Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տնտեսությունը կախված է ժամանակավոր և արհեստական գործոններից․ Աղասի Թավադյան

Օգոստոս 10,2024 22:27

Տնտեսագետ Աղասի Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը

Գնում ենք դեպի ճգնաժամ․․․
Ուզում եմ կիսվել մի քանի մտահոգիչ տնտեսական միտումների մասին։

2024թ․ առաջին եռամսյակի ՀՆԱ-ի 9.2% աճը առաջին հայացքից տպավորիչ է թվում, սակայն թվերի հետևում թաքնված է այլ պատկեր։
Այս աճի 4%-ը պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ, որը սկսվել է դեռևս 2023թ․ նոյեմբերից և շարունակվել մինչև 2024թ․ մայիս։ Սա արհեստականորեն ուռճացրել է ՀՆԱ-ի և արտահանման ցուցանիշները։ Այս ոսկու տենդը ապահովել է կարճաժամկետ թանկարժեք էֆեկտ, որի մասին գրել եմ իմ կայքում։

Հետաքրքիր է, որ թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը Ռուսաստանից դեպի ԱՄԷ և Մեծ Չինաստան կազմել է 2024 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանի արտահանման 75%-ը, մինչդեռ մյուս հիմնական արտահանման ոլորտները, ներառյալ էլեկտրաէներգիան, անկում են գրանցել։

Այս ոսկու վերաարտահանումից ստացված հավելյալ արժեքի 4%-ը, որը վիճելի ճանապարհով վճարվել է պետական բյուջե, ապահովել է 2023թ․ 8.7% տնտեսական աճի մոտ 2%-ը, իսկ 2024թ․ առաջին եռամսյակում՝ 9.2% աճի 4%-ը։

Մտահոգիչ է, որ ոսկու վերաարտահանման «արտադրությունը» 4% նպաստում է ունեցել, առևտուրը՝ 3%, ֆինանսական ծառայությունները՝ 1.1%, մինչդեռ տնտեսության մնացած հատվածները -0.1% անկում են գրանցել։

Հարկ է նշել, որ 2022 թվականին ՀՆԱ-ի աճի հիմնական շարժիչ ուժը եղել է ուռճացված ֆինանսական հատվածը։ Այդ տարի Ռուսաստանից կապիտալի ներհոսքն աճեց 4.5 անգամ, իսկ բանկային համակարգի զուտ շահույթը՝ 3 անգամ։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է․ ունենք կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում։

Մեկ այլ մտահոգիչ միտում է նկատվում ՏՏ ոլորտում, որը հռչակվել էր որպես ռազմավարական ուղղություն։ 2022 թվականից Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքով այն ապահովում էր ՀՆԱ աճի շոշափելի հատված։ Սակայն այժմ այս հատվածը աճ չի ապահովում, ավելին՝ առկա է ՏՏ մասնագետների արտահոսք։

Այս միտումները ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը կախված է ժամանակավոր և արհեստական գործոններից։ Կարևոր է մշակել երկարաժամկետ և կայուն զարգացման ռազմավարություններ։

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պատրաստ ենք դիմակայել հնարավոր տնտեսական մարտահրավերներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031