Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաև խոչընդոտների ենք հանդիպում, սակայն չենք ընկճվում». արցախցի նախկին զինվորականը խանութ է բացել. «Ա1+»

Օգոստոս 10,2024 13:50

Անդրանիկ Խաչատրյանն Արցախի պաշտպանության բանակի սպա է, մասնակցել է արցախյան վերջին երկու պատերազմներին։ 2020 թվականի պատերազմի ժամանակ եղբայրն էր վիրավորվել՝ Արցախի փրկարար ծառայությունում էր ծառայում։

Մեկօրյա պատերազմի ժամանակ Անդրանիկի ընտանիքը օրերով ոչ մի լուր չուներ նրանից։

«Երբ վերջապես կարողացել եմ հասնել ընտանիքիս, և այլևս ընտրության հնարավորություն չկար, որոշեցինք սեպտեմբերի 25-ին ճանապարհվենք, սակայն բենզինի պահեստի պայթյունի պատճառով չկարողացանք։ Հարազատների, ընկերների անհայտ ճակատագրեր կային։ Ցավոք, հաստատվել է ամենացավալին, ունեցել եմ անչափ թանկ կորուստներ։ Միայն սեպտեմբերի 27-ին ենք կարողացել ճանապարհվել և հաջորդ օրը երեկոյան հատել կամուրջը»։

Նորաստեղծ ընտանիքը ծննդավայրում է թողել ամեն բան։

«Նոր էինք այգի հիմնել։ Դավիթի հասակակիցն էր, նպատակային էր այն հիմնվել, ու այգու ծառերը պիտի հասակ առնեին մեր որդու հետ։ Այդ ամենի հետ մեր ամենաթանկ հուշերն ենք թողել Նորագյուղում՝ մանկություն, պատանեկություն։ Մենք մեզ միայն Նորագյուղում էինք պատկերացնում և ոչ մի կերպ նրանից դուրս»։

Հասնելով Հայաստան՝ երկու օր ընտանիքը մնացել է Սիսիանում, ապա տեղափովել Երևան, որտեղ և բնակվում են այժմ։ «Բավականին դժվար է, եթե ոչ անհնար հարմարվելը։ Սակայն այլ հնար չկա, փորձում ենք կրկին աշխատել, ստեղծել։ Եկած օրվանից մի քանի աշխատատեղ եմ փոխել։ Զինվորականի համար բավականին դժվար է այլ աշխատանքի հարմարվելը։ 4 ամիս առաջ Երևանի հարավարևմտյան թաղամասում փոքրիկ տարածք ենք վարձակալել։ Մտածում էինք միրգ, բանաջարեղեն կվաճառենք, սակայն այն չարդարացրեց։ Անցում ենք կատարել խառը մթերքների վաճառքի, որպեսզի կարողանանք դիմակայել խիստ մրցակցությանը։ Խանութում նաև մեր արտադրանքն ենք վաճառում՝ չորամրգեր, թթուներ, մուրաբաներ»։

Ինչպես արցախցիների մեծամասնությունը՝ Խաչատրյանները նույնպես վարձով են բնակվում։

«Ամբողջ օրը խանութի գործերով եմ զբաղված, իհարկե, ոչ առանց ընտանիքիս անդամների օգնության։ Փորձում ենք ոտքի կանգնել ու առաջ նայել։ Հուսով եմ՝ արդյունքի կհասնենք։ Նաև խոչընդոտների ենք հանդիպում, սակայն չենք ընկճվում, աշխատում ենք դրանք արժանապատվորեն հաղթահարել և առաջ շարժվել։ Հայրենիքից այլ երկիր տեղափոխվելու մտադրություն չունենք։ Դավիթը հայկական միջավայրում պիտի մեծանա»։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031