանգստացնող ցուցանիշ է։ Լուծում գտնելու համար նախևառաջ պիտի ֆիքսենք, որ այո՛, այս երևույթը կա մեր երկրում, հասկանանք ինչու, որոնք են պատճառները և փորձենք զրուցել, լսել մեր երիտասարդներին»,-ասաց Ծովինար Հարությունյանը։

Նա նաև ասաց, որ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ իրականացրել են հարցումներ, այն հարցին, թե ինչ երազանքներ ունեն երիտասարդները, 41 տոկոսը  պատասխանել է՝ երազում է խաղաղություն, 19 տոկոսը երազում է ավելի անվտանգ երկրում ապրելու, 15 տոկոսը՝ ընտանիք կազմելու, մոտ 12 տոկոսն էլ՝ աշխատանք ունենալու մասին։

Բանախոսն անդրադարձավ նաև տոնի խորագրին՝ թվային տեխնոլոգիաներին, բավական ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց։ Ըստ նրա, որքան էլ  թվային աշխարհը նոր  ու լայն հնարավորություններ ստեղծի, գործիքների ոչ ճիշտ կիրառումը կարող է  ճակատագրական լինել։ Աշխարհի 22 երկրներից ստացած տվյալներով՝ 15-25 տարեկան բոլոր կանանց և աղջիկների կեսից ավելին կամ 58 տոկոսը ենթարկվել է առցանց ոտնձգության։

Տեխնոլոգիաների միջոցով իրականացված գենդերային բռնությունն աշխարհում հասել է 38 տոկոսի, այսինքն՝ մոտավորապես 5 կնոջից 2-ի նկատմամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ վերջին տարիներին ԿԳՄՍ-ի հետ  բավական մեծ աշխատանքներ են տանում երիտասարդության ոլորտը զարգացնելու համար, դրա վառ օրինակը «Երիտասարդության մասին» օրենքի մշակումն է։ Նա նաև ասաց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարևորում է տարբեր մարզերում ու քաղաքներում երիտասարդական կենտրոնների հիմնումը, այս միջոցով երիտասարդների ձայնն ավելի լսելի է դառնում։

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ ասաց, որ առիթ ունեն վաղը մեկ անգամ ևս շեշտադրելու Գյումրիի՝ երիտասարդ քաղաք լինելու հանգամանքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031