Հայց. եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի երեք թեմերի Առաջնորդների աւանդական հանդիպումը տեղի ունեցաւ Կանադայում՝ Մոնրեալում, Երեքշաբթի, 6 Օգոստոսի 2024թ.։
Հանդիպմանը մասնակցեցին ԱՄՆ Արևմտեան թեմի և Մեքսիկայի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը, ԱՄՆ Արևելյան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամեանը, Կանադայի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպս. Յովակիմեանը։
Հանդիպման ժամանակ քննարկուել են հոգեւոր եւ ծխական կեանքին առընչուող բազմաթիւ հարցեր, որոնց շարքին՝ միջթեմական հոգեւոր դաստիարակութեան առաքելութիւնը, երիտասարդական ծրագրերը, հոգեւորականաց եւ թեմական խորհուրդների միջթեմական միացեալ ժողով կազմակերպելու եւ այլ հարցեր։
Թեմակալ Առաջնորդները որոշել են 2025 թուականի ընթացքում կազմակերպել հոգեւորականաց միջթեմական միացեալ ժողով, մասնակցութեամբ Առաջնորդների եւ հոգեւոր սպասաւորների։
Քննարկուել են նաև Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միաւորման (ՀԵՀԵՄ) առաքելութիւնը, ներկայ գործունէութիւնն ու առաջիկայ ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ՀԵՀԵՄ-ը 2025 թուականի Յուլիսին՝ Միաւորման ստեղծման 25-ամեակի կապակցութեամբ, կազմակերպելու է ընդգրկուն ուխտագնացութիւն դէպի Սուրբ Էջմիածին։
Հիւսիսային Ամերիկայի բարձրաստիճան հոգեւորականների այցելութեան առիթով Կանադայի թեմի Առաջնորդարանում կազմակերպուեց ընդունելութիւն, որին ներկայ էին, Առաջնորդների հետ մէկտեղ, թեմական մարմինների, ծխական համայնքների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ։
Հանդիպման երկրորդ նիստին միացան Կանադայի թեմի Առաջնորդական փոխանորդ և Տորոնտոյի Սուրբ Երրորդութիւն Հայց. եկեղեցու հոգեւոր հովիւ Արժ. Տ. Զարեհ Աւ. Քհնյ. Զարգարեանը և Լավալի Սուրբ Խաչ Հայց. եկեղեցու հովիւ Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Միրզախանեանը։
Հոգեւոր Առաջնորդների հանդիպումը եզրափակուեց աղօթքով՝ յանուն մեր հայրենիքի եւ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու խաղաղութեան ու բարգավաճման համար։
Դիւան Առաջնորդարանի