Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ մեղադրել քարոզչության զոհերին

Օգոստոս 10,2024 10:00

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը կոպիտ սխալ թույլ տվեց՝ քարոզչության մեջ սպրդում էր անհարգալից վերաբերմունքը Թրամփի կողմնակիցների հանդեպ: Նրանց, մասնավորապես, անվանում էին «redneck» («կարմիր պարանոց»)՝ նկատի ունենալով, որ նրանք գյուղական միջավայրում ապրող պարզունակ, մեծ գիտելիքներով չծանրաբեռնված մարդիկ են:

Մի բան է, երբ հարձակվում ես ընդդիմախոսիդ վրա, մեկ այլ բան, երբ դու փորձում ես նվաստացնել նրա ընտրազանգվածը: Դա սխալ է ոչ միայն էթիկական տեսակետից, այլեւ քաղաքական տեխնոլոգիաների առումով, որովհետեւ կարող է բացասաբար ազդել նաեւ սեփական կողմնակիցների վրա: Եթե չես հարգում դիմացիններին, ապա գուցեեւ չհարգես յուրայիններին: Ի դեպ, նմանատիպ վրիպակներ այժմ իրենց թույլ են տալիս Թրամփն ու Վենսը: Եվ հակառակը՝ այսօր փոխնախագահի դեմոկրատական թեկնածու Թիմ Ուոլզն իրեն մատուցում է որպես «Մինեսոտայից եկած հասարակ տղա»:

Հայաստանում նույնպես նկատվում է, որ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողները վիրավորական պիտակներ են կպցնում Փաշինյանի կողմնակիցներին: Հոգեբանորեն դա հասկանալի է՝ հատկապես, երբ լսում ես նրանց դատողությունները՝ ուղղված արցախցիներին. «Մնայիք, ձեր երկիրը պահեիք, թողեցիք փախաք, հիմա Նիկոլից եք բողոքում: Նիկոլը ի՞նչ պիտի աներ»:

Այս խոսակցությունները, որոնք ամեն օր լսում ենք փողոցում եւ կարդում ենք ֆեյսբուքում, հրեշավոր են, անմարդկային, զարհուրելի: Մեծ է գայթակղությունը դրանց զայրացած պատասխան տալ՝ անդրադառնալով այդ զանգվածի մտավոր մակարդակին:

Բայց պետք չէ շտապել դատապարտել այդ մարդկանց, որովհետեւ վստահ եմ՝ նրանք ԶՈՀ ԵՆ: Նրանց հակազգային, հակապետական համոզմունքներն օդից չեն վերցրած: Դրանք միտումնավոր կերպով, տասնամյակների ընթացքում ձեւավորվել են սկզբից ընդդիմության, իսկ 2018 թվականից հետո՝ իշխանության կողմից: Այդ տասնամյակների քարոզչական աշխատանքը համակարգային էր ու պրոֆեսիոնալ. բացառված չէ՝ ղեկավարվում էր արտասահմանցի մասնագետների կողմից:

Բայց կրկնեմ՝ քարոզչության զոհերին վիրավորելը կոպիտ սխալ է բոլոր տեսանկյուններից: Մարդկանց պետք է կրթել, դաստիարակել, ոչ թե փնովել:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ճիշտ է, որ նրանք քարոզչության զոհեր են, բայց մինչև նրանց երկարատև կրթելն ու դաստիարակելը այդ զոհերն իրենց ազգակիցների նկատմամբ մեծ ծավալի դահիճային ֆունկցիաներ են կատարելու (միգուցե, ազգի համար բախտորոշ)

  2. Հայ says:

    Մարդկանց իրոք պետք է դաստիարակել,որ բարձր երաժշտություն չմիացնեն,չթքեն փողոցում,սովորեն հերթ պաշտպանել,անծանոթի հետ “Դուք” ով խոսել,բայց ես չեմ կարծում,որ մարդկանց պետք է դաստիարակել Արամ Աբրահամյանի քաղաքական ուղեցույցով։
    Ես երբեք իմ գրառումներով ոչ մեկի ընտրազանգվածի չեմ վիրավորել,որովհետև ընկերներ և ազգականներ ունեմ տարբեր քաղաքական հայացքներով։
    Դուք ,պարոն Աբրահամյան, շատ եք վիրավորել Նիկոլի ընտրազանգվածի,նույնիսկ այս հոդվածում ինքներդ Ձեզ հակասում եք,դա զարհուրելի է։
    Դուք ասում եք,որ պետք չէ քննադատել Նիկոլի ընտրազանգվածի,այլ պետք է կրթել և դաստիարակել։
    Եթե Դուք այդ արտահայտության մեջ ոչ մի վիրավորական բան չեք տեսնում,ուրեմն Ձեզ պետք է կրթել և դաստիարակել։

    • Ասֆալտին պառկեցված says:

      Հարգելի «Հայ» օգտատեր, եթե նիկոլի ընտրազանգվածի մի փոքր մասը անծանոթի հետ «Դուք»-ով է խոսում, խնամված մորուք է պահում, փողոցում չի թքում, դա դեռ չի նշանակում, որ նրանք դաստիարակվելու կարիք չունեն: Նրանք փողոցում թքելու փոխարեն՝ սփյուռքահայի երեսին են թքում, զոհվածների ծնողներին են եռաբլուրում քարշ տալիս, լրագրողներին ու արցախցիներին են ծեծում, նիկոլի գերագույն գլխավոր անճարակությունն ու դավաճանությունը թողած՝ արցախցիներին են մեղադրում, որ նրանք առանց Հայաստանի բանակի աջակցության պայմաններում՝ մինչև արյան վերջին կաթիլը չպայքարեցին ու մինչև վերջին մարդը չզոհվեցին Արցախում, այլ կանանցով, ծերերով ու երեխաներով եկան լցվեցին Հայաստան և նեղություն են պատճառում հայաստանցիներիս:
      Խորհուրդ եմ տալիս Ձեզ՝ վերլուծություններից զարհուրվելու փոխարեն, լսել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող Ձեր ընկերների ու ազգականների մտահոգությունները նիկոլի արկածախնդիր ու ոչ գրագետ կառավարման հեռանկարների մասին և եթե Հայրենիք ու ժողովուրդ սիրող մարդ եք, ապա այդ դեպքում, ենթադրում եմ, որ նորից կզարհուրվեք:

  3. Հայ says:

    Դուք ում եք ուզում դաստիարակել?
    Այն նույն որդեկորույս ծնողներին որոնք Նիկոլի առաջ եռաբլուրի ճանապարհը չեն փակում ?
    Էն տղերքին,որոնք ոտք ու ձեռք կորցրել են պատերազմում բայց սրբազանի հավաքին չեն մասնակցում? Նույն այն սփյուռքահայերին,որոնք Հայաստանի և Արցախի համար իրենց հեղինակությամբ պայքարել և պայքարում են,բայց չեն կիսում Ձեր քաղաքական հայացքները?
    Որդեկորույս ծնողներին չի կարելի ոչ մի պարագայում ցավ պատճառել։
    Բայց ես մի փոքր կասկած ունեմ,որ Դուք որդեկորույս ծնող համարում եք միայն ձեր ճամբարում գտնվողներին։
    Ես և Դուք շատ տարբեր մտածելակերպ ունենք,և մեր բանավեճը ոչ մի տեղ չի տանի։
    Ես Ձեզ դաստիարակելու ցանկություն չունեմ,քանի որ Դուք Ձեզ քաղաքավարի եք պահում և կիրթ,նույնը անում եմ ես։
    Մնաք բարով։

  4. Զարհուրելին անցավ անտեսանելի` ‘Հայ’-ի և ‘Ասֆալտին պառկեցված’-ի նկարագրած Հայաստանն այսօր կազմում են մարդու երսին թքողներից, որդեկորույս մայրերին քարշ տվող ուժայիններից, ոտք-ձեռք ու ‘դուխ’ կորցրած երիտասարդներից: Պարզապես պահվում են բաժանված երկու ‘ճամբարում’ (Հայի ընտրած բառը):
    Ուշ է զբաղվել դաստիարակությամբ: Դաստիարակում են նշաձողերը բարձրացնելու համար: Ապագա չկա: ‘Հայը’ հենց դրանից է խոսում, ականջ արեք` ‘…դաստիարակելու ցանկություն (!) չունեմ, կանի որ քաղաքավարի եք պահում…’

  5. Հ.Շ. says:

    Եթէ բոլոր հայերը, փաշինյանիսթ եւ հակափաշինյանիսթ, բաւարար չափով դաստիարակուած լինէին, կրնայինք թերեւս հանդարտօրէն, լրժօրէն եւ ուղղամիտ կերպով քննարկել բնիկ արցախցիների պատասխանատւութիւն բաժինը՝ Արցախի կորուստին առնչութեամբ: Այլազան մակարդակների վրայ: Հայոց Արցախի Ազատագրումէն սկսեալ մինչեւ ամբողջական տեղահանութեան պահը:

    Փաշինյանն ու իր իշխանական անտանելի մանկլաւիկները, չեն վարանում ի գործ դնելու ամենակեղտոտ, ամենաստորին, ամենալկտի ու անապարկեշտ մարտավարութիւնները, մոլորեցնելու համար խոնարհ ժողովուրդը: Եւ այս վարչակարգը, հիւանդագին բնոյթի վրէժի տենչանք մը ունի՝ արցախցիների դէմ:

    Սակայն այդ ամէնը չի նշանակում որ, կարգ մը էական նիւթերու մէջ, խորքային մակարդակի վրայ, Փաշինյանին բոլոր ըսածները՝ անհիմն են:

    Նոյնիսկ, թերեւս պէտք է ողջունելի համարենք որ ինք աւելի լուրջ եւ մարդավարի կերպով չի բացատրում, որոշ բաներ… Որոնց պարագային, հրէշութիւնը կը վերաբերի՝ ոճին, timing-ին, եւ զարհուրելի անզգամութեան մը: Սակայն ոչ միշտ՝ նիւթին խորքային բովանդակութեան:

    Սակայն նաեւ, արցախցիների ճակատագրական սխալներից մէկը եղաւ նաեւ իրենց խանդավառ միացումը՝ Փաշինյանի «յեղափոխութեան»: Նուազագոյնը, չհասկանալով որ՝ Երեւանի մէջ դեռ կարող ես, որոշ չափով, հակառուս դիրքեր բռնել, սակայն դա արդէն հաւաքական ինքնասպանութեան վերջին հանգրուանն է, եւ որ դա անում ես՝ Արցախի մէջ: Ինքնիշխան Արցա՞խ… երբ որ դեռ, համայն Աշխարհին համար, գոյութի՛ւն իսկ չունէր այդ պետութիւնը…

    Մ. Հայդուկ Շամլեան

    Յ.Գ. Արցախի առնչութեամբ, Հայաստանցիների մեծամասնութեան հիմնական խնդիրը այն է որ իրենց համար, «Արցախ», նշանակում է միայն ու բացառապէս՝ «Քոչարյան եւ Սարգսյան» (մինչ վերջինս, ի դէպ, բնիկ արցախցի չէ իսկ… Տեղ գիւղում է, իր պապենական տունը :

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031