Չնայած երիտասարդ տարիքին՝ Հերմինեն շատ դառնություններ է տեսել։ Նախ 44-օրյա պատերազմում ամուսնուն է կորցրել, ապա՝ բռնի տեղահանվել ծննդավայրից։
Հերմինեի եւ Արթուրի ամուսնությունն ընդամենը 6 տարի է տեւել։
«Ամուսինս՝ Արցախի պաշտպանության բանակի սպա Արթուր Օհանջանյանը ծառայում էր 2014 թվականից։ Չնայած երկկողմանի ծնողազուրկ էր ու պարտադիր զինվորական ծառայություն չէր անցել, սակայն դիմեց, և ընդունեցին ՊԲ շարքերում պայմանագրային հիմունքներով ծառայելու։ 2019-ին ավարտել է Վազգեն Սարգսյան ռազմամարզական ուսումնարանի դասընթացները։ Ծառայում էր Հադրութի զորամասերից մեկում», –«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Հերմինե Օհանջանյանը։
Ամուսնացել են 2014 թվականի հուլիսի 30-ին, երկու որդի ունեն՝ Վաչեն և Վահեն։
Կարդացեք նաև
«Ամուսնուս հայրն արցախյան առաջին ազատամարտում է զոհվել՝ 1994-ին, այն ժամանակ ամուսինս դեռ երկու տարեկան չկար։ 2008-ին՝ 16 տարեկան հասակում մայրիկին է կորցրել։ Միշտ ասում էր՝ ինչ ես չեմ տեսել ու ինչից ես զրկված եմ եղել, պիտի անեմ, տեսնեն, ունենան իմ տղաները։ Փոքր տղաս նույն տարիքում զրկվեց հորից՝ ինչպես ամուսինս»,- արցունքն աչքերին ասում է տիկին Օհանջանյանը։
Գրիգոր Նարեկացի համալսարանի պատմության բաժինն է ավարտել Հերմինեն, սակայն չի հասցրել աշխատել։ Ամուսնացել, երեխաներ է ունեցել ու զբաղվել նրանց դաստիարակությամբ։
«Տղաներիս հետ կապված շատ նպատակներ ունեմ, սակայն խուսափում եմ բարձրաձայնել, վախենում եմ, ինչ երազանքի մասին բարձրաձայնել եմ, ձախողվել է»։
Հերմինեն ասում է՝ հիմա իր ընկերը լռությունն է։ Լռության մեջ է գտնում հոգու անդորրը։ Չափազանց շատ են անպատասխան ու անհասցե մնացած հարցերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: