Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայական ֆիլմերի փառատոնը մշակութային կամուրջ է Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ. Ջեք Պողոսյան

Օգոստոս 09,2024 23:25

Օգոստոսի 5-8-ը  Հայաստանի կինոգործիչների միության «Լորիկ» սրահում արդեն 12-րդ անգամ արգենտինահայ կինոգործիչ, «Սինեմատեկա Արմենիայի» հիմնադիր Ջեք Պողոսյանի ջանքերով Երեւանում անցկացվեց Ուրուգվայական ֆիլմերի փառատոն:

Փառատոնի շրջանակում ցուցադրված ֆիլմերը ներկայացնում էին Ուրուգվայի ոգին՝ իր պատմության, երաժշտության եւ այնի միջոցով: Ջեք Պողոսյանը համոզված է, որ ուրուգվայական կինոն բացի Հայաստանում  ներկայանալուց՝ նաեւ երկրների միջեւ մշակութային փոխանակումների խթան կարող է հանդիսանալ, այն նաեւ կարեւոր կապ է Հայաստանի և Ուրուգվայի միջեւ: Ընդ որում, Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է, որտեղ  հայկական մեծ համայնք կա:

Ջեքը 15 տարի ուրուգվայական ֆիլմեր է ցուցադրում Հայաստանում, սկզբում  դա եղել է Ուրուգվայական կինոյի օրերի, կամ ինչ-որ ծրագրերի ձեւաչափով, հետո պաշտոնապես դարձել է Ուրուգվայական ֆիլմերի փառատոն: «Ես շատ ուրախ եմ, որ այս տարի նորից կարողացա իրականացնել Ուրուգվայական ֆիլմերի փառատոնը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ջեք Պողոսյանը:

Նա ոգեւորությամբ խոսեց նաեւ Ուրուգվայում հայկական դեսպանության բացվելու  եւ Մարիամ Գեւորգյանի՝ դեսպան նշանակվելու մասին: Մեր զրուցակիցը հավելեց, որ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության, ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի և «Սինեմատեկա Արմենիա»-ի հովանու ներքո է կայացել Ուրուգվայական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Ֆիլմերը ցուցադրվել են իսպաներեն՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է եղել:

«Այս կինոփառատոնն ինձ համար շատ կարեւոր է, ուրուգվայական ֆիլմերը ոչ թե զուտ ինչ-որ պատմություն են պատմում, այլ դրանց միջոցով վերակերտվում է Ուրուգվայի կերպարը եւ ներկայացվում առանձնահատկությունները: Այս տարի 4 լավ ֆիլմ ցուցադրեցինք, խաղարկային ֆիլմեր էին՝  ռոմանտիկ կոմեդիա, դրամա ֆուտբոլի մասին, ընտանեկան դրամա եւ եւս մեկ մրցանակակիր ֆիլմ: Ընդհանրապես  այս փառատոնը յուրատեսակ մշակութային կամուրջ է Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ»,-ասաց Ջեք Պողոսյանը:

Նա նշեց, որ ցանկանում է հաջորդ տարի Հայաստանում հանդես գալ մեկ այլ ծրագրով, որտեղ կներկայացնի ֆիլմեր, գրականություն եւ երաժշտություն, եւ այդ ծրագրում մեծ տեղ կունենա իր սիրելի հեղինակներից Խորխե Լուիս Բորխեսը: Մտադիր է նաեւ կրկին ներկայացնել արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր դեռեւս 2009 թվականին: Հավելեց, որ Արգենտինայում էլ պատրաստում է Միգել Հերնանդեսի  եւ Գարսիա Լորկայի պոեզիային նվիրված գրական-երաժշտական ծրագիրը, որի ժամանակ կլինի կիթառ  եւ կերգի հենց ինքը:

Մեր զրուցակիցը նշեց, որ մեծ աշխատանք է տարվում նաեւ Ուրուգվայում հայկական կինոն հանրահռչակելու առումով: «Ես պաշտում եմ հայկական կինոն, ուզում եմ, որ բոլորը խոսեն հայկական կինոյի մասին Արգենտինայում եւ Ուրուգվայում»,-ասաց նա: Ընդգծեց, որ  արդեն 20 տարի AGBU- Բուենոս Այրեսի գրասենյակում ամեն ամիս կազմակերպվում է հայկական ֆիլմերի ցուցադրություն: Հանդիսատեսը հետաքրքրությամբ է դիտում  ժամանակակից հայկական ֆիլմերը, հատկապես ջերմությամբ է ընդունել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»:

Մեկ այլ փակագիծ էլ բացեց ՝ չի բացառվում,որ առաջիկայում մի քանի կինոգործիչ ընկերներով Եվրոպայում կինոփառատոն հիմնեն:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031