Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի եկամուտները աճել են, պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում․ «Փաստերի ստուգման հարթակ»

Օգոստոս 10,2024 10:30

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:

Այս անգամ դիտարկել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ու նրա կնոջ՝ Լուսինե Չիլինգարյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ըստ 2022 թվականի հայտարարագրի, միանձնյա սեփականության իրավունքով Մհեր Սահակյանին է պատկանում 2013 թվականին գնված արտադրական նշանակության շինություն՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Իսկ 2023 թվականի հայտարարագրի համաձայն համատեղ սեփականության իրավունքով նրան է պատկանում 2013 թվականին գնված արտադրական նշանակության երկու շինություններ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ 2023 թվականի հունվարին պատգամավորը 60 մլն դրամով (շուրջ 155 հազար դոլար), համատեղ սեփականության իրավունքով, ձեռք է բերել բնակարան՝ Չեխիայի Հանրապետությունում։ Ե՛վ 2022 թվականին և՛ 2023 թվականին պատգամավորը հայտարարագրել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող բնակարան։

Մհեր Սահակյանը, հիշեցնենք, «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր է, որը 2023-ին դատախազի միջնորդությամբ ու իշխանական մեծամասնության քվեարկությամբ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ըստ Քննչական կոմիտեի, պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով իշխանական պատգամավորը վայր էր ընկել։ Նախաքննական մարմինը Սահակյանին մեղադրում էր մարմնական վնասվածք պատճառելով խուլիգանություն կատարելու և ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք պատճառելու համար։ Այս գործով դատական նիստերը մեկ տարուց ավելի է՝ շարունակվում են։

Այսպես, որպես շարժական գույք Մհեր Սահակյանը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված՝ 2013 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Սահակյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 273,447 դրամ, իսկ 2023-ի հայտարարգրում՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 9 մլն 521,695 դրամ և վարձակալության դիմաց ստացված վճարները կամ այլ հատուցումները՝ 280 հազար դրամ, 901 հազար դրամ և 750 հազար դրամ, ընդհանուր՝ 11 մլն 453,495 դրամ։

Պատգամավորի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 5,000 դոլար և 4 մլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 4 մլն դրամ։

Մհեր Սահակյանը հայտարարագրել է նաև հանձնված և վերադարձված փոխառություններ․ 2023 թվականի տարեվերջին առկա փոխառության գումարը կազմել է 8 մլն դրամ։ Ի դեպ, պարտապանը Սեյրան Օհանյանն է։

Պատգամավորը ներկայացրել է նաև բաժնային արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալներ, որոնք և՛ 2022-ին, և՛ 2023-ին եղել են 200,000 չեխական կրոն (CZK), որը համարժեք է 8600 դոլարի:

2022-ին պատգամավորի փոխառության մնացորդի չափը կազմել է 55 մլն դրամ։ 2023-ին վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 9 մլն 672,000 դրամ։

Համաձայն 2022 թվականի հայտարարգրի պատգամավորը Պեդրո Պրոդաքշն կազմակերպության 100% և Pedro Production s.r.o. կազմակերպության 50% բաժնետեր է, իսկ 2023 թվականի հայտարարգրի համաձայն՝ Pedro Production s.r.o. կազմակերպության 50% բաժնետեր է։

Այսպիսով, ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի եկամուտները 2023 թվականին աճել են, պատգամավորը 2023-ին նաև բնակարան է ձեռք բերել բայց ոչ թե ՀՀ-ում, այլ՝ Չեխիայում։

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031