Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես «հին Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը. Ալիևյան ռեժիմի՝ «ուղեղների լվացման» հերթական միջոցառումը

Օգոստոս 10,2024 12:55

Ադրբեջանը շարունակում է պետական խողովակներով տարածել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը․ այս անգամ թիրախում Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցի և այլազգի երիտասարդներն են։ Օգոստոսի 6-ին Բերձորում «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում, որին մասնակցում էին աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդներ, տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ղեկավարության հանդիպումը ճամբարականների հետ։

Սա Հեյդար Ալիև հիմնադրամի և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից կազմակերպված հերթական միջոցառումն էր: Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի  մասին։ Միջոցառմանը ցուցադրվել են «Մոտիկից հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարների սահիկաշար, որտեղ Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանները, բնական լանդշաֆտները ներկայացված են որպես «հին ադրբեջանական»:

Ի թիվս այլ հուշարձանների՝ որպես «հին Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը։

Ադրբեջանական պետական քարոզչությունը չի սահմանափակվում միայն հայկական ժառանգության բռնայուրացմամբ․ այն ընդգրկում է նաև Իրանի Ատրապատական նահանգի մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի կողմից տարածաշրջանի ժառանգության ինքնության կեղծման և սեփականաշնորհման քաղաքականությունը միտված է օրինականացնել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի Հանրապետության և առհասարակ տարածաշրջանի նկատմամբ։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացումը և խեղաթյուրումը, ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում են հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնց հրամցվում են հայատյաց, նենգափոխված պատկերացումներ տարածաշրջանի պատմության և մշակույթի մասին, կազմակերպվում են միջոցառումներ, որտեղ տեղի է ունենում ալիևյան ռեժիմի կողմից ուղղորդված «ուղեղների լվացում»։

Այսպիսով՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և դրանցում երիտասարդներին ընդգրկելը ցույց է տալիս, որ ադրբեջանական պետությունն իր առջև խնդիր է դրել ապահովել հայատյաց քաղաքականության սերնդափոխությունը։

ԳԵՂԱՐԴ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031