Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական փողոց» փառատոնի 8-րդ թողարկումը Բուխարեստում

Օգոստոս 10,2024 11:20

Օգոստոսի 2-4-ը Բուխարեստի մշակութային կյանքը ողողված էր հայկական մշակույթի բազմերանգ գույներով՝ ստեղծելով արտասովոր մթնոլորտ «Հայկական փողոց» փառատոնի 8-րդ թողարկմամբ, որը երկրորդ տարին անընդմեջ տեղի ունեցավ Բուսաբանական այգում (հայկական եկեղեցու վերանորոգման պատճառով փառատոնը ժամանակավորապես տեղափոխվել է Հայկական փողոցից): Այս տարվա թեմատիկան Հայկական Սփյուռքն էր:

Արևի տապից ազատվելով՝ անտառային կածանները մեզ տարան այգու խորք, որտեղ երեք օր շարունակ դյութիչ «Արարատի հնչյուններ» մեղեդային ֆոն էր ստեղծվում՝ Հայկ Կարոյիի, Սուսաննա Նաջարյանի և Լիլիթ Պետրոսյանի կատարումների շնորհիվ: Հանդիսատեսը հմայված էր հայկական ավանդական երաժշտությամբ և օրորոցայիններով: Անտառային բեմի ձևավորումը ոգեշնչված էր Սերգեյ Փարաջանովի աշխատանքներից՝ ևս մեկ անգամ հիշեցնելով բոլորիս, որ այս տարի լրանում է մեծ ռեժիսորի 100-ամյակը:

Փոքր-ինչ շեղվելով անտառային բեմի տարածքից՝ հայտնվում էիր մի ցուցադրության դիմաց, որը նվիրված էր Հայկական Սփյուռքին և տարբեր համայնքների կյանքին: Ավելի առաջանալով` հայտնվում էիր մեկ այլ հեքիաթի մեջ, այս անգամ երեխաների համար նախատեսված: Երեխաները հմայված էին Սուրեն Մուրադյանի հայկական հեքիաթներով ոգեշնչված տիկնիկային թատրոնի ներկայացումներով, որոնք ներկայացնում էին տիկնիկավարներ Ռադու Ստընչեսկուն, Ֆլորենտինա Բըլանը և Լուկա Հորիա Դրըգիչը:

Փառատոնը հարուստ էր քննարկումներով և մտքերի փոխանակմամբ, որը տեղի էր ունենում փառատոնի գրադարանում: Արարատ հրատարակությունն ու Հայկական մշակութային կենտրոնը սիրով հրավիրում էին բոլորին ունկնդրելու չորս շատ հետաքրքիր պանելային քննարկումներ: Շաբաթ օրը ներկաները վայելեցին քննարկում հայկական և փոփ մշակույթի վերաբերյալ, որի բանախոսներն էին Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը, Օանա Սուչուն և Հրանտ Ջաղինյանը, մոդերատոր՝ Լիջիա-Վերգին Քեշիշյանը: Ավելի ուշ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը և Միհայ-Ստեփան Կազազյանը կիսվեցին Հայկական թաղամասի մասին հետաքրքրաշարժ պատմություններով՝ եզակի տեղեկություններ տալով հայ համայնքի պատմության և մշակույթի վերաբերյալ:

Կիրակնօրյա քննարկումները կինոյի մեծագույն վարպետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի մասին էին, որոնցով ժամանակին հիացել են մի շարք լեգենդար կինոգործիչներ՝ Ֆելլինին, Գոդարը, Տարկովսկին: Քննարկման բանախոսներ Արմինե Ոսկանյանը և Լիջիա-Վերգին Քեշիշյանն անդրադարձան Փարաջանովի գեղարվեստական ​​ժառանգությանը: Քննարկումը շարունակեց «Փոքրիկ Հայաստաններ» գրքի հեղինակ Ռուբեն Կուլակսեզյանը, որը պատմեց աշխարհով մեկ կատարած իր ճանապարհորդությունների՝ հայկական սփյուռքի ուսումնասիրության մասին պատմություններով:

Փառատոնի  շրջանակներում Բուխարեստի Բուսաբանական այգին դարձավ ստեղծագործության և մշակութային փոխանակման կենտրոն՝ սկսած ավանդական կերամիկայի և ասեղնագործության ուսուցումից մինչև տուֆ քարե քանդակագործության դասընթացներ: Հայաստանից ժամանած հյուրերից մեկը՝  Նարինե Փոլադյանը, առաջին կինը, որը ստեղծել է խաչքարային ոճով քարե քանդակներ, կիսվեց իր փորձով և երկրորդ տարին անընդմեջ զարմացրեց մասնակիցներին խաչքարի քանդակի իր սեմինարներով՝ բացահայտելով հայկական այս հնագույն արհեստի գաղտնիքները: «Տերյան» մշակութային կենտրոնը և «Stefans Pressed Flowers»-ը նույնպես վարեցին հետաքրքիր և յուրօրինակ դասեր բոլոր ցանկացողների համար:

Մի շարք կարևոր իրադարձությունների թվում էր սեփական հմտությունները ստուգելու և նորը սովորելու հնարավորությունը: Փառատոնի ծրագիրը հագեցած էր ուշագրավ իրադարձություններով, որոնցից էին հայկական ավանդական պարերի ուսուցումը՝ «Կարին» (Երևան) և «Վարդավառ» (Բուխարեստ) պարային համույթների ղեկավարությամբ: Բուսաբանական այգու գեղատեսիլ ծառուղիներում անցկացված այս դասերը ուրախություն և ոգևորություն պարգևեցին բոլոր այցելուներին։

Այգու հիմնական ծառուղին մարդաշատ էր յուրօրինակ ապրանքներից կազմված տոնավաճառի շնորհիվ: Այստեղ կարելի էր գտնել ինչպես հայկական ազգային, այնպես էլ այլ մշակույթներ ներկայացնող արտիստների և ընկերությունների: Հայկական ապրանքների մեջ առանձնանում էին հայկական մանրանկարչությունը պատկերող ձեռագործ՝ իրերը, այդ թվում՝ կաշվե, հայկական արծաթյա զարդերը, տեքստիլից պատրաստված ազգային նախշերով հագուստ և այլն: Փառատոնի այցելուները հնարավորություն ունեին վայելելու հայկական քաղցրավենիքներ, սուրճ և ոչ միայն:

Դե իհարկե, փառատոնի տրամադրությունն ապահովվում էր հիմնական մեծ բեմից: Փառատոնի ընթացքում ելույթ ունեցան հայ և ռումինացի հայտնի և սիրված խմբեր և արտիստներ՝ Սուբկարպաց խումբը, Օվիդիու Լիպան Ցընդըրիկան, Ստելու Էնակեն և Բալկանո խումբը, Պաուլինան, «Կարին» համույթը, «Ջինջ» խումբը, Պրիմա Դրագոստեն և այլն:

Փառատոնի գագաթնակետը և հանդիսատեսի կողմից ամենասպասված պահը Եվրատեսիլի այս տարվա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խմբի համերգն էր, որով փակվեց ևս մեկ շատ ստացված «Հայկական փողոց» փառատոն: Ինչպես անցյալ թողարկումների դեպքում, այս մեկից հետո ևս փառատոնի բազմաթիվ այցելուներ նշում էին, որ անհամբերությամբ են սպասում հաջորդին։ Ավելորդ չէ նշել, որ փառատոնին այցելում են մի քանի տասնյակ հազար բուխարեստցիներ և ոչ միայն։

Ասել, որ «Հայկական փողոց» փառատոնը տպավորիչ էր, նշանակում է ոչինչ չասել: Այն ևս մեկ անգամ իր շուրջ համախմբեց մարդկանց, որոնք լավ ծանոթ են հայերին և հայկական մշակույթին, ինչպես նաև նրանց, ովքեր առաջին անգամ էին առերեսվում ավանդույթների, արհեստների և ներկայացումների հարուստ այս գոբելենին:

Փառատոնի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ կարող եք ստանալ https://www.facebook.com/StradaArmeneasca էջից։

«Արարատ» ամսագիր

Բուխարեստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031