Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ գյուղի ձոր տանող ճանապարհին` եկեղեցու մոտ, երեկ երեկոյան՝ ժամը 19.00-ի սահմաններում, տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել էին կրակոցներ, սպանվել էր Մարմաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանը, մի հոգի էլ՝ 39-ամյա Լ․ Թառլոյանը, վիրավորվել էր․ վնասվածք էր ստացել ձախ սրունք-թաթային հոդի շրջանում։
Ինչպես ճշտել էինք տեղի ոստիկանությունից, կա կասկածյալ, ով, սակայն, փախուստի մեջ է։ Նա հարևան Վահրամաբերդ գյուղից է։
Մեզ հայտնի դարձավ, որ կասկածյալը Վահրամաբերդի վարչական ղեկավար Սարո Հովհաննիսյանի եղբայրն է։ Ավելին, վարչական ղեկավարը ևս դեպքի վայրում է եղել, նա արդեն բացատրություն է տվել ոստիկանությանը։
Կարդացեք նաև
Ոստիկանության մեր աղբյուրների հաղորդմամբ, դեպքի վայրում ընթանում է շինարարություն, տեղադրված են տեսախցիկներ, ոստիկանությունն առգրավել է դրանք։
Shamshyan.com-ին էլ հայտնի է դարձել, որ «Օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը (խոսքը սպանված մասին է) իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից»։
Ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը։
Սպանվածը, ըստ Shamshyan.com-ի, միշտ տարբեր պատմությունների մեջ է ներգրաված եղել ու հայտնվել է իրավապահների տիրույթում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ