Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Մանուկյան․ «Երվանդ Քոչարը պետք է լինի կրթության ու մշակույթի առանցքում»

Օգոստոս 10,2024 17:03

Այս տարի հանճարեղ քանդակագործ, նկարիչ, արձանագործ, «Նկարչություն տարածության մեջ» ուղղության հիմնադիր Երվանդ Քոչարի հարյուրամյա հոբելյանն է, և այդ առթիվ իրականացվում են բազմաթիվ կրթական, մշակութային, հանրային նախագծեր։ Դրանցից երկուսի՝ «Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի» և «Երվանդ Քոչարփոխակերպումներ» կրթական, մշակութային նախագծերի շուրջ զրուցում ենք նախագծերի հեղինակ, լրագրող, առաջին հայկական մշակութային Youtube-յան webtv.am հեռուստաալիքի, «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի՝ thearmenians.am հիմնադիր Արայիկ Մանուկյանի հետ։

-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ Երվանդ Քոչար, բացի նրանից, որ տարին հոբելյանական է և ինչո՞ւ հենց կրթական նախագծեր։

-Հոբելյանական տարին ընդամենը խթան է, առավել մոտիվացնող գործոն և լրացուցիչ հնարավորություն։ Երվանդ Քոչարն այն մոնումենտալ անհատն է, որը տեսանելի է ամբողջ աշխարհին, որը շարունակում է մնալ աշխարհում զարգացում ապրող ժամանակակից արվեստի առանցքում։ Քոչարն իր ժամանակին լրջագույն դեր է խաղացել համաշխարհային արվեստում նոր գեղագիտությունների, նոր արվեստային տարածքների նվաճման առումով։ Նրա հայտնի «Մանիֆեստը», նրա «Տարածական նկարչությունը», նրա արվեստն իր խորքայնության մեջ ուղղությունային դեր է ունեցել այսօր աշխարհին հայտնի մեծագույն արվեստագետների համար և Քոչարը չի կարող լինել զուտ թանգարանային երևույթ, չի կարող լինել զուտ անկրկնելի քանդակների հեղինակ։ Քոչարը մոնումենտալ անհատ է, մտածող և նա պետք է լինի առանցքում՝ մեր համաշխարհային ներկայանալիության առանցքում, մեր մշակութային կյանքի առանցքում և, մասնավորապես, մեր կրթական կյանքի առանցքում և դրանք պետք է խորքային ներկայություններ լինեն։

 

Պատահական չէ, որ Քոչարով շարունակում են հետաքրքրվել աշխարհի ժամանակակից արվեստի ուղեղային կենտրոնները՝ «Պոմպիդու կենտրոնը», «Փարիզի Պիկասոյի թանգարանը», Իտալիայի, Մեծ Բրիտանիայի արվեստային հեղինակավոր կենտրոններ։ Պատահական չէ, որ Պիկասոյի թանգարանը ընդառաջ գնաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերին և վերջերս ցուցադրեց Լեոնս Ռոզենբերգի՝ կուբիզմի և աբստրակցիոնիզմի մեծ հովանավորի, արվեստային արժեքների կոլեկցիոների հավաքածուից՝ Երվանդ Քոչարի 1934-ին ստեղծած տարածական նկարչության արվեստի գլուխգործոցներից մեկը։ Պատահական չէ, որ նոր ցուցադրություններ են ծրագրվում, որ «Պոմպիդու կենտրոնը» և «Քոչար մշակութային հիմնադրամը» բանակցում են Երվանդ Քոչարի ստեղծագործությունները ցուցադրելու համար, որ Երևան էր ժամանել հանրահայտ իտալացի արվեստաբան, արվեստի քննադատ պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն, որը նույն հիմնադրամի հետ քննարկում է Քոչարին մեծածավալ անդրադարձ իրականացնելու խնդիրը և այլն։

Իհարկե, սրանք կարևորագույն իրադարձություններ են, կարևորագույն արվեստային ակտեր, մեր ներկայանալիությունն ապահովող իրադարձություններ, բայց ես առավել կարևոր եմ համարում Երվանդ Քոչարի արվեստի, նրա գաղափարների, նրա մտածողության, նրա սկզբունքների ներառումը մեր կրթական համակարգում, և դրա լավագույն հնարավորություններից մեկը տեսնում եմ այլընտրանքային մշակութային կրթության մեջ։

Այդ էր պատճառը, որ ընկերներիս հետ որոշեցինք մասնակցել Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված Հայաստանի կառավարության հոբելյանական հանձնաժողովի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթին և ներկայացնել երկու բացառապես կրթական, մշակութային նախագիծ։ Բարեբախտաբար, մեր նախագծերը հավանության արժանացան և մենք այսօր հնարավորություն ունենք դրանք իրականացնելու որպես այլընտրանքային մշակութային կրթության ակտեր և ժամանակակից արվեստի հանրայնացման իրադարձություններ։

-Իսկ ի՞նչ են ենթադրում այդ նախագծերն իրենց բովանդակային մասով։

Նախ ասեմ, որ առաջին նախագիծը՝ «ՌԵՖԼԵՔՍԻԱՆԵՐ ԸՍՏ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ», իրականացնում ենք «ԱԿՆ» մշակութային ընկերության, «ՀՆԱՐ»  արվեստի աշխատարանի և մենթոր արվեստագետ՝ քանդակագործ, մանկավարժ Նարեկ Հայրապետյանի հետ։ Այս ընկերությունը և այս աշխատարանը բավական մեծ փորձ ունեն այլընտրանքային մշակութային կրթության ոլորտում։ Նրանք արվեստային մի քանի բացառիկ նախաձեռնություններ են իրականացրել նվիրված Եղիշե Չարենցին, Սերգեյ Փարաջանովին և դրանք, իրականում, շատ հաջողված ծրագրեր էին։

Եվ երբ Նարեկ Հայրապետյանի հետ քննարկում էինք Երվանդ Քոչարին նվիրված նախագիծը, ի դեպ, Նարեկ Հայրապետյանը ծրագրի համահեղինակ է, մենք անմիջապես հասկացանք, որ Քոչարին նվիրված նախագիծը պետք է բաղկացած լինի երկու փուլից և մինչ կիրառական փուլին՝ այսինքն նկարչական գործողություններին անցնելը, պետք է փորձենք մասնակիցների հետ հնարավորինս ընդգրկուն ուսումնասիրել Երվանդ Քոչարի կյանքը, ստեղծագործությունը, արվեստայի սկզբունքները, նրա տարածական նկարչություն երևույթը, նրա մոտեցումները կյանքին, արվեստին և պետք է բաց չթողնենք որևէ աննշան թվացող մանրամասն անգամ։ Ասել է, թե՝ պետք ամբողջությամբ մտնենք Քոչար երևույթի աշխարհի մեջ, պետք է ապրենք նրանով, նրա արվեստով։ Նաև՝ պետք է փորձենք ընդհանուր մտահորիզոնի ընդլայնման, հավելյալ գիտելիքների ձեռքբերման ուղղությամբ ևս աշխատել, և Երվանդ Քոչար մոնումենտալ անհատականությանը զուգահեռ՝ ներկայացնել նաև մեր ժամանակի արվեստագետներին, քննադատներին, ստեղծագործողներին։

Եվ որոշվեց, որ առաջին փուլում հանդիպումներ ենք ունենալու տարբեր արվեստագետների հետ, ուսումնասիրելու ենք Քոչարի ստեղծագործությունները, իրականացնելու ենք քոչարյան ընթերցումներ՝ բարձրաձայն կարդալու ենք Քոչարի խոհերը արվեստի մասին, լսելու ենք արվեստի մարդկանց դասախոսություններ, այցելելու ենք Քոչարի քանդակներին, դիտելու ենք Քոչարի մասին նկարահանված վավերագրական ֆիլմեր, հանդիպելու ենք դրանց ստեղծողներին, քննարկելու ենք, խոսելու ենք Քոչարից, արվեստից, Քոչարի ժամանակից և այլն։

Արդեն հանդիպել ենք մեր ժամանակի լավագույն ստեղծագործողներից՝ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ, հանդիպել ենք Երվանդ Քոչարի որդու՝ կինոռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Քոչարի հետ, դիտել ենք նրա «Ավետիս» ֆիլմը, որի հերոսը քանդակագործն է ու քանդակը, հանդիպելու ենք մեր ժամանակի խոշոր անհատականությունների՝ արվեստագետներ Արարատ Սարգսյանի, Սահակ Պողոսյանի հետ, դիտելու ենք Արա Վահունու «Էլեգիա» ֆիլմը, ուսումնասիրելու ենք Քոչարի եզակի ստեղծագործություններից մեկը, որը մասնավոր հավաքածուից է բերվելու և այլն։

Իհարկե՝ երկրորդ փուլում մասնակիցները նկարելու են Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով իրենց ռեֆլեքսիաները, որի արդյունքում ունենալու ենք խմբային մեծ ֆլեշմոբ, իրականացնելու ենք «Օփըն էյր» արվեստանոցներ, Քոչարի քանդակների դետալային ուսումնասիրություններ, քանդակագործական և արձանագործական արվեստների հետազոտություններ և այլն, սրանք նախագծի բաղկացուցիչ մաս են, բայց ես առավել կարևորում եմ նախագծի առաջին փուլի հաջող ընթացքը։ Ես այդտեղ եմ տեսնում բուն բովանդակային մասը։

-Իսկ ովքե՞ր են մասնակիցները։

-Մասնակիցներն աշակերտներ են, հիմնականում 5-12-րդ դասարանների աշակերտներ, որոնք ներկայացնում են Երևանի, Աբովյան քաղաքի մի քանի տասնյակ հիմնական և ավագ դպրոցներ, ունեն որոշակի նկարչական հմտություններ, սիրում են ստեղծարար միջավայրերը և կարողանում են այդ միջավայրերում աշխատել։ Շուրջ մեկ ամիս՝ նախագիծը սկսելուց առաջ, փորձեցինք բաց կանչի միջոցով հավաքագրել մասնակիցներին։ Մտավախություն ունեինք, որ ամառային ամիսները կարող են ներգրավվածության խնդիր առաջացնել, բայց սխալվեցինք, որովհետև անկանխատեսելի մեծ էր ցանկացողների թիվը, բայց մենք հնարավորություն ունեինք մինչև 125 երեխաների հետ աշխատելու։

Սա վկայություն էր այն բանի, որ այլընտրանքային մշակութային կրթությունը մեծապես մտնում է մեր կյանք։ Անչափ ուրախացնող է նաև այն, որ մասնակից աշակերտներից շատերի ծնողները, տատիկները ցանկություն են հայտնել մասնակցել նախագծին և մենք սիրով ընդառաջել ենք նրանց։

-Իսկ ի՞նչ է իրականացնում «Երվանդ Քոչար փոխակերպումներ»  նախագիծը։ Նման չե՞ն արդյոք այդ նախագծերը միմյանց և արդյո՞ք չեն կրկնում իրար։

-Նախ նման չեն և չեն կրկնում, և եթե, նույնիսկ, նման լինեին ու կրկնեին, ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունենա, որովհետև որքան մեծ լինի այլընտրանքային մշակութային կրթության մեջ ընդգրկվածների թիվը, այնքան շատ ավելի և շուտ ավելի կկարողանանք ունենալ հասարակության նոր որակ։

«ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» կրթական, մշակութային նախագիծն իրականացնում ենք «ԱՐՏԼԱԲԳՅՈՒՄՐԻ» մշակութային ընկերության և «Գյումրի արթ ուիք» (Gyumri Art Week) ժամանակակից արվեստի փառատոնի հետ։

Այս փառատոնը, որն արդեն երեք տարի Հայաստան է հրավիրում ժամանակակից արվեստի հանրահայտ անունների ողջ աշխարհից, իրականացնում է արտիստային եզակի ռեզիդենցիաներ, արվեստային ակտեր ինստալյացիոն արվեստի, վիդեոարտի, ժամանակակից արվեստի այլ ուղղությունների մեջ, այս տարի փառատոնը նվիրել էր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և փառատոնն անցնում էր «Քաղաք և անդին» շատ հետաքրքիր խորագրի ներքո։

Երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվեցին դրամաշնորհային մրցույթները, փառատոնի հիմնադիրներից՝ նկարիչ, ժամանակակից արվեստի ներկայիս լավագույն անհատներից Սարգիս Հովհաննիսյանի հետ, քննարկեցինք փառատոնի շրջանակներում այլընտրանքային կրթական բաղադրիչին առավել ծավալայնություն հաղորդելու խնդիրը, և ծնվեց «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ․ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» կրթական նախագիծը։

Այս ծրագրի շրջանակներում Փառատոնի արտիստային ռեզիդենցիաներում  ներգրավված արվեստագետների մասնակցությամբ, իսկ նրանք 70-ից ավելի արվեստագետներ են աշխարհի տարբեր երկրներից, իրականացվելու են Երվանդ Քոչարի տարածական նկարչության սկզբունքների վրա հիմնված փոխակերպումների ոչ-ֆորմալ արվեստային կրթական աշխատարաններ և իրականացվելու են Գյումրիում, Օձունում, Ստեփանավանում, Կոտայքի մարզի Քանաքեռավանում, Սպիտակում։ Սրանք վայրեր են, որոնք ընտրված են շատ թիրախային կերպով և որոնք ամբողջությամբ համապատասխանում են Քաղաք և անդին հայեցակարգի փիլիսոփայությանը։

Այստեղ բախվելու են տարբեր մտածողություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր հայեցակարգեր, իսկ ծրագրի մասնակիցներն այդ տարածքների հիմնական և ավագ դպրոցների, մշակութային կենտրոնների սաներն են, որոնց ոգևորելու է Երվանդ Քոչարի արվեստն իր համարձակ ձևերով, գույներով, նորարարական տեխնիկայով, մտածելու տեղիք տվող գաղափարներով և բաց տարածության մեջ, քաղաքից անդին, տարածական միջավայրում, միաժամանակյա աշխատանքային ստեղծագործական պրոցեսում նրանք ստեղծելու են իրենց սեփական մարդ-քաղաք փոխակերպումային ընկալումները:

Այդ աշխատարանների արդյունքում ծնվելու են ժամանակակից ինստալացիոն բնույթի ստեղծագործություններ, որոնց միջոցով Երվանդ Քոչարի արվեստն ու արվեստային սկզբունքներն առավել առարկայորեն, իրենց իմաստային բոլոր շերտերով ունենալու են նոր դրսևորումներ, փոխակերպումային դրսևորումներ, որն արվեստի հիմնային երևույթներից է։

Այս նախագծում ևս նախատեսվում է Երվանդ Քոչարի մշակութային ահռելի ժառանգության ուսումնասիրություն դասախոսությունների, հանդիպումների, քննարկումների միջոցով և աշխատարանների ավարտին «Սասունցի Դավիթ» արձանի մոտ տեղի է ունենալու բոլոր արտիստային ռեզիդենցիաների աշխատարանների մասնակիցների կողմից ստեղծված ինստալացիոն բնույթի ստեղծագործությունների բաց ցուցահանդես, որի ընթացքում համայնքներում ապրող տարբեր տեսակի մտածողություն ունեցող երեխաների ստեղծագործ ինստալյացիաները ցուցադրվելու են եռաչափ ձևի մեջ։

՞նչ եք ակնկալում, որպես արդյունք։

 -Տարբեր ակնկալիքներ կան, այդ թվում և չափելի արդյունքների մասով, որոնք սահմանված են նախագծերում՝ ընդգրկվածություն, արվեստագետների մասնակցություն, լսարաններ, հանրային կապեր և այլն։ Ընդգրկվածությունն արդեն իսկ առավել է, քան ենթադրվում էր, հանրային տեղեկացվածության համար արդեն իսկ սոցիալական խմբերում կան նախագծերի պաշտոնական խմբերը, էջերը, գործընկերները՝ նկարիչների միությունը, կինոգործիչների միությունը, Կինոյի տունը, Gyumri Art Week փառատոնը, Կերպարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը, Ստեփանավանի, Սպիտակի, Օձունի և բոլոր մեր գործընկերները ոգևորված են, աջակցում են, բայց ամենամեծ արդյունքը, որ կարող ենք ակնկալել՝ աշակերտների ընդգրկվածությունն է մշակութային այլընտրանքային կրթության մեջ։

Գիտե՞ք, արվեստային կրթությունն է ձևավորում մարդու մտածողությունը, մարդու մոտեցումը կյանքին, աշխարհին, իր շուրջն ընթացող երևույթներին, մարդուն։ Դրանով է ձևավորվում մարդու աշխարհայացքը։ Կա՞ արվեստային կրթություն մարդու հիմքում, ողնաշարի մեջ, հյուսվածքներում, ուղեղային բջիջներում, կա ժամանակակից, բարեկիրթ մարդ, կա մոտեցում, սկզբունք, ընկալում։ Չկա՞ արվեստային կրթություն, չկա այդ ամենը։ Ամենաժամանակակից մասնագիտությունը կարող ես ընտրել մնացած ողջ կյանքիդ համար, կարող ես ուսումնասիրել արհեստական բանականության խորքերը, բայց, եթե քո աստվածային բանականության խորքերում արվեստային կրթությունը չէ, արհեստական բանականությունը չի կարող քեզ մոտ գալ։

Հանրակրթությունը չի կարող ապահովել մշակութային, արվեստայի խորքային կրթություն կամ էլ դրա համար անհրաժեշտ են համակարգային մեծ փոփոխություններ, որոնք շատ դժվար է իրականացնել մեզ նման արխայիկ հասարակություններում, փսևդո արժեքների պաշտամունքի հասարակություններում, իսկ այլընտրանքային մշակութային կրթությունը գիտակցված ընտրություն է։ Եվ այս առումով փրկություն է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության քաղաքականության մեջ կա այս մոտեցումը՝ խրախուսել այլընտրանքայինը, որը շատ որոշակի հնարավորություններ է տալիս, թեև փոքր, սահմանափակ միջոցներով, բայց լուրջ աշխատանք անելու։

Ինձ համար ամենամեծ արդյունքն այն կլինի, որ մեր նախագծերի մասնակիցը կարողանա ազատ, մտածող, բարեկիրթ, վերլուծող, կարծիք ու տեսակետ ունեցող քաղաքացի լինել։

Հարցազրույցը՝ Մանե ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031