Լրահոս
Օրվա լրահոսը

Բանալի բառերը ՝ պարգև ու պատասխանատվություն․ հոգեբանը՝ ծնող լինելու մասին

Օգոստոս 10,2024 13:20

Մեզանում ձևավորվել և տարեցտարի ավելի է արմատավորվում կյանքի տարբեր փուլերում, մասնավորապես՝ հղիության ընթացքում և ծնող դառնալուց հետո հոգեբանի խորհրդատվությանն ու օգնությանը դիմելու մշակույթը։ Սա արձանագրելով՝ փորձենք բազմակողմանիորեն դիտարկել, թե հատկապես հղիներն ու մայրացած կանայք ի՛նչ անհանգստությունների ու խնդիրների դրդմամբ են դիմում հոգեբաններին։ Ընդ որում՝ նախապես նշենք, որ խնդիրները հիմնականում միանման են, բայց տարբեր է դրանց հանդեպ անհատի վերաբերմունքը, ընկալումը, վարքագծի միջոցով արձագանքը։

Հոգեբան Ռուդոլֆ Բեգլարյանը, որը խմբային դասընթացներ ու անհատական խորհրդատվություններ է անցկացնում հղիների, ծննդաբերած կանանց և ամուսնական զույգերի հետ, մեզ հետ զրույցում շեշտում է, որ հղի կնոջ վարքագծի հոգեբանական փոփոխությունների զգալի կամ պակաս զգալի լինելը պայմանավորված է թե՛ տվյալ կնոջ խառնվածքով, թե՛ նրա հղիության թեթև կամ բարդ ընթացքով, լավ կամ վատ ինքնազգացողությամբ։ Անկախ վիճակից ու իրավիճակից՝ այդ կանանց միավորում է լսված ու հասկացված լինելու ձգտումը։

«Հղիների խմբերի հետ աշխատելիս նրանց մոտեցումների ու դրսևորումների տարբերություններն ավելի խորն ու հստակ ես զգում։ Հիմա, օրինակ, խմբերից մեկում կա կին, ով առաջին հղիության ժամանակ վիժում է ունեցել և այս հղիությունն անցկացնում է անընդհատ վախով, որ նույնը կարող է կրկնվել։ Նույն խմբում մեկ այլ կին առանց բարդությունների հաղթահարել է նախորդ չորս հղիությունները, այժմ պատրաստվում է հինգերորդ երեխայի լույս աշխարհ գալուն և խմբում իր փորձառությամբ սիրով կիսվում է մյուսների հետ։ Նշածս խմբում ներառված կանանցից մեկն էլ միայնակ մեծացրել է առաջին երեխային և հիմա սպասում է երկրորդի ծնվելուն՝ չընկրկելով կյանքի դժվարությունների առաջ և ասելով, թե չի ակնկալում որևիցե մեկի օգնությունը։ Օրինակները բազմատեսակ են։ Չափազանց կարևոր է, որ խմբերի հետ աշխատանքի ընթացքում ոչ միայն ինքդ խոսես, լսես ու խորհուրդներ տաս, այլև հնարավորություն ընձեռես, որ հղիների միջև հաստատվի անկեղծ ու անմիջական շփում։ Իհարկե, կան նաև այնպիսիք, ովքեր բնավորությամբ փակ ու ինքնամփոփ են, գերադասում են չխոսել կամ դժվարանում են խոսել իրենց խնդիրների մասին, սակայն մյուսներին լսելն ու հետևելը ևս օգտակար է, մեծացնում է փորձն ու տեղեկացվածությունը»,- պատմում է հոգեբանը։

Ծնող դառնալու, ծնող լինելու գիտակցումը միշտ չէ, որ ի սկզբանե առկա է․ երբեմն այդ գիտակցումը թե՛ մոր, թե՛ հոր պարագայում սկիզբ է առնում ու ձևավորվում է երեխայի ծնվելուց հետո։ Քանի դեռ առաջին երեխան չի ծնվել, որքան էլ նախապատրաստվես ու տեսական գիտելիքով «զինվես», միևնույն է՝ չես կարող ամբողջովին պատկերացնել, թե գործնականում ինչ խնդիրների ես բախվելու։ Սա վերաբերում է նաև կնոջ վարքագծին, ապրելակերպին ու սովորություններին հղիությունից առաջ, հղիության ընթացքում և հղիությունից հետո։ «Հղիների մի մասը կարողանում է գիտակցաբար հրաժարվել պտղի համար վտանգ ներկայացնող իր սովորություններից, օրինակ՝ ծխախոտ և ոգելից խմիչք օգտագործելուց, ինչը ևս պատասխանատու մոտեցման դրսևորում է։ Որոշներին էլ անհաղթահարելի է թվում սովորական կենսակերպից հրաժարվելը։ Սակայն սա չի նշանակում, թե այդպիսիք երեխայի ծնվելուց հետո բավականաչափ պատասխանատու ծնող չեն լինելու։ Առհասարակ, երբեք չես կարող հստակ կանխատեսել կնոջ վարքագիծը երեխայի ծնվելուց հետո, երբ սկսվում է վերջինիս խնամքի շրջանը։ Հենց այդ ժամանակ է, որ կարող ես ամենաանսպասելի արդյունքն ու դրսևորումները տեսնել։ Ինչ վերաբերում է բուն հղիության շրջանին, ապա հաճախ նկատում ես, որ խնդիրները հոմեոպատիկ հիմք ունեն, այսինքն՝ հոգեվիճակն ուղղակիորեն ազդում է ֆիզիոլոգիական վիճակի վրա և առաջացնում է ամենատարբեր բարդություններ՝ գլխապտույտներից մինչև զարկերակային ճնշման բարձրացում և այլն։ Կարևոր է արձանագրել, որ հղիության շրջանում կնոջ ընդհանուր հոգեվիճակը մեծապես կախված է հղիության թեթև կամ բարդ ընթացքից, ընդ որում՝ նշանակություն չունի, թե դա որերորդ հղիությունն է, քանի որ այդ ընթացքն ամեն անգամ տարբեր է լինում և նախորդի կրկնությունը չի դառնում։ Հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է, թե կինն ինչպիսի տրամադրվածությամբ է անցկացնում հղիությունը․ եթե նրա տրամադրվածությունն ի սկզբանե թեթև է, հանգիստ ու լավատեսական, հղիության ընթացքն էլ, համապատասխանաբար, այդպիսին է լինում։ Նկատի ունեցեք՝ խոսքն ինքնախաբեության մասին չէ, այլ հենց դրական նախատրամադրվածության»,- պարզաբանում է Ռուդոլֆ Բեգլարյանը։

Հետաքրքրական է, որ թե՛ նախքան ծնող դառնալը, թե՛ հետո զույգերը չեն խուսափում հոգեբանի մոտ անհատական խորհրդատվություն ստանալու նպատակով այցելություններից, մինչդեռ խմբային դասընթացներին հաճախում են գլխավորապես կանայք, իսկ տղամարդիկ սահմանափակվում են նրանց մինչև հանդիպման վայր ուղեկցելով և դրսում սպասելով։ Հոգեբանը համոզված է, որ ժամանակի ընթացքում այս կարծրատիպը ևս կվերանա։ Տղամարդու մեծ ներգրավվածությունն իր հղի կամ արդեն ծննդաբերած կնոջ հոգսերում միայն դրական է անդրադառնում վերջինիս հոգեվիճակի և տվյալ զույգի փոխհարաբերությունների վրա, առավել ևս, երբ առկա է բարդ հղիություն կամ բարդ ծննդաբերություն, որ հաճախ հետծննդաբերական սթրեսի կամ հետծննդաբերական ընկճախտի պատճառ է դառնում։ «Չշփոթենք հետծննդաբերական սթրեսն ու հետծննդաբերական ընկճախտը․ առաջինը կարճ է տևում և հաղթահարվելուց հետո կարող է ոչ մի հետք ու հետևանք չթողնել՝ լիովին մոռացվելով, իսկ երկրորդը երկարատև ու մաշող ընթացք ունի, սպիացած վերքի պես իր հետքն է թողնում կնոջ հիշողության մեջ, և ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ է, որ կինն այդ ժամանակ ուշադրության պակաս չզգա ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Սեփական խնդիրների հետ միայնակ մնալն ու ներփակվելը կարող է ծանր, նույնիսկ անդառնալի հետևանքների հանգեցնել։ Իհարկե, հետծննդաբերական ընկճախտը, եթե տրվել է այդ ախտորոշումը, պետք է վերահսկվի հոգեբույժի, նյարդաբանի ու հոգեբանի կողմից։ Նրանք, ովքեր բավարար լրջությամբ չեն ընկալում այս խնդրի կարևորությունը, պետք է հաշվի առնեն այն, որ մոր հոգեկան ու ֆիզիկական առողջությանն առնչվող ցանկացած երևույթ ուղղակիորեն անդրադառնում է երեխայի վրա, և վերջինս ունենում է այդ նույն խնդիրները»,- նշում է մեր զրուցակիցը։

Հղիության արհեստական ընդհատմանը նախորդած և հաջորդած շրջանում կինը կամ զույգը հիմնականում ի՞նչ հարցերով ու մտավախություններով է դիմում հոգեբանին։ Զրուցակցիս ամփոփմամբ՝ առանցքային հարցերը, որ այդ իրավիճակում հանգիստ չեն տալիս անձին, խարսխվում են այն կասկածի վրա, թե, արդյոք, արդարացվա՞ծ է կամ արդարացվա՞ծ էր նման քայլի դիմելը։ Թերևս, սա մի հարց է, որն անպատասխան է մնալու անձի հետագա ողջ կյանքի ընթացքում, սակայն մեղավորության զգացումը, որը ևս առկա է, կարելի է համարել այս հարցի չբարձրաձայնված պատասխանը։

Անուշ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031