Միջադեպ Բագրատ սրբազանի եւ Սայաթ-Նովա գյուղի բնակչի միջեւ։
-Ի՞նչ խոսեմ, ի՞նչ ես ուզում էս ժողովրդից, թող հանգիստ ապրեն,
-Ես չե՞մ թողնում…
-Հա: Թե՞ վերեւից արդեն կարգադրել են քեզ, Պուտին պապիկը կարգադրել է… ճշմարիտ մարդ ե՞ս, մինչեւ հիմա մի երեխա կնքած կա՞ս ձրի:
Կարդացեք նաև
-Հանգիստ եղեք, հանգիստ եղիր, շարունակեք ձեր խաղը:
Այս երկխոսությունը Արարատի մարզի Սայաթ -Նովա գյուղում տեղի ունեցավ Բագրատ սրբազանի եւ Արտաշ պապի միջեւ: Համագյուղացիները նախատելով հեռացրեցին Արտաշ պապին տաղավարից, որտեղ տեղի էր ունենում սրբազանի եւ տեղացիների հանդիպումը:
Աղ ու հացով, երգ ու պարով Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դիմավորեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներին՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ: Նրան դիմավորեց համայնքի ղեկավարը: Շարժման անդամները ծաղիկներ դրեցին արցախյան պատերազմներում զոհվածների հուշարձանի մոտ:
«Իմ տերն ասում է՝ կգնաս տուն, դուռը կթակես, կբացեն, կմտնես ներս ու կասես՝ խաղաղություն, ողջույն ձեզ: Չե՞ն բացի, կոշիկներիդ փոշին թափ տուր ու հեռացիր: Մենք չենք եկել այստեղ կոշիկների փոշի թափ տալու, եկել ենք ողջույն եւ խաղաղություն փոխանցելու»,- մարդկանց հետ զրույցում ասաց սրբազանը՝ հավելելով, որ մարդկանց հոգին այնքան է լցվել ատելությամբ ու թշնամությամբ, որ կրքերը զսպել չեն կարողանում:
«Հայրիկը հարցնում է՝ ձրի մկրտություն արած կա՞ս. ամբողջ կյանքումս ձրի եմ արել ամեն ինչ, հիմա էլ՝ նույնը, եթե ձրի բառն ընդունելի է ոմանց մտքի եւ գլխի համար»,- ասաց սրբազանը: Նա խոսեց այն մասին, թե ինչո՞ւ պիտի արցախցիները տնավեր լինեին եւ ապաստան գտնեին նաեւ այս գյուղում՝ այլոց ձեռքին նայելով ու զգուշացրեց, որ իր պայքարը նրա համար է, որ այս գյուղացիներին էլ տեղահան չլինեն. «Մարդիկ ասում են՝ վերադառնալու են իրենց տներ. ո՞վ է ընդդիմանում, ոչ մեկ էլ չի ընդդիմանում, պետությանդ ղեկավարները որեւէ ձեւով չեն ընդդիմանում: «Արեւմտյան Ադրբեջան» է ասում՝ 300-400 հազար մարդ, ո՞ւր են գնալու ապրեն, իրենց, այսպես կոչված տները, որից մեկն էլ ձեր գյուղն է, կողքի գյուղն է, Մասիս քաղաքն է»:
«Մեր տունն էլ է իրենցը. արդյոք ես իրավունք ունե՞մ, գնամ իմ տանն ապրեմ, դա է պետք, որ իմանանք»,- սրբազանին արձագանքեց տարեց գյուղացիներից մեկը:
«Երկրիդ ղեկավարությունն ո՞ւր է. այդքան ասում են՝ «Արեւմտյան Ադրբեջան», ինչո՞ւ չեն ասում՝ Բաքվում ապրել են, Սումգայիթում ապրել են, Գանձակ, Շահումյան, Արցախ, 500-600 հազար հոգի տեղահանել են: Էստեղ մեկի քթից արյուն է՞ գնացել, որ գնացել են, այնտեղից ինչպե՞ս են ճանապարհել»,- արձագանքեց սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ